Ի՞նչ փոփոխությունների կարող են հանգեցնել տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր են պարունակում, և ի՞նչ պիտի անի Հայաստանը՝ իրեն ապահովագրելու համար։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով՝ Իրանի գործողությունները մի քանի հասցեատեր ունեն։
«Առաջինն Ադրբեջանն է, որ չփորձեն Սյունիքում ուժի միջոցով միջանցք կամ միջանցքներ ապահովեն իրենց համար, ինչու չէ՝ նաև Հայաստանին։ Իրանի ղեկավար կազմը, Ռաիսին, ՀՀ վարչապետի հետ բոլոր հրապարակային ու ոչ հրապարակային շփումներում , որոնց արդյունքում հաղորդագրություններ են տարածվում, Հայաստանին զգուշացնում է, որ Սյունիքի, Վայոց ձորի տարածքով միջանցք ու կոմունիկացիոն ուղի չտրամադրի Ադրբեջանին, որով կկարողանա Իրանի հետ կապվել։ Իրանը վտանգ է տեսնում նաև Հայաստանից»։
Իրանը բազմիցս, տարբեր մակարդակներով շփումներում, հայտարարություններում հասկացրել է, որ դա իր համար կարմիր գիծ է, և նա այդ գծերը պաշտպանելիս պատրաստ է պաշտպանել այդ թվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պատահական չէ Իրանի մեջլիսի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի ղեկավարի կողմից հնչեցրած տեքստը, թե Իրանի հետ այս հարցում պետք չէ խաղալ, և որ Հարավային Կովկասում փոթորիկ կլինի, եթե ինչ որ մեկը փորձի սահման խախտել։
«Այն որ լարվածությունն աճելու է, դրա համար կան բոլոր նախապայմանները և փաստերը։ Դրան զուգահեռ պիտի դիտարկել նաև այն, որ վերջին ամսում մեծ ինտենսիվությամբ տրանսպորտային ինքնաթիռներով Իսրայելից, բեռներ են փոխադրվում Ադրբեջան։ Վերջին նման ինտենսիվությունը եղել է 44 -օրյայից ամիսներ առաջ»։
Այսօր ադրբեջանական մամուլում արդեն ադրբեջանական պատգամավորն էր սպառնալիքներ հնչեցնում Իրանի հասցեին, նշելով, որ Իրանի պետականության համար աղետալի կարող են լինել իրանական բանակի՝ իրենց պետության սահմանը հատելու փոքրագույն իսկ փորձի հետևանքները։
«Ադրբեջանական սույն պատգամավորի հոխորտանքները ավելի շատ պոպուլիզմի կամ պատվիրակվածության մասին է փաստում։ Փորձում են ավելի շատ Իրանին քաղաքական իմաստով գրգռել, որպեսզի հռետորաբանությունը էականորեն սրվի։ Նրա շուրթերով խոսում են Թուրքիան, Իսրայելը, հավաքական Արևմուտքի որոշ պետություններ»։
«Իրանը տարածաշրջանի ամենամեծ ՝ 1,7 տրիլիոն դոլորի տնտեսական ներուժ ունեցող պետությունն է»,- ասում է քաղաքագետը, համեմատական անցկացնելով հարևան ոչ լրիվ 900 մլրդ-ի հասնող տնտեսական ներուժ ունեցող Թուրքիայի հետ։ Իրանի հանրապետության բանակի, տեխնոլոգիական հզորության, բնակչության խտության մասին պատկերացում ունեցող անձը նման հայտարարությունների մեջ զգուշավորություն պիտի ցուցաբերի։ «Հիշենք, որ հյուսիային սահման բերված զորքը Հեղափոխության պահապանների կորպուսն է ընդամենը, որը բանակի չափ հզորություն ունի»,-ասում է զրուցակիցս։
«ՌԴ ճնշման արդյունքում թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը , թե՛ ադրբեջանական կողմը հռետորաբանությունը փոխեց։ Կոնտրառաջարկներ եղան և այլն։Եթե որևէ մեկը հարվածի Իրանին, մենք ականատես կլինենք ռեգիոնալ մեծ պատերազմի։ Ռազմական գործողությունների մի մասը բնականաբար կտեղափոխվի Հայաստանի տարածք, կարող ենք ականատես լիել Թուրքիայի մուտքին Վրաստան, քանի որ բոլորը բոլորի նկատմամբ հավակնություններ ունեն»։
Քաղաքագետն ընդգծում է՝ Իրանի նկատմամբ ամենափոքր քայլն անգամ տարածաշրջանի բոլոր պետությունների համար կարող է լինել ճակատագրական։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ամիսներ առաջ երբ սրվեցին իրանա-ադրբեջանական հարաբերությունները, Ռաիսին մեկնեց Մոսկվա՝ հասկանալու իր գործընկերոջ մոտեցումը հարցի առնչությամբ։ Հասկանալի է, որ տարածաշրջանային մեծ ու փոքր խաղացողները փորձելու են բեկել իրավիճակը։ Իրանում զանգվածային ցույցեր են, կարո՞ղ է այն մասսայականի վերածվել ՝ դառնալով Իրանը ներսից պայթեցնելու գործիք։ Հատկապես եթե հաշվի առնենք, այնտեղ թյուրքալեզու ոչ փոքրաթիվ համայնքի գործոնը։ Այդ հարցում զրուցակիցս թերահավատ է։ Ինչ պիտի անի Հայաստանը, որպեսզի չհայտնվի գերտերությունների բախման կիզակետում, և կարողանա ապահովագրել իրեն։ Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանություններն անկարող են այդ մարտահրավերներին դիմակայել։
«Մենք պետք է այնպիսի գործընկերային հարաբերություններ հաստատաենք այդպիսի կարևոր պետությունների հետ,ում շահերի տիրույթում նմանօրինակ շահեր ունենք։ Հայաստանը պետք է հասկանա ով է իր դաշնակիցը, հակառակորդը, մրցակիցը։ Եվ չպետք է էմոցիոնալ գնահատականներ տա իր ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում»։
Ռեգիոնալ անկայունությունը, Ալեն Ղևոնդյանի կանխատեսմամբ, դեռ ձգվելու է 2 տարի։ Քաղաքագետը վստահ է՝ Հարավային Կովկասում պետությունների՝ առնվազն երկու պետության քաղաքական քարտեզը փոխվելու է։ Թե որ՝ չցանկացավ նշել։ Բայց որպեսզի այդ փոփոխությունն ի վնաս Հայաստանի չլինի՝ պետք է զորուգիշեր աշխատել։