Նոյեմբերի 24, 2024

Տարածքային ամբողջականության սկզբունքը չի չեղարկում ազգերի ինքնորոշման իրավունքը

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 07, 2022

Բոլոր համաձայնությունները, սովորաբար, հղում են անում ինչ որ փաստաթղթերի՝ ասում է ԱՀ ԱԳՆ Դավիթ Բաբայանը, բայց անկախ ամեն ինչից մենք պետք է հասկանանք՝«Ադրբեջանի տարածքային ամբողջկանությունը Արցախի հետ որևէ ձևով կապ չպետք է ունենա»։ Արցախի իշխանությունների կարծիքն ու պահանջն  անփոփոխ է։ Դավիթ Բաբայանը ստեղծված իրավիճակում երկու առանցքային   կետ է առանձնացնում։ 

«Քաղաքականության մեջ հստակություն չկա, ամեն ինչ կախված է ինտերպրիտացիայից, այսինքն, թե ինչպես ես մեկնաբանում։ Ադրբեջանը տարածքային ամբողջականությունը ընդունում է Արցախով հանդերձ։  Մենք դա չենք ընդունում, և բնական է, չենք ընդունելու։ Սա մեկ։ Երկրորդը՝ երբ  որ խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, երբեմն թյուր կարծիք է ձևավորվում, որ տարածքային ամբողջականությունը ունի առավելություն ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Այդպիսի բան չկա»։

 Այս սկզբունքները իրավահավասար են՝ ասում է արտգործնախարարը։ Ազգերի ինքնորոշման իրավունքի՝ տարածքային ամբողջականության հետ իրավահավասար լինելու մասին բազմաթիվ միջազգային փաստաթղթերում նշվել է։ 

«Եթե խոսքը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին, ապա հղում կատարել տարածքային ամբողջականությանը և այն համարել գերակա, անթույլատրելի է։ Տարածքային ամբողջականությունը վերաբերում է երկկողմ հարաբերություններին։ Եթե կա ազգերի ինքնորոշման իրավունք, ապա սա չի կարող անտեսվել՝ արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով։ Այս ամենը համառորեն պետք է պաշտպանվի»։ 

 Դավիթ Բաբայանն ամեն դեպքում հույս ունի, որ Հայաստանը չի ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ նաև Արցախն է մտնում։ Վերջնական համաձայնություն դեռ չկա՝ ասում է։ Արցախի դիրքորոշումը քմահաճույք չէ, Ադրբեջանի կազմում մեզ սպասում է ոչնչացում կամ հայաթափում։ 

«Ինքը Իլհամ Ալիևը դրա մասին ասում է, ասում է՝ ում դուրը չգա թող գնա։ Սան ի՞նչ է նշանակում, նշանակում է տարհանում, դեպորտացիա»։

 Եթե հայ ժողովուրդը համաձայնվի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ապա մենք՝ որպես արժանապատվություն ունեցող ժողովուրդ կդադարենք գոյություն ունենալ, մենք այլևս չենք կարողանալու խոսել ցեղասպանության մասին, բարոյական իրավունք չենք ունենալու այցելել Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր՝ ասում է Արցախի արտաքին քաղաքական  գերատեսչության ղեկավարը։ 

«Չկա մոնոլիտ միջազգային հանրություն։ Միջազգային հանրությունը միշտ ճեղքված է եղել, այսօր առավել ևս։ Հետևաբար, եթե միջազգային հասարակության մի մասն ուզում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս, կան նաև երկրներ, որոնց չեն ուզում, որ դա լինի։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Եթե մեզ»։  

Արցախը և արցախցիներն իրենց ճակատագիրը որոշելու հնարավորությունը ունեն, ոչնչի համար դեռ ուշ չէ՝ համոզված է Դավիթ Բաբայանը։ Բայց սրա համար հանրային ընկալում է պետք, այն է «Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել ու չի լինելու»։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ