Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է կառավարության ընդլայնված նիստ՝ կառավարության անդամներին ներկայացնելու ինչպես ՀՀ Վարչապետի վերջին երկու կարևոր՝ Բրյուսել և Մոսկվա կատարած այցերի արդյունքները, այնպես էլ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու այն քաղաքական իրավիճակը, որ առկա է Հայաստանում և Արցախում՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում:
«Այդ երկու հանդիպումների ժամանակ հիմնական թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան խնդիրը, ստեղծված իրավիճակը, և ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում տարբեր ձևաչափերով արծարծվել են և՛ անվտանգության, և՛ քաղաքական խնդիրը, կարգավիճակի հեռանկարը»։
Ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները՝ նախագահ Հարությունյանը խոսել է ձեռնարկվող քայլերից: Հղում անելով Հայաստանի վարչապետի ասածներին՝ նա, մասնավորապես ասել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ղարաբաղի հետ կապված ցանկացած խնդիր կամ քննարկում պետք է փաստաթղթի տեսք ստանա, և այնտեղ պետք է Արցախի իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնվի։ Նախագահն ընդգծել է, որ չկա որևէ փաստաթուղթ, նույնիսկ սևագիր, բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որն առնչվի Ղարաբաղյան խնդրին։
«Ցանկացած փաստաթուղթ քննարկելուց առաջ, և նույնիսկ օրինակը կազմելու ընթացքում ՀՀ իշխանությունները պարտադիր մեր կարծիքը հաշվի են առնում և առանց մեզ որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու»։
Նախագահը, կառավարության անդամների հետ քննարկելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը, մասնավորապես ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, նրանց միջոցով են կարգավորվում շփման գծում ծագող խնդիրները։ Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ Արցախի իշխանությունները զուգահեռաբար բարելավում են անվտանգության սեփական մեխանիզմները։ Նախագահը կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության խորացման ուղղությամբ քայլերը՝ միաժամանակ գտնելով, որ պետք է պահպանել ու զարգացնել ձեռք բերված շփումները միջազգային հանրության հետ։ Ընդ որում՝ այդ համագործակցության խորացման մեջ օգտագործելով այդ երկրներում հայկական սփյուռքի ազդեցությունն ու ներուժը։ Արցախը շարունակելու է իր պայքարը անկախության համար։ Այդ պայքարը լինելու է բոլոր ոլորտներում, և նրանցից կարևորագույնը ժողովրդագրությունն է։
«Որովհետև ժողովրդագրությունից է կախված լինելու ապագայի մեր խնդիրը։ Սա այն օրակարգն է, որը մենք ունենք»։
Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում՝ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու: Նախագահը խոսել է նաև ՀՀ հետ միջգերատեսչական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին, տվել հանձնարարականներ ոլորտի պատասխանատուներին։