Նոյեմբերի 24, 2024

Խաղաղության գինը կողմերը դեռ սակարկում են

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 23, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման առիթով շնորհավորական ուղերձ է հղել․ 32 տարի առաջ այս օրը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դրել: Մեկնարկած գործընթացը դե յուրե ավարտվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ: Վարչապետի ուղերձը մի քանի կարևոր մեսիջ  է պարունակում «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը, ցավոք, արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,- ասված է ուղերձում։  Քաղաքական վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը փաստացի ճիշտ է համարում այս ձևակերպումը, քանի որ  

«Իրականում այն, որ միջազգային կառուցակարգերը չեն աշխատում այնպես, ինչպես կարգն է, փաստ է: Եւ Ադրբեջանն էլ օգտվել է հենց դրանից, երբ սկսել է 44-օրյա պատերազմը։ Ադրբեջանի նախագահն էլ մի քանի անգամ հայտարարել է ուժի միջոցով խնդիրը լուծելու մասին, ինչն, ըստ էության, անհետևանք է մնացել  Ադրբեջանի համար. նրան պատասխանատվության չեն կանչել։ Դա արդեն իսկ 3 հիմնական սկսզբունքներից մեկի խախտում է, Հելսինկյան եզրափակիչ ակտի, որն էլ ընկած է միջազգային կառուցակարգերի հիմքում»: 

Իսկ ուղերձում նշված՝ դաշնակցային հարաբերությունների մասին կետի հետ, որը ենթադրաբար Ռուսաստանին է ակնարկում, թե՝ մեր դաշնակիցները միշտ չէ, որ միայն մեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են մեր դեմ, փորձագետը համաձայն չէ․  

«Եթե մենք մի կողմից միայն դիտարկենք այն, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, այնպես, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար, ապա այստեղ մենք խնդիր ենք ունենալու առնվազն սխալ ընկալելու Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանը փորձում է վարել հավասարակշռված, բալանսավորված  քաղաքականություն։ - Սա մեղադրանք չէ՞ռուսաստանի հասցեին։ - Չեմ կարող ասել, տեքստից միայն դա եզրակացնել հնարավոր չէ, ամեն դեպքում դա կարող է ընկալվել նաև որպես իրավիճակի արձանագրում»։ 

Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանն ավելին է կարծում․ չեն կարող մեզ հետ դաշնակից երկրները միայն մեզ հետ դաշնակից լինել։ Մեր անգործության համար ուրիշների հասցեին մեղադրանքներ հնչեցնել պետք չէ՝ ասում է։  

«Դա նորմալ երևույթ է պետությունների համար, և այնպես չէ, որ ովքեր մեզ հետ դաշնակից են, թշնամի պետությունների հետ թշնամի լինեն։ Հարցն այստեղ մեր կարող դիվանագիտության մեջ է, ի վերջո, մենք չպետք է մեղադրենք ուրիշներին՝ մեր անգործության համար։ Մենք այդպիսով նաև  ժամանակ ենք տալիս դաշնակիցներին, որ մեր թշնամիների հետ իրենց հարաբերությունները կարգավորեն, և չի բացառվում, որ հետագայում, նրանց շահերը կարող են համընկել։ Պետք է աշխատել, և ասել Ռուսաստանին, որ արցախահայությունն իր անվտանգությունը տեսնում է սեփական պաշտպանության կազմակերպման մեջ, քանի որ այս 2 տարիներին  այլընտրանքային պաշտպանությունը ոչինչ չտվեց  և պետք է կարողանալ դիվանագիտորեն հասնել նրան, որ ՀՀ-ն պաշտպանություն ծավալի Արցախում»։ 

 Հայաստանի համար այս խորհրդանշական օրը հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:   Հարաբերությունների նորմալացման գործընթացում Հայաստանին մեղադրելով «ոչ անկեղծ» դիրքորոշման մեջ։ Նա մասնավորապես ասել է՝ Երևանը պիտի կողմնորոշվի՝ խաղաղություն է ուզում, թե՞ ոչ, և ընդգծել, որ հայ թուրքական հարաբերությունները չեն կարող դիտարկվել հայ ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստից դուրս։ «Բաքուն իր նախաձեռնությունների մասին բարձրաձայնել է, իսկ Երևանը չի արձագանքել»,-ասված է  հայտարարության մեջ։ Չավուշօղլուի ասածներում և Թուրքիայի դիրքորոշման մեջ նոր ոչինչ չկա․ համոզված են փորձագետները։ Տարոն Հովհաննիսյանն է մեկնաբանում․  

«Իրականում, երբ ՀՀ և Թուրքիայի միջև սկսել էին հարաբերությունների կարգավորման բանակցությունները, Թուրքիան միշտ էլ նախապայմաններով է խոսել Հայաստանի հետ։ Եվ այդ նախապայմանները Արցախի ու Ադրբեջանի հետ էին առնչվում։ Չավուշօղլուն մի քանի անգամ նման հայտարարություններով հանդես եկել է, ուղիղ կերպով նշելով, որ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների իրականցումն իրենց համար  նախապայման է՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման մեջ»։

Ըստ Կարեն Հովհաննիսյանի, Թուրքիայի կողմից առաջարկվող խաղաղության գինը Ադրբեջանին և Թուրքիային ցամաքային կապով միմյանց կապելն է․  

«Այդ ցամաքային կապը նաև լինի ցամաքային սահման Ադրբեջանի միջև․ ասել է, թե միջանցք, որը կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի հսկողության տակ։ Սա է իրենց խաղաղության կամ սահմանների բացման գինը, բայց, հաջորդ պահին նրանք կարող են նոր նախապայմաններ դնել։ Այստեղ իսկապես մտավախություն ունի Չավուշօղլուն, որ Հայաստանը հնարավոր է, ընդհանրապես այլևս չխոսի խաղաղության մասին և կանգ առնել այնտեղ, որտեղ կա այսօր»։

 Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում»,-ասված է վարչապետի Ուղերձում։ Ո՞րն է այդ գինը, որ պիտի վճարեն հայերը․ սակարկումն ավարտված չէ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ