Նոյեմբերի 22, 2024

12-րդ դասարանցիները հանձնում են պետական ավարտական քննություններ

By Էրիկ Հակոբյան Հունվարի 14, 2022
Հունվարի 8-ից հանրապետության  ուսումնական հաստատություններում մեկնարկել է պետական ավարտական քննությունների հանձնման գործընթացը՝ 12-րդ դասարանցիների համար: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց, որ քննություններն ընթանում են հավուր պատշաճի: 
 
«Առաջին տարին չէ, որ ուսումնական հաստատություններ կազմակերպում են քննությունները: Առանց թերությունների են ընթանում  քննությունները: Նախօրոք բոլոր անհրաժեշտ նյութերը, աշխատակարգերը, քննության ընթացքի  կազմակերպումը, քննասենյակների կահավորման հարցը, առարկայական կարգերը, որոնք ընթերցվում են քննությունների ժամանակ, բոլորը նախապես ուղարկվել են ուսումնական հաստատություններ՝ նախապատրաստվելու համար»: 
 
Պետական ավարտական քննությունները պետք է անցկացվեին 2021թ.-ի դեկտեմբերի 20-ից 26-ը՝  ասում է Յուրի Քարամյանը, բայց, հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, նաև կորոնավիրուսային համավարակը, որոշեցին  քննության նախապատրաստվելու ժամանակահատվածը երկարաձգել: Քննությունների համար նախատեսված թեստերը ստացել են ՀՀ ԳԹԿ-ից: Մինչ ավարտական քննությունների կազմակերպումը՝ ԿԳՄՍ-ում վերանայել են նաև ավարտական և միասնական քննություններ հանձնելու ժամկետներնին առնչվող կարգը: Յուրի Քարամյանն է մանրամասնում: 
 
«Հանձնում են պետական ավարտական առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, հայոց պատմություն, այնուհետև միասնական քննությունների հայտագրման ժամանակ մտափոխվում են և ասում, որ ընդունելության ժամանակ պետք է հանձնեմ հայոց լեզու և գրականություն, բայց պետական ավարտական արդեն հանձնել եմ: Նախկինում մենք չէինք թույլատրում, իսկ հիմա ընդունելության կարգում փոփոխություններ են մտցվել, եթե նման իրավիճակ լինի, ապա մենք թույլատրելու են միասնական քննությանը մասնակցի ու ատեստատում գրվելու է հենց միասնական քննության գնահատականը»:  
 
Քննության գործընթացին այսօր հետևել ենք  Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցում: Դպրոցի փոխտնօրեն Գեղանուշ Գյագյունցն է դիմավորում մեզ: Շրջում ենք  դասասենյակից դասասենյակ: ԳԹԿ-ից նախապես ստացած թեստերով լի ծրարները բացում են մեր ներկայությամբ: Ամեն ինչ իր տեղում է: Քննության հաշված րոպեներ են մնում: Աշակերտները 2 ժամ լուծելու, ստուգելու ու վերստուգելու են իրենց թեստերը: Եթե նախկինում քննություն հանձնող խումբը 30 հոգուց էր կազմված, այս տարի համավարակով  պայմանավորված ամեն խմբում  20 աշակերտ է ընդգրկված:
 
«Ընտրվել են այնպիսի դասասենյակներ, որոնք ըստ կարգի գոնե 90 տոկոսով համապատասխանում են պահանջներին, որովհետև մենք այդ չափի դասասենյակներ չունենք, որ հեռավորությունը այդքան պահպանենք: Անկարգ աշակերտներ չունենք: Կարգին համապատասխան՝ ոստիկանության աշխատակիցն այստեղ է, նախորդ 2 քննությունների ժամանակ այցելել էր ԿԳՄՍ փոխնախարարը, սպասում ենք, որ այսօր էլ կգա»: 
 
Աշակերտների և ուսուցիչների մտահոգությունը այս տարի ավելի է ընդգծված:  Վերջին մեկուկես տարվա ընթացքում ուսման որակի վրա ազդող բացասական գործոնները շատ էին՝ ասում է Գեղանուշ Գյագյունցը և հավելում, որ պատերազմից հետո տևական ժամանակ հոգեբանական օգնություն էր պետք աշակերտներին, որից հետո արդեն անցում ուսման բնականոն գործընթացին: 
 
«Բոլոր աշակերտներից  ում էլ հարցնես, ասում են, որ սկզբնական շրջանում հետաքրքիր էր հեռավար ուսուցումը, նորություն էր բոլորիս համար, բայց երկար ժամանակ այդ ձևաչափով պարապելուց հետո հասկացան, որ հոգնեցուցիչ է: Ավելորդ եմ համարում խոսել նաև հեռախոսի թողած բացասական ազդեցության մասին: Ճառագայթումը վատ է ազդում բոլորի վրա»:
 
 Պետական ավարտական քննություններին հանրապետությունում մասնակցում է ընդհանուր 1046 աշակերտ, որից 190 հոգի՝ հայոց լեզու և գրականություն, 447-ը՝ հայոց պատմություն, իսկ 409-ը՝ մաթեմատիկա առարկաներից: Քննության պատասխանները հասանելի կլինեն ԳԹԿ կայքէջում:  
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ