Նոյեմբերի 24, 2024

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Ա․ Հարությունյան

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 20, 2022

Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Այս  հայտարարությամբ է սկսել իր ուղերձը հանրապետության նախագահը՝ նշելով, որ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով: Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: 

«Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Իշխանությունները, այո՛, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված»:

 Անդրադառնալով անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: 

«Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից»:

 Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Նախագահի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար։ Այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին: Պատերազմից հետո Հանրապետության նախագահը բոլորին հրավիրեց վերադառնալ իրենց տները` տալով որոշակի անվտանգային երաշխիքներ: Անդրադառնալով իր այդ կոչին՝ Արայիկ Հարությունյանն ասել է․ 

«Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը»: 

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա՝ ընգծել է   Նախագահը ՝ անդրադառնալով   արտաքին քաղաքական օրակարգին։ Առիթն օգտագործելով՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: 

«Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ: Տվյալ պարագայում, ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար, և վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ»:

 Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը՝ ասել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, բոլորս պետք է ընկալենք, որ հակամարտության կարգավորման ու անկախության միջազգային ճանաչման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝ աշխարհաքաղաքական բարենպաստ վիճակ, անվտանգային գործուն երաշխիքներ, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ու ախորժակի զսպման միջազգային կամք ու վարք: Նախագահի առանձնացրած կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում: 

«Ինչպես նշել եմ, մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով: Եվ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Պետք է նաև նկատի ունենալ, որ հնարավոր չէ բոլոր նման շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հասարակությանը, քանի որ ավելորդ հրապարակայնությունը երբեմն վնասում է գործընթացին ու սպասվող արդյունքներին»: 

Արայիկ Հարությունյանը արնդարադարձել է նաև հանրապետության ներքին կյանքին։ Այստեղ նույնպես անելիքները շատ են։ Հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը: Նախատեսվում է մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: 

«Բացի բնակարանաշինական ծրագրերից, իրականացրել ենք աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն և այլ ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց»: 

Սոցիալ-տնտեսական բնույթի աջակցության իրականացված և նախատեսվող ծրագրերը բազմաթիվ են, և դրանց գլխավոր նպատակը Արցախում կյանքի որոշակի կայուն ու բարենպաստ պայմաններ ապահովելն է՝ նշել է Նախագահը։ Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում: Այս առումով նախպագահն ընդգծել է ևս մեկ կարևոր որոշում ՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրվեն Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարները՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Արցախն ու ողջ հայ ժողովուրդը այժմ լուրջ համախմբման ու միասնականության կարիք ունեն, և ես ներդնելու եմ առավելագույն ջանքերս այդ համախմբումը կյանքի կոչելու համար՝ անկախ մեր մեջ առկա տարաձայնություններից, անցյալի փորձից ու այլ տարբերություններից: Վստահ եմ, որ բոլորի ներուժի պատշաճ օգտագործման միջոցով մենք կկարողանանք պատվով հաղթահարել մեր հայրենիքի պատմության այս ճակատագրական փուլը՝ եզրափակել է Արայիկ Հարությունյանը։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2022 12:42
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ