Արցախի համար այս ճակատագրական, դժվարին ժամանակահատվածում ինքնակազմակերպման, վերականգնման և հոգևոր ռեսուրսների կառավարման ճանապարհը գիտելիքն է, կրթությունը: Միակ գործիքը, որը կարող է վերածվել գործոնի և բեկում մտցնել ինքնահոսող իրականության մեջ. ԱՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմունքն է:
«Այս ծանր վիճակում մեր հայրենիքը վերականգնելու, տեսանելի դարձնելու և աշխարհի կրթագիտական տարածքում մեր հաստատուն տեղը զբաղեցնելու ճանապարհը կրթությունն ու գիտությունն է»:
Արցախում, նախարարի խոսքով, առկա է բավարար մասնագիտական-մարդկային ռեսուրս՝ կրթությունը բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու և միջազգային կրթագիտական շուկայում մրցունակ արտադրանք ներկայացնելու համար: Մեզ հետ զրույցում նախարարը ոլորտի ձեռքբերումներն է թվարկում:
«Անցյալ տարի, պատերազմից անմիջապես հետո համաշխարհային առարկայական օլիմպիադայում ունեցել ենք արծաթե մեդալ՝ կենսաբանություն առարկայից: Մարտունու թիվ 1 դպրոցի սանը հաղթել է Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և մի շարք առաջատար կրթական համակարգեր ունեցող երկրների երեխաներին: Քիմիա առարկայի մեր թիմը հաղթել է Հայաստանի թիմային օլիմպիադայում, որին մասնակցել են Հայաստանի լավագույն դպրոցների քիմիա առարկայի լավագույն արդյունք գրանցած աշակերտները: Առարկայական օլիմպիադայի արդյունքներով մենք ունենք կրթական լավ ձեռքբերումներ Վաղուհասում, Վանքում, Հաթերքում, Նախիջևանիկում և այլ համայնքներում: Թող որ դրանք լոկալ են առայժմ: Բայց մենք կարող ենք ուժեղ ռեսուրսը կենտրոնացնել»:
Թող որ դեռևս այդ ձեռքբերումները լոկալ բնույթի են, բայց դա լավ նախահիմք է՝ այդ ռեսուրսը կենտրոնացնելու և զարգացնելու համար: Լուսինե Ղարախանյանը կարծում է, որ վերագտնումի ու հաղթանակների շղթան կարող է և պետք է սկսել կրթական բարեփոխումներից՝ համակարգային, ռազմավարական փոփոխություններից:
«Ռեվանշի միտքը և ռևանշից բխող վարքագիծը պետք է լինի կրթական ոլորտի բոլոր ղեկավարների ուղեղում և վարքագծում: Գիտելիքը միակ ակտուալ գործիքն է, որը ենթակա չէ քաղաքական ոչ մի ամբիցիայի ու նկրտման և, որն ի զորու է դառնալ գործոն: Մեր փոքրիկ Արցախի գիտական կենտրոնը, որտեղ 30 աշխատող կա, 5 տարում 15 հոդված է ունեցել միջազգային ինդեքս և սկոպո շտեմարաններում: Սա խոսող ցուցանիշ է»:
Լուսինե Ղարախանյանը կարևորում է հատկապես բնագիտական, ինժեներական կրթության զարգացումը: Վաղուց ժամանակն է շեշտը դնել հենց այդ ուղղությունների զարգացման վրա. 21-րդ դարը տեխնիկական է և ժամանակին համահունչ քայլել կարելի է միայն ինժեներիայի, բնագիտական գիտելիքների բավարար ռեսուրս ունենալով: Եվ պարտադիր չէ, որ նման ծրագրերը կյանքի կոչվեն ֆորմալ կրթության ծրագրերով. Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել կարճաժամկետ, արդյունավետ ծրագրեր՝ ոչ ֆորմալ կրթությամբ: Նման ծրագրերից մեկը «Ես» կրթական հիմնադրամի հետ նախաձեռնած՝ Տեխնոպարկի ստեղծումն է:
««Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի հետ ծրագիր ենք իրականացնում ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, Մարտունու գյուղերում: Ունենք շոշափելի արդյունքներ: Ասեմ նաև, որ Հաղորտի գյուղի երեխաները գրել են մեր ԿԳՄՍ-ի կայքէջը: Նրանք տիրապետում են ՏՏ ոլորտի 12 մասնագիտության, ստանում են պատվերներ արտասահմանյան երկրներից նաև: Ինձ դուր է գալիս այն, որ նրանք արմատ են ձգում հայրենիքում: Այս ոճով մենք պետք է ընդարձակվենք և որոշել ենք ստեղծել Տեխնոպարկ»:
Տեխնոպարկի ստեղծումը միակ ծրագիրը չէ այդ ոլորտում. Անցած տարվա սեպտեմբերից ֆրանկոֆոնիայի կենտրոնում գործում է Այ Թի դպրոց, երեխաները ստանում են ավիաինժեներական գիտելիքներ, իսկ օրերս Ստեփանակերտում կբացվի անօդաչուների առաջին կրթական ուսումնական լաբորատորիան՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայի նախաձեռնող խմբի ջանքերով:
«Իմ հույսը ինժեներական մտածողության վրա է: Ուրիշ տարբերակ չունենք: Չնայած աշխարհը գնում է ու պետք է գնա հումանացման, որպեսզի փրկվենք կործանումից, չմտնենք քաղաքակրթական ճգնաժամի փուլ, այնուամենայնիվ, կոնկրետ Արցախի և Հայաստանի համար 44-օրյա պատերազմից հետո ցպահանջ է ինժեներիան»:
Որքան էլ տարօրինակ, Արցախի կրթության առաջին դեմքի երազանքը ռազմական ինդուստրիայի և ինժեներիայի զարգացումն է. այս մեսիջը նրան ու մեզ բոլորիս թողել է 44-օրյա պատերազմը, որտեղ պարտվեցինք հենց այս ոլորտին պատշաճ ուշադրութուն չդարձնելու պատճառով: