Հայաստան ԵՄ քաղաքացիական դիտորդներ ուղարկելու մասին հայտարարվեց Պրահայում քառակողմ հանդիպումից հետո։ Ինչ մանդատ ունի Առաքելությունը՝ դեռ հայտնի չէ։ Նախ Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները՝ ովքեր պետք է տեղորոշեն քաղաքացիական առաքելության տեղակայման կետերը։ Նրանց երեկ ընունել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու քննարկել Առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր: Այսինքն, ինչ-որ իմաստով Առաքելությունն արդեն իսկ Հայաստանում է։ Բայց չնայած դրան, գիշերը սահմանին գրանցվել է հրադադարի խախտման հերթական դեպքը։ Արդյոք, դիտորդական առաքելությունը կարո՞ղ է զսպման միջոց լինել Ադրբեջանի համար։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Առաքելությունը չունի զսպան կոնկրետ գործիքներ։ Այն կարող է միայն գրանցել խախտումը, զեկույց պատրաստել և ուղարկել Բրյուսել։
«Բրյուսելը կարձագանքի, եթե նման որոշում լինի։ Այսինքն, կարող է նաև չլինել։ Օրինակ ունենք Վրաստանի փորձը, ըստ որի առանձնապես ոչ մի բան չի արվել։ Անվտանգային տեսանկյունից որոշակի զսպման գործողություն է եղել ընդամենը քաղաքական մակարդակով»։
Որքան էլ սահմանափակ լինեն Առաքելության գործառույթները, այդուհանդերձ, սահմանախախտում կամ սադրանք գրանցելու դեպքում այլևս հնարավոր չի լինի անարձագանք թողնել դրանք։ Հետևաբար, ի՞նչ քայլեր կարող են հետևել դրան։ Կարո՞ղ են որոշակի ճնշումներ լինել ագրեսորի նկատմամբ։ Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ն ազդու գործիքներ շատ ունի։ Բայց չպետք է մոռանալ, որ Եվրամիության համար Ադրբեջանը «հուսալի» գործընկեր է՝ ռուսական գազին այլընտրանք առաջարկելու առումով։
«Պայմանական պատժամիջոցներ կարող են լինել քաղաքական հայտարարությունները կամ տարբեր պայմանավորվածությունների խզումը։ Բայց չմոռանանք, որ Ադրբեջանը նաև այլընտրանք է ռուսական գազին։ Իհարկե, կան որոշակի դժգոհություններ Ադրբեջանի պահվածքից։ Բայց դրանք շատ փոքր են՝ Ադրբեջանի հետ համագործակցելու ցանկության համեմատ»։
ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայտարարություններից գործողությունների անցնելու առաջին քայլն է, կարծես։ Բայց, եթե հրադադարի խախտում արձանագրելու դեպքում ոչ մի ճնշում չգործադրվի, ապա ի՞նչ հետևություններ կարող ենք անել։ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ այս առաքելությունն ի սկզբանե միտված չէ տեղում արձագանքելու խախտումներին։ Ըստ Պրահայի հանդիպման քառակողմ հայտարարության, Առաքելության նպատակն է նաև վերակագնել կողմերի միջև վստահությունը։
«Այս պահի դրությամբ վստահություն չկա, որովհետև Ադրբեջանի վարքագիծը ագրեսիվ է։ Բայց, քանի որ ԵՄ-ն ցանկանում է իր միջնորդությամբ կնքել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, ապա փորձում է դրանով ստեղծել վստահության մթնոլորտ։ Այսինքն, խոշոր հաշվով, այս Առաքելության նպատակն է ոչ թե պահել Հայաստանի սահմանները, այլ ապահովվել background, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիրը»։
Դիտորդական խմբի առաքելություններից մեկն էլ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին նպաստելն է։ Մինչ այս այդ պրոցեսի հիմնական դերակատարը Ռուսաստանն էր, որը մի քանի անգամ հայտարարել է՝ տարածաշրջանի քարտեզները գտնվում են ռուսական գլխավոր շտաբում։ Եթե դեմարկացիա-դելիմիտացիա պիտի արվի, ապա ի՞նչ քարտեզների հիման վրա այն տեղի կունենա։ ԵՄ-ն տիրապետո՞ւմ է այդ քարտեզներին։
«Գուցե ռուսական գենշտաբում պահվում են ամենամանրամասն քարտեզները, բայց դա չի նշանակում, որ դրանք այդքան անփոխարինելի են։ Որովհետև իրականում նման քարտեզներ օն-լայն հասանելի են, անգամ, այդ նույն ռուսական գենշտաբի քարտեզները։ Եվ այսպիսով, ասել թե Ռուսաստանը ինչ-որ գաղտնիք է պահում, չէ, նման բան չկա»։
Իսկ կարո՞ղ է , արդյոք, Հայաստանը դառնալ այն կետը, որտեղ Ռուսաստանն ու Եվրոպան կհամգործակցեն միմյանց հետ։ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ դժվար թե նման բան տեղի ունենա։ Վերջին օրերին մենք տեսնում ենք Ֆրանսիայի և Ռուսաստանի փոխադարձ մեղադրանքները, ինչն էլ ցույց է տալիս անհամաձայնության առարկան։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի համար շատ դժվար է լինելու համատեղել Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները։
«Բայց սա չի նշանակում, որ նույն ՀԱՊԿ-ի և ԵՄ դիտորդական առաքելությունները չպետք է գործեն։ Իրենք ֆիզիկապես որևէ կերպ չեն խանգարի։ Այլ հարց է, թե ինչքանով են քաղաքականապես համատեղելի այդ առաքելությունները, որովհետև երկու կողմից էլ լինելու է ակնհայտ ճնշում Հայաստանի վրա, որպեսզի մյուս առաքելությունը հեռանա։ Որն է լինելու ավելի արդյունավետ՝ դա արդեն կտեսնենք»։
Առաքելության համար սահմանված է 2 ամիս։ Ադրբեջանն էլ երեկ վերջնագիր է նարկայացրել կրկին երկու ամիս ժամանակ տալով հայկական կողմին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ այս 2 ամիսներին և հատկապես, դրանից հետո։ Հրանտ Միքայելյանն ընգծում է՝ Ադրբեջանը շարունակում է խոսել շանտաժի լեզվով։ Սրան դիմակայելու համար Հայաստանը պետք է հստակ նպատակներ սահմանի և առաջին հերթին զբաղվի բանակի ամրապնդմամբ։ Նոր սադրանքների ռիսկը դեռ մնում է։ Ինչ վերաբերում է տարբեր երկրների առաջարկած օրակարգերին, ապա դրանք պետք է ծառայեն այս նպատակին, այլ ոչ թե ծառայեցվեն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղերի։