«Պարոն Պետրոսյան, Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացվելու է հոկտեմբերին, այլ ոչ թե նոյեմբերին։ Ընդ որում, լուրը սկզբից հայտնեց ադրբեջանակն կողմը՝ այն ներկայացնելով որպես իրենց կողմի նախաձեռնություն, ապա՝ հայկական կողմը՝ կրկին նշելով, որ նիստի տեղափոխման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ Ի՞նչ է սա նշանակում, շտապողականությու՞ն դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, հայկական ու ադրբեջանական կողմը այսպես ուզում են այդ նախաձեռնության հեղինակությունն իրենցը լինի»։
Սա Ադրբեջանի համար պատմական հնարավորություն է՝ իր առավելությունները կապիտալիզացնելու համար։ Քանի որ բոլորն են գիտակցում, որ նման հնարավորություն իրենք կարող են այլևս չունենալ։ Մեզ համար սա խիստ բացասական ռիսկեր է պարունակում։ ՀՀ իշխանությունը փաստացի հրաժարվել է Արցախից։ Եվ քանի որ Արցախում ռուս խաղաղապահներն են, ստացվում է, որ այդ հարաբերությունները պետք է իրար հետ կարգավորեն ռուսական, ադրբեջանական ու թուրքական կողմերը։ Իսկ Ադրբեջանն այս պատմական հնարավորությունը չի ուզում բաց թողնել, քանի որ տարածաշրջանում այնպիսի խառնաշփոթ է, և այնքան սրընթաց զարգացումներ կան, որ չի իմացվում, թե 3 ամիս հետո Արցախի խնդրով զբաղվել կարո՞ղ են, թե՝ ոչ։ Դրա համար Ադրբեջանի դելիմիտացիայի, դեմարկացիայի միջոցով ուզում է, որ Հայաստանը դե ֆակտո ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար՝ ԼՂ հետ միասին։ Իսկ ինչու՞ է հայկական կողմն հետահայաց ասել, թե դա իր օրակարգն է։ Նրա համար, որ ներքին լսարանին կարողանա ասել, որ հայամետ որոշումների է գնում՝ ապահովագրելով գործող իշխանություններին։ Զուտ տեխնիկակական խնդիրներ են և քաղհասարակությանը հանգստացնելու քայլեր։ Այդ քայլերը միտված չեն պետական խնդիրների լուծմանը, Արցախի հիմնախնդրին, այլ միայն ներքին լսարանի համար են։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Արցախի հիմնախնդիրը տեխնիկական հարց չէ, այն այդ մակարդակում չի լուծվում։
«Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և ապաշրջափակվող ճանապարհների, կոմունիկացիաների միջև։ Որքանո՞վ է իրավաչափ Ադրբեջանի նման քաղաքականությունը»։
-Տեսե՛ք։ Այդ հարցի մասին ես վաղուց խոսում եմ։ Պետական մակարդակով փորձեցին հերքել ժամանակին։ Ժամանակը ցույց տվեց, որ Ադրբեջանը գնում է նման քայլերի։ Ասում են՝ դուք կապվեք Արցախի հետ Լաչինի միջանցքով, մեզ էլ հնարավորություն տվեք Հայաստանի միջոցով արտատարածքային միջանցք ունենալ Նախիջևանի հետ։ Այնինչ Լաչինի միջանցքն ամբողջությամբ այլ ֆորմատով է կարգավորվում, այլ սկզբունքների ներքո, ամբողջությամբ այլ հենքի, պատմության և իրականության մեջ պիտի սա դիտարկել։ Այո, Ադրբեջանն իր առվելությունները կապիտալիզացնում է, բայց հայկական կողմը որևէ կերպ սա չպետք է դիտարկի բարտերային տրամաբանության մեջ։ Նույնիսկ եթե կհիշեք, Մինսկի խմբի ֆորմատում նման սկզբունք երբևիցե չի եղել։ Այսինքն, միջազգային հանրությունը և գերտերություններն այդպիսի սկզբունքի շուրջ համաձայնության չեն եկել։ Այդ մասին հիմա խոսել՝ անտեղի է։
«Իսկ ինչո՞ւ է հատկապես հիմա նման տեղեկատվություն քաղաքական դաշտ բերվում»։
Որովհետև այս պահին Հայաստանի հասարակությունը կարծես թե պատրաստ է հրաժարվել Արցախից։ Սա շատ վտանգավոր է։ Հոգեբանական ճնշումները, պատերազմի վտանգը մարդկանց այն վիճակին են հասցրել, որ պատրաստ են «հանգիստ ապրելու համար» զիջել նույնիսկ Սյունիքը, ցանկացած բան՝ թվացյալ խաղաղության դիմաց։ Բայց պիտի հասկանան, որ խաղաղություն երբեք չի լինելու։ Սա իդեալական պահ է, որ կարողանանան հավասարը հավասարին փոխանակում իրականացնել, և մարդկանց համար նույնիսկ շատ դրական ձեռքներում կարող է հարմարվել։ Այսօր մենք գտնվում ենք ադրբեջանական օրակարգի մեջ, սպասարում ենք այդ օրակարգը։
«Օգոստոսի 31-ին Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը, որը կայացել էր Շառլ Միշելի հովանու ներքո, պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը սկսելու շուրջ։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի նիստի կայացման հարցում շտապողականության և խաղաղության պայմանագրի աշխատանքների միջև կապ տեսնու՞մ եք»։
-Ես ամբողջականության մեջ եմ սա դիտարկում։ Երբ մենք խոսում ենք Ադրբեջանի կամ Թուրքիայի մասին, պիտի հասկանանք, որ դա մեկ պետություն է փաստացի, որը աշխարհից կտրված չէ։ Նրանք աշխարհակարգի փոփոխությունների կարևոր մասն են։ Մենք բոլորս գիտենք և՛ Եվրոմիության դիրքորոշումը, և՛ Ռուսաստանի, և՛ մնացածների։ Գիտենք նաև, որ Եվրոմիությունը խիստ կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, անկախ նրանից, թե ում օգտին այն կկարգավորվի։ Հայաստանում էլ այս մտայնությունը երկար ժամանակ կար՝ ամեն գնով լուծենք Արցախի հարցը, մենք հանգիստ ապրենք։ Եթե չկա հիմնախնդիր, չկա նաև հայ-ադրբեջանական խնդիր, չկա նաև ռուսական խաղաղապահների կարիք։ Պետք է նշել, որ 30 տարի Արցախը մեզ ներկայացվել է էմոցիոնալ տեսանկյունից։ Բայց պետք է իմանալ, որ այն միայն հայրենիք չէ, այն հայկականության անվտանգության հիմնական, առանցքային բաղադրիչ է։ Մենք չենք պատկերացնում, թե ինչ է լինելու մեզ հետ, եթե վերջնական հրաժարվենք Արցախից։ Չեմ ուզում պատկերացնել, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ կլինի մեզ հետ։ Մենք նման ենք մի մարդու, ով ինքասպանության է գնում, որպեսզի ռազմի դաշտում չզոհվի։