Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Նա նաև հավելեց, որ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը: Փաշինյանի խոսքով՝ բացարձակապես բոլորն են խաղաղություն ուզում, սակայն յուրաքանչյուրն ունի խաղաղության իր ընկալումը, պայմանները, արդյունքներն ու մթնոլորտը, և այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները: Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցին Փաշինյանը նշել է, որ այն Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում: Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, նշել, որ այն Հայաստանի և Սյունիքի մարզի համար որևէ սպառնալիք չի ստեղծում: «Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված, իսկ այսօր այդ ճանապարհն ավելի ծանրաբեռնված է, քանի որ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված նախկինում Սև ծովով իրականացված բեռնափոխադրումների մի մասը իրականացվում է այդ հատվածով: