Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանի և Արցախի շատ շրջանակներ այն համարեցին պարտվողական, նույնիսկ, կապիտուլիացոն։ Բայց այսօր հայկական դիվանագիտությունը պայքարում է՝ այդ փաստաթղթի կետերի պահպանման համար։ Սա է ստեղծված իրականության զավեշտը՝ ասում է ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Երբ չես օգտվում զիջելու քո իրավունքից, չես օգտվում նաև քո ստանալու իրավունքից՝ ասում է պատգամավորը՝ նշելով, որ այս իրավիկճակը կանխելու հնարավորություններ մենք ունեինք, բայց չօգտագործեցինք այն։
«1997թ․ սեղանի վրա կար խաղաղության գնալու փաստաթուղթ, որը ենթադրում էր 6 շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջանկյալ կարգավիճակ՝ խաղաղապահների ներկայությամբ, և որ ամենակարևորն է, Լեռնային Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմի ամրագրում։ Այդ ժամանակ սա գնահատվեց որպես պարտվողական ու դավաճանական փաստաթուղթ, և Հայաստանում տեղի ունեցավ հեղփոխություն՝ այն մտայնությամբ, որ մենք կարող ենք ունենալ ավելին»։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են կամայականորեն՝ ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու բացատրում. թե Հայաստանի և թե Ադրբեջանի կողմերի խորհրդարանները այս փաստաթուղթը չեն վավերացրել, այն չունի միջպետական պայմանագրի կարգավիճակ։ Թե այդ փաստաթղթի կետերը ով և ինչպես կմեկնաբանի՝ կախված է աշխարհաքաղաքական փոփոխություններից՝ ասում է քաղաքագետը:
«Քաղաքական փոփոխություններ ընթանում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Եվ նաև Արցախի կարգավիճակից է կախված Հարավային Կովկասում մեծ տերությունների միջև ուժային բալանսը։ Այսինքն եթե բալանսը թեքվում է մի կողմ, ապա այդ կողմը սկսում է իր իմացած ձևով մեկնաբանել։ Եթե այլ ուղղությամբ է թեքվում, ապա համապատասխանաբար մյուս կողմն է իր ձևով մեկնաբանում»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե չկա Լեռնային Ղարաբաղ և չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր։ Բայց, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որն ըստ էության, ներկայումս գործող իրավաքաղաքական միակ փաստաթուղթն է, հաստատում է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը։ Հայտարարության մոտ մեկ ու կես էջանոց տեքստում հինգ անգամ գործածվում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Որ՞ն է փաստաթղթով Լեռնային Ղարաբաղին վերապահված սուբյեկտայնությունը։ Ադրբեջանի նախագահը որոշակի անհանգստություններ ունի հենց Արցախ սուբեկտայնության մասով, դրա համար էլ այդքան պայքարում է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյության դեմ՝ ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ինքը կարծում է, որ իր համար հիմա լավագույն իրավիճակն է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաներն ու ուկրաինական պատերազմը։ Մյուս կողմից Իրանի հետ «Միջուկային պայմանագիրը» դեռ կնքված չէ և Իրանը դեռ սահմանափակված է՝ արտաքին քաղաքականության առումով։ Եվ Ադրբեջանը հիմա ցանկանում է ձեռք բերել մաքսիմալը։ Բայց այնտեղ շատ լավ հասկանում են, որ ֆորմալ առումով իրենց տարածքում ունեն ռուսական ռազմաբազա և նաև հասկանում են, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները կարող են բարդանալ ու սրվել։ Իրավիճակի կարող է փոփոխվել»։
Նոյեմբերի 9-ի եռակողմը հայտարարությունը հստակ սահմանում է նաև որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ և կան շփման գծի կողմեր։ Ի՞նչ է նշանակում շփման գիծ տերմինը քաղաքագիտության մեջ: Մանրամասնում է Ստեփան Դանիելյանը:
«Շփման գիծը երկու միավորների միջև բաժանող գիծն է։ Այդ միավորները կարող են լինել ֆորմալ և ոչ ֆորմալ, բայց հակամարտության մեջ գտնվող։ Փաստաթուղթը ֆիքսում է, որ կան հակամարտող կողմեր և նրանց մեջ կա խնդիր և շփման գիծ։ Այդ փաստաթղթով Ադրբեջանը ընդունել է շփման գծի առկայությունը։ Թե շփման գիծը հետագայում ինչ բովանդակություն կստանա, կրկին կախված է քաղաքական իրավիճակից՝ Ռուսաստանի դերից: Ապագայում, կարծում եմ, նաև Իրանը կակտիվանա։ Հիմա Ադրբեջանը, բնականաբար, ցանկանում է հարցը մեկնաբանել իրեն հարմար տեսանկյունից»։
Աշխարհի վերաձևումն ընթացքի մեջ է: Որքան այն կտևի և ինչպես ավարտվի՝ դժվար է կանխատեսել: Միանշանակ է միայն այն, որ ամեն ինչ միանշանակ չէ։ Եվ դրական փոփոխություններ դեռ կարող են լինել՝ վստահ է քաղաքագետը: Արցախի հարցը դեռ երկար պատմություն կունենա: