Նոյեմբերի 24, 2024

Ցուցարարների պահանջը նույնն է․ Արցախի ներքին կյանքում փոփոխություններ են պետք

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 05, 2022

Արդեն 39 օր է, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շարունակվում է նստացույցը՝ Հանրապետության  ներքաղաքական կյանքում փոփոխություններ կատարելու պահանջով։  Այս ընթացքում Հրապարակում մի քանի բազմամարդ միտինգներ են եղել՝ արտաքին քաղաքական զարգացումներով ու մարտահրավերներով պայմանավորված։   Բայց նստացույցի  հիմնական օրակարգը շարունակում է մնալ ներքաղաքական։ Նստացույցի նախաձեռնող,  հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը համոզված է՝ հենց այստեղ պետք է փնտրել  բոլոր մեծ խնդիրների հիմքը։ Ակցիայի կազմակերպիչների առաջ քաշած  հարցերից մեկը հանրապետությունում կադրային փոփոխություններին էր վերաբերում։  Երկու շաբաթ առաջ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես գալով  ուղերձով հայտարարել է, որ պատրաստվում է մի շարք կադրային փոփոխություններ անել։ Երեկ, օրինակ՝ նախագահը հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդնանյանին առաջարկեց զբաղեցնել պետնախարարի պաշտոնը։ Ի՞նչ են մտածում այս մասին Հրապարակում հավաքվածները։  Որովհետև պետնախարարի հրաժարականը նրանց առաջ քաշած կետերից մեկն էր։  Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ փոփոխությունները պետք է կատարվեն նախագահին կից ձևավորված կեմիտեում։

 «Այսօր արդեն մեր նստացույցի 39-րդ օրն է։ Պահանջը մեկն է՝ ներքին կյանքում փոփոխություններ են պետք։ Կիրակի օրը՝ նստացույցի նախավերջին օրը, մենք հավաք ենք կազմակերպելու, ևս մեկ անգամ պահանջելով Արցախում ներքաղաքական փոփոխություններ։ Նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ քաղաքական խորհուրդ է ստեղծելու, բայց պետք է ստեղծել արտակարգ կոմիտե, որը կլուծի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»։

 Դեռևս բողոքի ակցիայի  առաջին օրերին Տիգրան Պետրոսյանն «Արցախ» լրատվականին  ասել էր, որ իրենք 3 հրաժարական են պահանջում՝ պետնախարար Արտակ Բեգլարյանի, ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականները։  Այս հարցը մնում է օրակարգում, ասում է, բայց  Արցախում  նաև այլ փոփոխություններ են պետք։ 

«Հարցը այս երեք անձի մեջ չէ։ Այսօր Արցախը շատ-շատ փոփոխությունների կարիք ունի։ Ուղղակի մենք հիմնավորված կերպով այս երեք հրաժարականներն ենք պահանջել»։ 

Արցախում կադրային  փոփոխությունների անհրաժեշտության մասին վերջերս հաճախ է խոսվում։ հնարային տարբեր շրջանակներ մինչև անգամ կոնկրետ անուններ են շրջանառում։ Երկրի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ փոփոխություններ էր անոնսավորել։  Բայց առայժմ պաշտոնապես հայտնի է միայն պետնախարարի հնարավոր փոփոխության մասին։     

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ