10 օր առաջ՝ վերջին հանրահավաքում, ընդդիմությունը շրջանառության մեջ դրեց նոր ձևակերպում իրենց նորացված օրակարգի համար։ Քաղաքական դենոնսացիայի, այլ կերպ ասած՝ «Չեղարկման հռչակագիր» են մշակում և փաստաթուղթն առաջարկելու են ողջ քաղաքական դաշտին՝ դրա ներքո ստորագրելու համար։ Ըստ «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի՝ առաջնորդվում են հետևյալ սկզբունքով․
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դատավճիռ չէ»։
Այսպես ասած «Դիմադրության» նոր ծրագրով՝ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր հայտարարում են, որ իշխանափոխությունից հետո չեղարկելու են ցանկացած համաձայնություն, որն արտաքին դաշտում կկայացնի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Դենոնսացիան, իհարկե, վերաբերում է զգայուն խնդրիներին՝ հայ-ադրբեջանական հակամարտություն, արցախյան խնդիր, հայ-թուրքական հարաբերություններ։ Սակայն այս ամենում ուշագրավն այն է, որ, ըստ ընդդիմադիների՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկել չեն կարող, քանի որ, բացի գերիների վերադարձի դրույթից, մնացած բոլոր կետերն արդեն իրականացվել են: Եվ հենց այս փաստի վրա է ուշադրություն հրավիրում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․
«Այն, ինչի մասին հայտարարվում է, պարզապես քաղաքական անմեղսունակության դրսևորում է։ Երբ գնում էինք ընտրության, մարդիկ իրենց այդ հարցը տալիս էին՝ պատրաստվո՞ւմ են չեղարկել նոյեմբերի 9–ի հայտարարությունը։ Ասում էին՝ ոչ, որովհետև դա կայացած փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել և այլն։ Մյուս կողմից, օրինակ, իրենք նոյեմբերի 9–ի հայտարարությունը համարում են դավաճանական։ Դա նշանակում է, որ նրանք, իրենց տրամաբանությամբ, եթե այդպիսի հիպոթեթիկ իրականություն լինի, որտեղ նրանք վերստին իշխանություն լինեն, կշարունակեն իրենց իսկ ձևակերպված դավաճանական հայտարարությունը և իրենք իրենց իսկ կհամարեն դավաճան»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այս առումով գրել է․ «Խոսելով այն մասին, որ բոլոր կետերը իրագործված են՝ գերիների վերադարձից բացի, խորհրդարանական ընդդիմությունն,ըստ էության, «հանձնում» է այդ փաստաթուղթը, միաժամանակ դրանով իսկ ակնառու դարձնելով, որ «Չեղարկման հռչակագիր» ասվածն այլ բան լինել չի կարող, քան պարզապես ներքաղաքական կոնյուկտուրա, որը դարձյալ ոչ թե Հայաստանին կարող է բերել որևէ արդյունք, այլ կարող է օգտակար դառնալ Հայաստանի դեմ որևէ նպատակ ունեցող արտաքին սուբյեկտների: Ըստ այդմ, եթե խորհրդարանական ընդդիմությունը դահլիճ վերադառնալու է այդ օրակարգով, դա առաջ մղելու համար, ապա դա վտանգավոր վերադարձ է»: Վերլուծական դաշտում, սակայն, կա կարծիք, որ պայքարի օրակարգ փոխելու համարընդդիմությունը նախ պետք է հաղթահարի իր ներսում ունեցած տարաձայնությունները։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահՍուրեն Սուրենյանցը համոզված է, որ դրանք շատ են։
«Իրենք շատ լուրջ խնդիր ունեն։ Կարծում եմ՝ աշնանը մենք տեսնելու ենք խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ փոշիացման գործընթաց։ Այն, ինչ սկսվել է «Պատիվ ունեմ»–ում, որը փաստացի արդեն գոյություն չունի, որովհետև կուսակցություններից մեկը հեռացել է, շատ ավելի խորքային դրսևորումներ կարող է ունենալ «Հայաստան» դաշինքում։ Օրինակ, Ղազինյանի հեռանալը դաշինքից ազդանշան է, որ իրենց մոտ էլ ամեն ինչ չէ, որ հարթ է, հստակ է։ Ուղղակի ընդդիմության ինստիտուտը այնքան արժեզրկված է, որ հասարակության ու փորձագիտական շրջանակների մեծ մասին չի էլ հետաքրքրվում՝ այնտեղ ինչ գործընթացներ են կատարվում»։
Այն բանից հետո, երբ խորհրդարանական աշխատանքից անհարգելի բացակայությունները ընդդիմադիրների համար հետևանք չունեցան, իսկ իշխանությունը հայտարարեց, որ այդ առումով քաղաքական որոշում ունի, հանրության մեջ կարծիք տարածվեց, թե ընդդիմությունը սեպտեմբերին պատրաստվում է վերադառնալ խորհրդարան։ Մինչդեռ ընդդիմադիր գործիչները շարունակում են պնդել՝թյուր կարծիք է ձեւավորվել։ Մտադրությունները չեն փոխվել, ըստ Իշխան Սաղաթելյանի, ընդդիմությանը խորհրդարան կբերի միայն իրենց սեփական օրակարգը։
«Պատրաստվում ենք առաջիկայում նոր շունչով, նոր որակով, նոր թափով պայքարը շարունակել։ Դետալների, մանրամասնությունների, ձևաչափի մասին կխոսենք առաջիկայում։ Լայն թափով կազմակերպական աշխատանքներ են ընթանում՝ անելու այն, ինչը լավ չենք արել կամ թերի ենք արել, ախտորոշված են բոլոր խնդիրներն ու պրոբլեմները, որ կան և գոյություն ունեն, սրա մասին բարձրաձայն կխոսենք, այն խնդիրները, որ այս ընթացքում չենք կարողացել հաղթահարել, փորձելու ենք դրանք լուծել և շարժումը ընդլայնել։ Այսօրվա խորհրդարան բերած մեծամասնության օրակարգը որևէ կերպ չի հատվում մեր օրակարգի հետ»։
Ինչ կլինի, եթե սեպտեմբերին ընդդիմությունը կրկին խորհրդարան չվերադառնա և շարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատում էր մինչ այժմ։ Հարցի պատասխանը կա ԱԺ կանոնակարգ-օրենքում։ Ընդդիմադիրների համար, ըստ էության,բացվել է նոր հաշվարկ, քանի որ նախորդ նստաշրջանի անհարգելի բացակայություններով արդեն մանդատներից զրկելու հնարավորությունը իշխանությունը բաց է թողել քաղաքական որոշման պատճառով։ Հնարավորությունը, սակայն, բաց է նոր բացակայությունների դեպքում՝ պարզաբանում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․
«Այս նստաշրջանի համար ՍԴ չենք դիմելու, եթե հաջորդ նստաշրջանում նույնպես լինեն բացակայություններ, կրկին ավտոմատ կերպով հարցը գալու է խորհրդի քննարկման տիրույթ»։
Մինչ հստակեցվում է, թե սեպտեմբերին ընդդիմությունն ինչպես է ներկայանալու խորհրդարան, նույն ընդդիմության պատգամավորները հստակ գիտեն, թե ինչ են անելու սեպտեմբերի 2–ին։ Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են լինել Արցախում՝ նշելու Անկախության օրը։Այս մասով իրենք ունեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձ-հրավերը՝ ուղղված Հայաստանի խորհրդարանականներին։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանի խորհրդարանականների՝ Արցախ գնալ-չգնալու հարցը նոր ջրբաժան է լինելու։