Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել՝ իր էությունը, վերաբերմունքը հայերի ու հայկականի նկատմամբ չի փոխվել․ անկախ նրանից՝ պարտվողի կարգավիճակում է, թե՝ հաղթողի։ Ադրբեջանական սոցցանցերում ակտիվորեն տեսանյութ է տարածվում․ ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը կապում է զինվորական բեռնատարի հետնամասից, իսկ ծառայակիցներն ուրախանում են: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության «Կարմիր»՝ ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար, նշել, որ դատապարտում են հայ ժողովրդի ու նրա մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքներն ու վայրագությունները ինչպես Արցախում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Սա այն եզակի դեպքերից է, երբ միջազգային կազմակերպությունը հասցեական ու կոշտ գնահատական է հնչեցնում, ինչը թերևս նշանակում է, որ Ադրբեջանը հատում է բոլոր կարմիր գծերը։ Արցախի մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը բարձր է գնահատում Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ «Կարմիր» ահազանգման կապակցությամբ։
«Սա փաստագրված և իրականությունն արտացոլող վերաբերմունք է, որ դրսևորվում է Լեմկինի ինստստուտի կողմից և չէի էլ կասկածում, որ նման դիրքորոշում կլինի։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների գործողություններին, ապա մենք միշտ ասել ենք․ այն, ինչ անում է Ադրբեջանը, ուղղված է հայության նսեմացմանը, հատկապես արցախահայությանը, և այդ տեսանյութը այլ մեկնաբանության կարիք չունի»։
Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը «Կարմիր» ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Արցախի օմբուդսմենի գրասենյակն էլ տեսանյութն ուղարկել է գործընկեր կազմակերպություններին, հստակ արձանագրելով, որ այն ամենավառ ձևով ցույց է տալիս Ադրբեջանի կողմից հայերի ու հայկականի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, քաղաքականությունն ու նպատակները, ինչպես նաև աննկարագրելի մասշտաբների հասնող հայատյացությունը։ Լեմկինի ինստիտուտի գնահատականը և կոնկրետ գործողությունները կարևոր են և Արցախի ՄԻՊ -ն օգտագործելու է այդ փաստը իր տարբեր զեկույցներում՝ ասում է Գեղամ Ստեփանյանը։
«Պետք է օգտագործեն նաև տարբեր մակարդակների քաղաքական գործիչներն ու դիվանագետները, Արցախի ապագայի և արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետագա գործընթացներում, որպես հստակ ազդակ։ Այդ դիրքորոշման մեջ մի շատ կարևոր դրույթ կա, որը պետք է հիմք հանդիսանա, ըստ որի, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռասսայական հիմքով չափազանց արտահայտված տարբերակումը հայերի նկատմամբ, ադրբեջանցիների մուտքը հայկական տեղանք, հավասարազոր է հայերի նկատմամբ իրականցվող ցեղասպանության։Սա շատ կարևոր ազդակ է, որի գործնական նշանակությունը և օգուտը մեզ համար պետք է լինի այն, որ դա դրվի տարբեր բանակցողների, քաղաքական գործիչների ու դիվանագետների սեղանին, ցույց տալու համար, որ այս արձանագրումը կատարվել է անկախ միջազգային կառույցի կողմից»:
Ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, որոնք փաստագրված են: Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը և ցեղասպանական գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից: Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի համայնքներում»,- ասված է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։ Տեքստի ձևակերպումից, Գեղամ Ստեփանյանի խոսքով, կարելի է եզրահանգել, որ ցեղասպանության վտանգը միշտ էլ առկա է եղել, և կա հիմա, հատկապես արցախյան վերջին սրացումների համապատկերին։
«Իմ գնահատմամբ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, ինչպես որ վարվում էր մինչև պատերազմը, և պատերազմի ժամանակ, շարունակվում է նաև այսօր։ Ադրբեջանը ոչ միայն ձեռնարկվող քայլերով է այդ ամենն ապացուոցում, այլև իր երկրի ղեկավարի շուրթերով է ասում։ Ու որևէ մեկի համար կասկածելի չէ, որ Ադրբեջանը և Թուրքիան ինչ են ուզում․ այո, նրանց նպատակը ցեղասպանությունն է, և եթե միջազգային համապատասխան երաշխիքներ չլինեն, նրանք հայկական ցեղասպանության մասին չեն դադարելու մտածել։Մեր անելիքն այն պետք է լինի, որ մեր կարողությունների զարգացման մեխանիզմների ներդրմամբ ապահովենք հակառակը»։
Ադրբեջանը միշտ, և հատկապես վերջին 2 տասնամյակում ամենաբարձր պաշտոնական մակարդակում անգամ, բոլորովին բաց, վարել է հակահայ քաղաքականություն, խթանել ու խրախուսել հայատյացությունը։ Ինչպես խոսքով, այնպես էլ գործով։ Հետևաբար չի նվազել ցեղասպանության ռիսկը՝ ասում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Ադրբեջանը մեծ հաշվով անգամ 44 օրյա պատերազմից հետո չի փոխել իր գործի տրամաբանությունը, հետևաբար և չի նվազելայդ հայատյացության հետևանքի՝ ցեղասպանության ռիսկը։ Իսկ միջազգային իրադրությունն այսօր բարենպաստ է այդպիսի ռիսկերի համար ընդհանրապես, քանի որ փլուզվում է միջազգային հարաբերությունների զսպման մեխանիզմների նախկին աշխարհակարգը, իսկ նորը գոյություն չունի։ Ապրում ենք հիբրիդային 3-րդ պատերազմի ռեժիմում, ինչը բարձրացնում է նման ռիսկերը այն ժողովուրդների համար, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական պայքարի թեժ կետերում»։
Իսկ ինչպե՞ս կանխել նման վտանգը, և ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում կա՞ համապատասխան գործիքակազմ․ ըստ քաղաքագետի այդ գործիքակազմը 2 բաղադրիչ ունի՝ պաշտպանական կարողություններ՝ մարտունակ, կենսունակ անվտանգության համակարգ ու դրան համարժեք տնտեսական բազա, և դիվանագիտություն՝ հարաբերությունների կառուցման հմտություն ինչպես խոշոր խաղացողների, այնպես էլ հեղինակավոր միջազգային կենտրոնների հետ։
«Նաև այնպիսի ոչ պետական , ոչ կառավարական կազմակերպությունների հետ, ինչպիսին Լեմկինի ինստիտուտն է, թեկուզ այսպիսի կարևոր գնահատականներ ստանալու և նրանց միջոցով տրամադրություններ ձևավորելու համար։ Իհարկե, միջազգային այդպիսի կազմակերպությունների ազդեցությունը շատ մեծ չէ, բայց փոքր քայլերը նույնպես կարևոր են։ Իսկ պաշտպանական մարտունակ համակարգեր և ճկուն դիվանագիտություն ունենալու համար պետք է կարողանալ որակապես վերափոխել մեր ներքին կյանքը, առաջ բերել հանրության կարող ուժերին, կայացնել ինստիտուտներ, զարգացնել քաղաքական միտք, ։ Այս համալիր գործողություններն են, որ պետք է մեզ տան այդ գործիքակազմը, հարստացնեն, կենսունակ դարձնեն այդ գործիքակազմը և բերեն արդյունքի»։
Ըստ Հակոբ Բադալյանի, ներկայիս, բացարձակապես անկանխատեսելի աշխարհում գերզգայուն ռիսկերն ու վտանգները առավել արդյունավետ կառավարելու ու կանխարգելելու համար, անհրաժեշտության դեպքում, հենց այդ ռիսկերի աղբյուրների հետ ուղիղ աշխատանքի որոշ սցենարներ պիտի կիրառել։