Այս շաբաթ ԱՄՆ նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերն առաջին անգամ կայցելի տարածաշրջան։ Լուրը հայտնել է փոխխոսնակ Վեդանթ Պատելը։ Այցը տեղի է ունենում տեղեկատվական ու սահմանային լարվածության ֆոնին․ ամենօրյա ապատեղեկատվություն հրադադարի ռեժիմի խախտումների մասին և զոհ՝ հրադադարի իրական խախտման հետևանքով։ Համանախագահի նշանակման մասին լուրը Ադրբեջանում բողոքի ալիք էր բարձրացրել, թե ինչպիսի ընդունելության կարժանացնեն նորանշանակ համանախագահին այնտեղ՝ դեռ կտեսնենք: Ֆիլիպ Ռիկերի այցի օրակարգից շատ բան հայտնի չէ: Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ համանախագահն ունի ավելի լայն օրակարգ, քան հայ-ադրբեջանական հարաբերություններն են։
«Նրա հանդիպումների թեմատիկան ավելի լայն է, քան զուտ հայ-ադրբեջանական խնդիրները։ Ինչ-որ հարցեր կլինեն կապված Վրաստանի հետ։ Օրակարգի մասին մենք կիմանանք այցից հետո։ Չեմ կարծում, որ մեզ համար մեծ տեղաշարժ է լինելու այս հանդիպումից հետո»։
Աշխարհը զբաղված է Ուկրաինայով, և դա անուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի վրա։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծավմասամբ կապված են Ռուսաստանի «զբաղված» լինելու հետ։ Ռուսաստանի և արևմուտքի հարաբերություններն ազդում են նաև Մինսկի խմբի աշխատանքների վրա՝ ասում է քաղաքագետը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր բանակցությունների վրա ազդում է նաև Ադրբեջանը: Ալիևը չի դադարում կրկնել, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն, և, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է»։ Այս ամենը հաշվի առնելով քաղաքագետը գալիս է այն եզրակացության, որ համանախագահի տարածաշրջան այցից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Ռիկերի այցը նաև դիվանագիտական քայլ է ԱՄՆ-ի կողմից, ներկայացվածություն ցույց տալու առումով։
«ԱՄՆ-ն, կարծես թե, երևացող պլանում չէ, այս գործողություններով նա կփորձի երևալ։ Մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք. այսօր ուժային կենտրոնների ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա և մեր տարածաշրջանը կշահարկվի հենց այդ կոնտեքստում։ Արևմուտքի պետություններն իրենց դիվանագիտական ակտիվությունը գերազանցապես ուղղելու են ոչ թե մեր խնդիրների լուծմանը, այլ այդ խնդիրների գործիքայնացմանը։ Ուստի մի կողմից սա մեզ համար ոչինչ չասող իրադարձություն է, բայց մյուս կողմից նաև պետք է հասկանալ, որ այստեղ հենց այնպես մարդիկ չեն այցելում»։
Պատերազմից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելում էին Արցախ։ Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ստեղծումից ի վեր ՝ 1995թ. և մինչև 2019թ., համանախագահներն Արցախ են այցելել ավելի քան 70 անգամ։ Համանախագահները, սովորաբար, միասին էին այցելում Արցախ, բայց եղել են նաև անհատական այցելություններ։ Պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախ չեն այցելել։ Իրատեսական չէ նաև Ֆիլիպ Ռիկերի այցը՝ ասում է Նարեկ Գալստյանը։
«Կարելի է ենթադրել, որ հանդիպում կլինի Արցախի ներկայացուցչի հետ Հայաստանում, բայց քիչ հավանական եմ համարում նաև դա։ Միգուցե Ֆիլիպ Ռիկերի այցին տան ճանաչողական այցի անուն և, եթե այդպես է, եթե օրակարգի խնդիր լինի բանակցային գործընթացը շոշափելը, ապա ճիշտ կլինի, որ նա հանդիպի նաև Արցախի պաշտոնական ներկայացուցչի հետ»։
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում: Այսօր նա այդ մասին հայտարարել է Վլադիվաստոկում, «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի իր ելույթում։ Փաշինյանն ընդգծել է , որ ամբողջ աշխարհի, այդ թվում` ՀՀ գլխավոր ռազմավարական գործընկեր ՌԴ–ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և մտավախություն կա, որ դա կարող է բերել ապակայունացման Լեռնային Ղարաբաղում։ Նարեկ Գալստյանն այս սցենարը իրատեսական ու հնարավոր է համարում, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը արդեն մի քանի օր է տեղեկատվական ֆոն է նախապատրաստում դրա համար։
«Ադրբեջանը միշտ հմտորեն օգտվել է ստեղծված առիթներից։ Ցավում եմ, բայց առաջիկայում ևս մենք տեսնելու ենք Ադրբեջանի ակտիվացում սահմանին։ Վերջին օրերին շատացել են Ադրբեջանի հայտարարությունները, դրանք վատ բաներ են հուշում․ միգուցե Ադրբեջանը ինչ-որ բան է նախապատրաստում։ Հաշվի առնելով հայկական կողմի վերաբերմունքը սա բերելու է ինչ-որ կորուստների կամ զիջումների»։
Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ սերտ գործակցությամբ հնարավոր կլինի վերահսկել տարածաշրջանում իրավիճակը, ընդգծել դրա կարևորությունը նաև գլոբալ անվտանգության համար: Սա, քաղաքագետի դիտարկմամբ, նշանակում է, որ դիվանագիտական ռեսուրսը սպառված չէ, և հնարավոր է հասնել վտանգի չեզոքացմանը: