Արցախում և Արցախի շուրջը տեղի ունեցող շատ իրադարձությունների վրա մենք ազդել չենք կարող, բայց ներքին քաղաքական հարցեր լուծել կարող ենք՝ համոզված է «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Հենց այդ համոզմունքն է Տիգրանին ու իր համախոհներին հրապարակ հանել։ Վերածննդի հրապարակում տեղադրել են տաղավարներ ու նստարաններ։ Ամեն օր հավաքվում են՝ քննարկում իրենց հուզող հարցերը, իրավիճակից ելքեր փնտրում։
«Ավելի գիտակից մասսան միչև պատերազմն էր ասում, որ այս քաղաքականությունը ճիշտ չէ, շատերը սա պատերազմից հետո հասկացան: Պատերազմից 2 տարի է անցել, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել, շատ բան ավելի է վատացել: Ես՝ որպես արցախցի, իմ ընտանիքը, 3 երեխաները այստեղի բնակիչ, գիտակցում եմ, որ եթե այսպես շարունակվի, մեր երեխաները անցնելու են այն նույն ճանապարհով, ինչ մենք»:
Եթե այսպես շարունակվի, եկող սերունդն էլ կբախվի նույն խնդիրներին, ինչ մենք՝ ասում է։ Սակայն հուսահատությունն ու անտարբերությունն էլ խնդրի մյուս կողմն է: «Արցախը կանգուն կմնա միայն այն ժամանակ, երբ այստեղ շատ հայ ապրի-, ասում է Տիգրան Պետրոսյանը,- իսկ մարդիկ արտագաղթում են՝ անարդարության ու անորոշության ֆոնին»:
«Քանի որ մենք անվտանգության վրա նորմալ ազդել չենք կարող, մենք պետք է փորձենք արտագաղթը նվազեցնել։ Սա հաջողության հասնելու համար 1 սկզբունքն է: Մենք 3 հրաժարական ենք պահանջել՝ պետնախարար Արտակ Բեգլարյանի, ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականները: Երկիրը պետք է հզոր լինի, որպեսզի կարողանա սեփական անվտանգությունն ապահովել։ Հզոր լինելու համար պետք է, որ երկրում կոռուպցիա չլինի»:
Նպատակին հասնելու համար պետք է որ ավելի շատ մարդիկ պահանջատեր լինեն՝ ասում են ակտիվիստները: «Օրեցօր Հրապարակ եկող մարդկանց թիվն աճում է՝ նկատում է ցույցի մասնակիցներից մեկը՝ միանալով մեր զրույցին-, Ժողովրդի միասնական պահանջն է ստիպելու իշխանությանը՝ շտկել թերությունները»։
«Առաջին օրը 50 հոգի էինք, հաջորդ օրը՝ 200, երեկ արդեն 600-ից ավելի մարդ էր հավաքվել։ Սա արդեն ցուցանիշ է: Մենք չենք կարող ելնել ամբողջ պետական համակարգի դեմ: Մենք ամեն օր հանդիպում ենք մարդկանց հետ, լսում նրանց կարծիքները: Նրանց ասածների ընդհանուր բովանդակությունը նույնն է, ժողովրդի միասնությունն է նրանց ստիպելու աշխատել ճիշտ ուղղություններով»:
Ակցիայի մասնակիցները երեկ հանդիպել են նաև Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ներկայացրել իրենց պահաջները: Որոշել են՝ շարունակելու են պայքարը մինչև որ երկրում կվերանան արատավոր երևույթները։