Մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է 5 ավտոբուսային, 3 միկրոավտոբուսային և 1 հատուկ երթուղիներով, որոնք պայմանագրային հիմունքով սպասարկում են երկու ընկերություններ: «Արցախ» լրատվականին մանրամասներ է ներկայացնում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը:
«Ստեփանակերտի ներքաղաքային ավտոբուսային երթուղիները, համաձայն քաղաքապետի որոշաման, ունեն հաստատված երթուղի և չվացուցակ, որի հիման վրա էլ անցկացվում է մրցույթը՝ սպասարկման հայտ ներկայացրած ընկերությունների միջև։ Մրցույթը հաղթած ընկերությունը ներկայացնում է աշխատանքային գրաֆիկը՝ ներառյալ աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը»:
Կանգառում սպասելիս հաճախ է րոպեն ժամ թվում։ Բայց յուրաքանչյուր երթուղայինի վարորդի մոտ առկա է ժամանակացույց, որով և աշխատում է։ Խնդիրն այն է, որ այդ ժամանակացույցը չունեն ուղևորները։ Եվ կանգառ եկած ողևորը չգիտի իրեն հետաքրքրող երթուղայինը նո՞ր է անցել, թե՞ շուտով կմոտենա։ Երթուղայիններից դժգոհության առիթը հաճախ սա է լինում։
Զրուցակիցս նկատում է, որ երթուղայիների ուշացումները նկատվում են հատկապես երեկոյան ժամերին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը խնդիրը կապում է ուղևորահոսքի անկման հետ։ Հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու ուղղությամբ ծրագրեր են մշակվում, որոնք հնարավորություն կտան բնակչությանը տեղեկանալ երթուղայիների չվացուցակին:
«Յյուրաքանչյուր կահավորված կանգառում պետք է լինի չվացուցակ, որպեսզի ուղևորը իմանա՝ ինչ հաճախականությամբ է շարժվում երթուղայինը: Այժմ մենք պատրաստվում ենք դիմել մասնագիտացված ընկերության և ծառայության մատչելիության դեպքում կանգառներում կտեղադրենք մոնիտոր»:
Երթևեկությունը բարելավելու համար կան այլ ծրագրեր ևս: Էդգար Ավանեսյանը նշում է, որ մշակվում է էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման հնարավորությունը։ Այն կունենա հատուկ սակագներ: Իսկ ծրագիրը իրագործելու համար անհրաժեշտ է մոտ 36 000 000 ՀՀ դրամ:
«Էլեկտրոնային տոմսային համակարգը մատուցվող ծառայությունը կբարձրացնի նոր որակի։ Համակողմանի տեղեկատվության ստացումն ու մշակումը հնարավորություն կտա սոցիալական տարբեր խմբերի համար տարբեր սակագներ սահմանել»։
Մայրաքաղաքում առկա են հասարակական տրանսպորտի 122 կանգառ, որոնցից միայն 32-ում է տեղադրված կանգառասրահ: Դրանց կառուցումն ու կահավորումը պայմանավորված է ֆինանսական ծախսերի հետ։
«Կանգառները հիմնականում կահավորվում են մասնավորի կողմից, բայց լինում են դեպքեր, երբ կանգառները պետք է համանքը կառուցի: Ունենք թաղամասեր, որտեղ կանգառների կարիք կա. հատկապես Արեշ, Աջափնյակ և Հեքիմյան փողոցներում: Ուղևորահոսքին հետևում են տեսախցիկներով և, ըստ ուսումնասիրությւնների, մի քանի երթուղայիներ համալրման կարիք ունեն: Վերջերս նկատվում է համար 13 երթուղայինի գերծանրաբեռնվածությունը, ինչը Թումանյան փողոցում բազմաբնակարան շենքի շահագործման հետևանք է»:
Առաջարկվող ծրագրերը ֆինանսական ծախսեր են ենթադրում, ինչն էլ հիմնականում դրանց չգործարկման պատճառ է դառնում։ Այդ է պատճառը, որ զրուցակիցս չգիտե, թե երբ կարող են իրականություն դառնալ այս և ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրեր։ Իսկ մինչ այդ, քաղաքապետարանը շարունակում է հետևել երթուղայիների անվտանգ ու հնարավորինս որակյալ սպասարկմանը։