Խաղաղության պայմանագիրը մի գործընթաց է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային մեխանիզմի ստեղծումը մեկ այլ գործընթաց: Այս մասին երեկ` հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցին, թե արդյոք այս մոտեցումը արձանագրված է եւ կողմերը համաձայն են արդյոք այսպես գնալ, ԱԽ քարտուղարն ասել Է․
«Եթե որեւիցե հավելյալ մոտեցումների փոփոխություն չլինի, այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք»,- ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի ուղարկած ընդլայնված առաջարկներին ՝ խաղաղության պայմանագրի հետ կապված, Գրիգորյանն ասել Է , որ այդ առաջարկները ՀՀ արտգործնախարարը ստացել Է Ժնեւում.
«Մենք այս պահին աշխատում ենք այդ առաջարկի վրա եւ ես հույս ունեմ, որ շուտով մենք կպատասխանենք այդ առաջարկներին, եւ հնարավորություն կլինի հանդիպելու եւ քննարկելու այդ առաջարկները»:
Արմեն Գրիգորյանը նշել Է, որ ադրբեջանական կողմի ընդլայնված առաջարկները նախկինում ներկայացված 5 սկզբունքի տրամաբանության մեջ են: Անդրադառնալով հարցին կա արդյո՞ք Արցախի մասով կետ խաղաղության պայմանագրում, ԱԽ քարտուղարը պատասխանել է.
«Միջազգային հանրությունը միշտ էլ ասել է, որ իրենք հասկանում են, որ Հայաստանը կարող է առաջ շարժվել բոլոր բանակցություններում , եթե Հայաստանը համոզված լինի, որ Լեռնային Ղարաբաղում ապրող բոլոր հայերի համար ստեղծված են անվտանգության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքներ»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ առաջարկն ավելի հավասարակշռված է կողմերի համար, ԱԽ քարտուղարն ասել է՝ դեռ պետք է հասկանանք` արդյոք Բաքուն ընդունում է այդ առաջարկները, որ կարողանան առաջ շարժվել: Արմեն Գրիգորյանը անդրադարձել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով այդ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի ժամանակացույցը։ ԱԽ քարտուղարն ընդգծել է , որ 1929 թվականին գործընթաց եղել է` Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա, այժմ էլ պետք է փոխադարձ համաձայնության գալ, որ դա ընդունվում է որպես հիմք, ապահովվում է ՀՀ 29.800 ք/կմ տարածքը։
«Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար՝ նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով` շարունակում է օրակարգում մնալ նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից»։
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա: Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն՝ նշել է Արմեն Գրիգորյանը։
Վաշինգտոնում Հանդիպման ընթացքում Գրիգորյանը, Սալիվանն ու Հաջիևը հիմնականում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ ԼՂ հիմնախնդրի շուրջ հիմնական օրակարգային հարցն ըստ Գրիգորյանի եղել է միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցը, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂՀ–ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։