Նոյեմբերի 24, 2024

Ռուս-ուկրաինական դիմակայության 200-րդ օրն է. ինչպե՞ս է փոխվել աշխարհն այս ընթացքում

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 10, 2022

Սեպտեմբերի 11-ին կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների  200-րդ օրը։ Աշխարհի քաղաքական քարտեզը վերաձևվում է, և շատ փորձագետների կարծիքով, այդ վերաձևման մեկնարկը հայտարարվել է հենց Ուկրաինայում։ Ի՞նչ է փոխվել աշխարհում այս 200 օրերի ընթացքում, դեպի ու՞ր է գնում աշխարհը, ինչպիսի՞ն կլինի այն ռուս-ուկրաինական դիմակայության  ավարտից հետո։ Այս մասին զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։ 

«Շատ բարդ է գնահատել, թե ինչ է փոխվել այս ընթացքում, որովհետև փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, տեղի են ունենում գործնականում ամենօրյա ռեժիմով, և դրանց մի զգալի մասն էլ մեզ համար հասանելի չէ։ Մենք իրավիճակը գնահատում ենք զուտ  հրապարակային տեղեկատվության հիման վրա, իսկ այստեղ ակնհայտ է, որ կողմերը գործում են քարոզչական պատերազմի տրամաբանությամբ նաև։ Բարդ է գնահատել, թե որ մասն է իրականությանը համապատասխանում, չափազանցվում կամ թաքցվում։ Բացի այդ, փոփոխություններն ընդգրկում են թե գործողությունների թատերաբեմը, թե  նաև այդ ամենի հետ փոխկապակցված դերակատարների միջև հարաբերությունները»։

 Ըստ Հակոբ Բադալյանի, գործնականում ոչ թե փոփոխության, այլ փլուզման մասին կարող է խոսք լինել, քանի որ փլուզվել է միջազգային հարաբերությունների՝ գոյություն ունեցող կամ գոյություն ունեցած համակարգը։ Աշխարհն այսօր ապրում է համաշխարհային պատերազմի ռեժիմով՝ պարզապես դրա հիբրիդային բնույթով։ Եվ չնայած կանխատեսումներ կային, որ դիմակայությունը շատ կարճ կտևի, 200 օր անց էլ հակամարտության ավարտը չի երևում։ 

«Եթե մենք դիտարկում ենք , որ գործ ունենք համաշխարհային պատերազմի հետ, իսկ սա արդեն կասկած չի հարուցում, պարզ է դառնում, որ այդ պատերազմը չէր կարող կարճ տևել։ Բարդ է կանխատեսել նաև, թե այդ պատերազմը ինչ ելք կունենա՝ հաղթանակ, պարտություն, սառեցում։ Այս հասկացությունները նման դիմակայության պայմաններում կարող են ունենալ բազմաթիվ երանգներ, դրսևորումներ և բովանդակություն»։

 Բարդ է ասել նաև, թե ինչպիսին կլինի իրավիճակն այս ամենից  հետո, քանի որ դեռևս ավարտ կանխատեսել չի ստացվում։ Քաղաքագետի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն  առավելապես Ռուսաստան- Արևմուտք, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան-ԱՄՆ դիմակայություն է։

 «Հատկապես, երբ գործ ունենք ուժերի այնպիսի հարաբերակցության հետ, որտեղ չկա առավել ակնհայտ առավելություն ունեցող կողմ։ Բայց նկատելի է, որ Միացյալ նահանգները փորձում է նախ իր տոտալ կառավարման հեռանկարը վերհաստատել հավաքական Արևմուտքի հանդեպ։ Սա, իհարկե, ունի իր բարդությունները, որոնք ԱՄՆ փորձ է անում լուծել, միևնույն ժամանակ բարդ և բազմաշերտ փոխհարաբերությունների մեխանիզմներ խթանել Եվրասիական մեծ գոտում, ներառյալ Մերձավոր Արևելքը, Ծոցի երկրները, Կենտրոնական Ասիան, և այս ռեգիոններում ԱՄՆ փորձ է անում ձևավորել փոխզսպման մեխանիզմներ՝ հեռակառավարման հնարավորություններով։ Ռուսաստանն իր հերթին փորձում է հավաքել եվրասիական գոտու խաղացողներին, ներգրավելով նաև լատինա-ամերիկյան երկրների, և առաջարկել ամերիկյան հեգեմոնության դեմ ինչ որ հավաքական մեխանիզմ»։

 Հակոբ Բադալյանի դիտարկմամբ, Մոսկվան այստեղ ակնկալում է առանձնահատուկ ընկալման և դերի արժանանալ այն բանի շնորհիվ, որ փաստացի իր վրա է վերցրել Միացյալ Նահանգների դեմ, թեկուզ անուղղակի, բայց մասշտաբային ու ծանր պատերազմի բեռը։ 

«Թե միացյալ Նահանգները, թե Ռուսաստանն աշխուժորեն պայքարում են իրենց այս նժարները Աֆրիկայով ծանրացնելու համար, և որոշակի ժամանակ առաջ թե Ռուսաստանի արտգործնախարարն էր Աֆրիկայում, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Այլ պաշտոնյաներ ևս աֆրիկյան այցեր կատարեցին։ Այսինքն, մենք գործ ունենք իսկապես բառի ամբողջական իմաստով համաշխարհային դիմակայության հետ, որտեղ, այո, առաջին խաղացողները Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են»։

Դրա հետ, իհարկե, կան նաև այլ առանցքային խաղացողներ՝ Չինաստան, Մեծ Բրիտանիա, Եվրոպական երկրներ, Թուրքիա, Իրան, Արաբական աշխարհ՝ որտեղ ևս հետաքրքիր զարգացումներ են ծավալվում, ներառյալ Իսրայելի գործոնը, և այս իրավիճակը ենթադրում է համաշխարհային մեծ վերափոխում թե քաղաքական հարաբերությունների տրամաբանության մեջ, թե տնտեսական կառուցվածքի իմաստով։ «Այս բաղադրիչը շատ քիչ է արժանանում ուշադրության, բայց մենք գործ ունենք տնտեսական համաշխարհային ճարտարապետության վերափոխման հետ»,- ասում է Հակոբ Բադալյանը։ Այսպես թե այնպես,  «Ռուս-ուկրաինական»-ից  հետո աշխարհն այլևս այն չի լինի։ Բացառություն չեն  լինի   նաև Հայաստանն ու Արցախը․ Ռուսաստանի դիրքերն այստեղ կանխորոշելու են  Ռուսաստանի ճակատագիրը Կովկասում։ Բայց սա արդեն այլ թեմա է, որին անդրադառնալ խոստանում ենք առաջիկայում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ