Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան կատարած այցով 100 մեսիջ է փոխանցել, մեր արտաքին քաղաքականության զինանոց, որոնք պարտավոր ենք կիրառել։ Մնում է, որ արտաքին քաղաքականություն ունենանք՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։ «Արցախ» լրատվականի հետ զրույցում Սուրեն Սարգսյանը 100 -ից առանձնացնում է ամենակարևոր 3-ը, որը փոխանցել է երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։
«Պետք է սկսենք նրանից, որ սա պատմական այց է, քանի որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ երբևէ Հայաստան է եկել։ Սա ինքնին կարևոր մեսիջ է։ Այն բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է կայացել։ Երկրորդ կարևոր մեսիջը՝ ԱՄՆ-ն ասում է, որ մենք ինքներս պիտի հասկանանք, ինչ ենք ուզում,քննարկենք դրանք և խոսենք մեր ակնկալիքների մասին։ Երրորդ՝ կարևոր է, որ ժողովրդագրական ճանապարհով առաջ շարժվենք»։
«Փելոսին Ամերիկայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է և նախագահ Բայդենի թիմակիցը: Այցը տարածաշրջանային չէ, ամերիկայն պաշտոնյան գալիս է ուղիղ Հայաստան և այլ պետություններ չի գնալու»,-պարզաբանում է Սորեն Սարգսյանը, ինչը նշանակում է, որ գոնե այս պահին հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա։ Մեկնաբանելով ադրբեջանցիների լոբբինգը Նենսի Փելոսիի նաև Բաքու այց կազմակերպելու, այցը տարածաշրջանայինի փոխակերպելու և Բաքվի ու Երևանի միջև հավասարության նշան դնելու նպատակով, քաղաքագետն ասաց, որ նման զարգացումները քիչ հավանական է համարում։ Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է: Եվ այն, որ պատերազմական գործողություններով պայմանվորված, այն չչեղարկվեց, նույնպես շատ կարևոր է։
«Այցը ավելի վաղ էր պլանավորված։ Պատերազմական գործողությունների պատճառով այն չչեղարկվեց, սա էլ ինքնին կարևոր մեսիջ է։ »
«Փելոսին հանգիստ կարող էր չեղարկել կամ հետաձգել այցը, գնալ նաև Բաքու։ Հաշվի առնենք, որ նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում, սակայն Փելոսին որոշել է, որ պատերազմն և ներամերիկյան քաղաքական գործընթացները իր այցին չեն խոչընդոտի։ Սա, քաղաքագետի խոսքով, կարևոր քայլ է ամերիկյան դիվանագետի կողմից, որը մենք պիտի կարողանանք ի շահ մեզ օգտագործել։ Փելոսիի ուղերձները, ըստ, Սուրեն Սարգսյանի, ոչ միայն հայերին, այլև աշխարհին էին ուղղված։ Բայց ոգևորվել պետք չէ, ամերիկյան պաշտոնյայի ուղերձները պետք է կապիտալիզացնել դիվանագիտական ճակատում։
«Պետք չէ ժամանկից շուտ ոգևորվել և շատ ոգևորվել։Կարևոր է հասկանալ, այն մեսիջները որ տրվում են, պետք է մշակել, քննարկել, հասկանալ, հետո քաղաքական որոշումներ կայացնել։»
Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է ԱՄՆ-ից և որոշ չափով Իրանից։ «Պետդեպի և Սպիտակ տան հայտարարություններն առավել հասցեական են, տողատակերն ավելի հստակ,-ասում է,- Ալիևին հասկացնում են, որ ԼՂ խնդիրն ԱՄՆ-ում դեռ լուծված չեն համարում, և գիտեն, թե ով է ռազմական գործողությունների նախաձեռնողը»։
«Փելոսիին ներկայցրեց ամբողջ աշխարհին, թե իրականում ով է ագրեսոր։Իհարկե, ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի արձանագրվել, բայց դիվանագիտկան լեզուն որն օգտագործում են պետդեպարտամենտի պաշտոնյաները, իհարկե էապես տարբերվում է քաղաքական գործիչների բառապաշարից և լեզվից, և եթե պետքարտուղար Բլինքենը դիվանագիտորեն է ներկայցնում Միացյալ նահանգների դիրքորոշումները, ապա Նենսի Փիլոսին քաղաքական գնահատականներ է տալիս տեղի ունեցող պրոցեսներին։»
«ԱՄՆ-ն ունի իր տարածաշրջանային շահերը, դեմոկրատական վարչակազմն՝ իրենը։ Ամենից զատ, ԱՄՆ-ին դուր չի գալիս Ալիևի անադեկվատ պահվածքն ու հայտարարություններն ուղղված Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ համանախագահությանը։ Ամերիկացիները Ալիևին բացատրում են, որ նա չէ որոշողը, թե ինչպիսինը պետք է լինի ՄԽ ապագան»,-մեկնաբանում է քաղաքագետը։ Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը ՄԽ հարցում։ Եթե Հայաստանն էլ է Ադրբեջանի օրինակով ուզում թաղել ՄԽ-ն, այդ գործը կրկնակի հեշտանում է։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Իրանի հայտարարություններն էլ բնականաբար անհանգստացնում են Ալիևին և քաղաքագետը չի բացառում, որ Նախիջևանի ուղղությունից գործողություններ չանելը կարող է պայմանավորված լինել հենց դրանով։ Իսկ դիվանագիտական լեզվով, ո՞րն էր Խանջյանի «Ավարայրի ճակատամարտի» մոտ Փելոսիի ելույթի մեսիջը, ո՞ւմ էր ուղղված այն, արդյո՞ք Իրանին, և հնարավո՞ր է, որ մեզ համար այն ռիսկեր պարունակի։
«Այն, որ Իրանի նկատմամբ հայտարարություններ արվեցին, կամ Ռուսաստանի, կամ ՀԱՊԿ, դա նորմալ է, ԱՄՆ բոլոր պաշտոնյաներն էլ կսմիթ են անում և Իրանին, և Ռուսաստանին, գերտերությունների մրցակցությունը նորմալ է։Ինչ վերաբերում է Գաֆեսճյան թանգարանին, ապա այդտեղ էլ նոր ոչինչ չկա, սրա վրա էլ պետք չէ շատ կենտրոնանալ։ Պետք է կենտրոնանալ բովանդակային հարցերի վրա։»
Սուրեն Սարգսյանը ռիսկեր չի տեսնում նաև ՀԱՊԿ և Ռուսաստանի հետ կապված․ ավելի ճիշտ ռիսկերը չի կապում հենց Փելոսիի այցի հետ։
«Չեմ կարծում, թե դա կարող է խոչընդոտել։ Եթե ՀԱՊԿԻ կամ Ռուսաստանի հետ ինչ որ խնդիրներ ունենք պարզելու, այս այցի շրջանակներում չէ, որ պիտի պարզվեն։ Հայաստանի իշխանություններն են որոշում, թե ինչ արտաքին քաղաքականություն վարեն։Եթե կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն և դաշնակից և բարեկամ պետությունների հետ։ Կարևոր է, որ որոշումները տաք գլխով չընդունվեն։»
Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի: Այս մասին Սուրեն Սարգսյանն ասում է, որ նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, և դեմոկրատներին պետք են հայկական ձայներ, սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ է։ Եվ հենց Նենսի Փելոսիի այցի շնորհիվ է, որ այս օրերին Հայաստանը հայտնվել է միջազգային մամուլի առաջին հորիզոնականներում։ Փելոսին մեզ համար լավ հնարավորություն է ստեղծել տեղեկատվական պատերազմի պայմաններում մեր դիրքերը բարելավելու և մեր պրոպագանդան առաջմղելու տեսակետից։