«Եթե մենք թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և առանց ընդդիմության տիրի նրա տարածքին, ապա դա պատերազմների «բաց սեզոն» կնշանակի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում»։
Ո՛չ, խոսքը 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին չէ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս հայտարարությունն արել է օրեր առաջ՝ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Արդյո՞ք 2020-ին Ադրբեջանը չէր ներխուժել ավելի փոքր երկրի տարածք։ Եվ, միթե Եվրոպայում և ամբողջ աշխարհում պատերազմների «բաց սեզոնի» մեկնարկը հենց 2020 թ․ սեպտեմբերին չի տրվել: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն այս միտքն այլ կերպ է մեկնաբանում։
«Կարելի է ասել, որ այդ ամենի սկիզբը տրվել է շատ ավելի վաղ։ Եվ 2020 թ․ 44-օրյա պատերազմն ընդամենը աշխարհում ձևավորված այդ քաղաքական գործընթացների հերթական շղթան էր։ Այս իմաստով պատերազմներով քաղաքական հարցեր լուծելու տեխնոլոգիան գործնականում միշտ զուգահեռ քայլել է քաղաքականության հետ»։
Արևմունքը՝ այս դեպքում Միացյալ Նահանգները, դատապարտում է պատերազմն Ուկրայինայում, բայց ընդունում Ադրբեջանի պահվածքը: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահի դրսևորում։ Եվ հենց քաղաքական շահով են արդարացվում իրար հակասող գործընթացները։ Արդարության ու բարոյականության տեսանկյունից այս ամեն ինչը դիտարկելն էլ առաջացնում է երկակի ստանդարտ՝ ասում է զրուցակիցս։
«Ցանկացած խաղացող, որ աշխարհաքաղաքական դաշտի վրա ինչ-որ դերակատարում ունի պատերազմներին և այդօրինակ իրավիճակներին վերաբերում է ըստ քաղաքական շահի և հետաքրքրությունների։ Մոտեցումներն ու գնակատականները պայմանավորված են հենց դրանով։ Սա, եթե դիտարկենք բարոյականության հարթության վրա, կամ արդարության տեսանկյունից գնահատենք , ենթարկվում է երկակի ստանդարտ բնորոշման։ Մենք պետք է քաղաքականությունը գնահատենք իր էությամբ, որպեսզի կարողանանք առավել դիմադրունակ լինել դրանից բխող մարտահրավերների հանդեպ։ Այստեղ պետք է եզրակացնենք, որ ամեն ինչ որոշում է քաղաքական շահը»։
Այն ամենն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, Արևմուտքի համար առավել կենսական նշանակություն ունեցող գոտում է, քան այն, ինչ տեղի էր ունենում 2020 թ․ մեր տարածաշրջանում՝ ասում է Հակոբ Բադալյանը։ Աշխարհաքաղաքական շահից զատ գոյություն ունի նաև քաղաքական դաշտում գերտերությունների հակամարտության փաստը։ ԱՄՆ-ի վերաբերմունքը մեծ հաշվով կապված է Ռուսաստան աշխարհաքաղաքական սուբյեկտի հետ։ Արևմուտքը վերաբերմունք է ցուցաբերում կախված նրանից, թե պատերազմող կողմն ինչ հարաբերության մեջ է Ռուսաստանի հետ։ Այս իրավիճակում մենք հասկանում ենք, թե ինչու է Արևմուտքը էապես տարբեր մոտեցումներ ցուցաբերում նույն էությամբ հարցերի շուրջ։
«Ռազմավարական խորքում մոտեցումները մեծ հաշվով նույնն են և պայմանավորված են ուժային խաղացողների ռազմավարական հեռանկարներով։ Դիտարկվում էր, որ Կովկասում պատերազմը կարող էր թուլացնել Ռուսաստանի դիրքերը։ Մենք տեսնում ենք, որ այդ պատերազմի հետևանքով Ռուսաստանը մի կողմից կարողացել է լուծել Արցախում ռազմական ներկայության հարց, մյուս կողմից էլ՝ այդ հարցը լուծել է միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ պայմանավորվելով։ Ցանկացած պատերազմ ունի քաղաքական շատ բարդ շերտեր»։
Մենք ապրում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում ու ժամանակաշրջանում։ Միացյալ Նահանգները կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հետ կապված և դրանից բխող հարցերի կայուն, համապարփակ և բանակցային կարգավորմանը։ Իսկ Ռուսաստանն առաջարկում է խնդիրը լուծել փուլ առ փուլ, տարանջատելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս իրավիճակում ավելի անհասկանալի է դառնում Արցախի սուբյեկտայնության հարցը։ Հակոբ Բադալյանն ասում է, որ մենք մանևրելու տեղ ունենք:
«Կարծում են մանևրելու տեղ միշտ ունեցել ենք և ունենք, կարող ենք խոսել մե՞ծ է այդ տեղը, թե ոչ։ Հիմա շատ նեղ են մանևրելու արահետները՝ հաշվի առնելով մեծ դիմակայությունն ու խաղադրույքների բավականին մեծ չափը։ Մանևրելու և խաղալու տեղ միշտ էլ կա, խնդիրը սուբյեկտայնության հարցն է։ Եթե մենք այստեղ կարողանանք լուծել խնդիրները և դուրս գալ արդյունավետ ճանապարհ»։
Քաղաքականությունն ինքնին բարդ երևույթ է՝ աշխարհաքաղաքական շահերով, երկակի ստանդարտներով: Իսկ արդարությունն ամենևին էլ քաղաքական եզրույթ չէ: նչպես մարդու իրավունքների պաշտպանության պարագայում, այնպես էլ այստեղ, ամեն ինչ որոշում է քաղաքական շահը: