ԱԱստանայի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ելույթների տրամաբանությունը տեղավորվում է 44-օրյա պատերազմից հետո հնչեցված դիրքորոշման մեջ՝ քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքն է։ Ընդ որում, նա Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական կետային ու հանգամանալից պատասխան է համարում Ալիևի այն ելույթներին, որոնք ուղղված են հայկական կողմին ինչ-որ պահանջներ ներկայացնելուն։ «Ադրբեջանի նախագահի կողմից բարձրացվող հարցերը կապված Արցախյան դեռևս առաջին պատերազմի հետևանքների հետ՝ մասսայական թաղումների, ականապատ տարածքների քարտեզների և նմանատիպ թեմաներով, ըստ Նիկոլ Փաշինյանի ելույթի, խոսում են Ադրբեջանի մանիպուլյացիաների ու խաղաղությանն անպատրաստ լինելու մասին»,-ասում է քաղաքագետը։
«Այս հարցերը բարձրացնելով Ադրբեջանը ոչ միայն փորձում է լեգիտիմացնել իր ապակառուցողական քաղաքականությունը նաև հետագայի համար, այլ փաստացի նենգափոխել խնդրի էությունը։ Մեծ հաշվով այսօր խոշոր դերակատարները ինչքան էլ իրարամերժ ռազմավարություն վարեն, այնուամենայնիվ որոշակի պատասխանատվություն ունեն այն ճանապարհի համար, որ կոչվում է Ղարաբաղյան կարգավորում։Իսկ այստեղ այնպես չէ, որ Ադրբեջանի համար կան միայն ընդունելի մոտեցումներ։ Հիմա փաստացի փորձելով նենգափոխել իրողությունները և հավելյալ սադրանքներ հնարել Հայաստանի հասցեին, ալիևը փորձում է չեզոքացնել այդ ռիսկերը»։
«Ալիևն ինքն արդեն տվել է իր բարձրացրած հարցերի պատասխանը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր ստորագրած հայտարարությամբ,- ասում է քաղաքագետը,- որտեղ հստակ նշված է, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, և որ կա հակամարտություն, որը պետք է կարգավորել, և կան հստակ ձևակերպումներ, որոնք արձանագրում են այդ ամենը։
«Հենց այս հանգամանքն է, որ ըստ էության շատ մեծ գլխացավանքի է վերածվում Ալիևի համար ժամանակի ընթացքում, որովհետև բարդացնում է մանևրը սեփական հասարակության և միձազգային գործընթացների միջև։ Շատ կարևոր է, որ Երևանը այդ կետային և փաստարկված արձագանքներով կարողանա հակազդի հանիրավի սադրանքներին և իր հերթին բարձրացնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը թե առաջին Արցախյան պատերազմի, ու թե 44-օրյայի ընթացքում ռազմական հանցագործությունների համար, որ առկա են և արտահայտվում են աղաղակող տեսանյութերի ձևով»։
Շատ կարևոր են հարցադրումները, որ Փաշինյանը դրեց ՀԱՊԿ պետությունների առաջ, բայց, միևնույն ժամանակ, խնդրի բարձրաձայնումը խնդրի լուծում չէ՝ նկատում է քաղաքագետը։ Իրականում գործ ունենք Հայաստանի անվտանգության խորքային ճգնաժամային իրավիճակի հետ, և կարևոր է, որ ՀԱՊԿ-ի առաջ այդ խնդիրները բարձրաձայնելուն զուգահեռ Երևանն ունենա նաև հետագա քայլերի ճանապարհային քարտեզ, այդ թվում և ՀԱՊԿ-ի հետ հարաբերության ճգնաժամի հաղթահարման գործողությունների որոշակի մշակված ծրագիր։
«Այլապես այստեղ մենք կարող ենք արձանագրել, որ կա ճգնաժամն ավելի խորացնելու ռիսկ, երբ չկան հանգուցալուծման հնարավոր տարբերակներ։ Այդ իրավիճակին հասցնելը թերևս ցանկալի չէ»։
Հակոբ Բադալյանը հատկանշական է համարում այն, որ հարցը բարձրացվել Է հենց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որի անդամ պետությունների մեծ մասը ՀԱՊԿ անդամ են։ ․․
«Այդ ամենին զուգահեռ կարևոր է, որ Երևանը իր դիրքորոշումն արտահայտի ԱՊՀ-ն դիտորդ դարձնելու հարցի առնչությամբ։ Քանի որ եթե ԱՊՀ-ն դառնում է ՀԱՊԿ առաքելության դիտորդ, ապա անուղղակի դիտորդի կարգավիճակ է ստանում նաև Ադրբեջանը, ով ԱՊՀ անդամ է։Այս իրողությունը պետք է արժանանա պաշտոնական Երևանի համարժեք գնահատականին։ Ըստ այդմ Փաշինյանի ելույթում բավական հստակ նշմարվեց , որ Երևանը չի կարող համաձայնել այդ առաջարկին այն իրավիճակում, որի մեջ մենք գտնվում ենք»։
Եվ տրամաբանական է, որ Փաշինյանը վաղաժամ է համարում ԱՊՀ-ին դիտորդական կարգավիճակ տրամադրելու հարցի քննարկումը, ՀԱՊԿ ֆունկցիոնալության և վերջինիս պատասխանատվության գոտում սեպտեմբերին տեղի ունեցած իրողությունների մասին բարձրաձայնելը։ Ադրբեջանի նախագահի արձագանքը Ֆրանսիայի նախագահի հայտնի հարցազրույցին չի զարմացնում՝ ասում է Բադալյանը։ Չնայած Մակրոնն ավելի շատ թիրախավորում է ռուսական քաղաքականությունը։
«Ալիևը նախ փորձում է օգտվել առիթից և դուր գալ Ռուսաստանին, օգտվելով «Մակրոնի ընձեռած հնարավորությունից»,միևնույն ժամանակ ընդհանրապես փորձում է օգնագործել պահը և բարձրացնել իր քաղաքական դիրքորոշումների գինը։»
Ֆրանսիայի քայլերը Բադալյանը ողջունելի է համարում, իհարկե, բայց միևնույն ժամանակ համոզված է, որ Փարիզը չի գնա Բաքվի հետ հակամարտության, եթե իրավիճակը չսրվի այն աստիճան, որ Ֆրանսիային սպառնա խաղից դուրս մնալու հեռանկարը։ Ֆրանսիայի նախագահը հավանաբար ունի իր հաշվարկները և Ալիևն այդ քայլերով փորձում է բարձրացնել իր գինը։ Ամեն դեպքում Ադրբեջանը վերջնագրերով է խոսում Հայաստանի հետ․ ի՞նչ ռիսկեր են դրանք պարունակում Հայաստանի համար․ հնարավո՞ր է նոր պատերազմ կամ էսկալացիա Հայաստանում։ Ինչպիսի ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղին։ Ի վերջո, ըստ Ալիևի ելույթի, Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման մասնակիցներից ոչ մեկն էլ դեմ չէր այն մտքին, թե Ղարաբաղն Ադրբեջանի մասն է և Ադրբեջանի ներքին խնդիրը։
«Էսկալացիայի ու պատերազմի ռիսկը մշտապես առկա է, անկախ նրանից, թե Ադրբեջանը խոսում է վերջնագրերով, թե խոսում է խաղաղության մասին, քանի որ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակն է բխեցնում այդ ռիսկերը։Շատ դեպքերում այդ ռիսկերը նույնիսկ կառավարելի չեն Ադրբեջանի կողմից, այսինքն Ադրբեջանը կարող է մտնել նոր պատերազմի մեջ, անգամ եթե ինքնէլ տեսնի, որ այն իր համար ռիսկեր է պարունակում։ Մենք այսօր գտնվում ենք համաշխարհային ուժային կենտրոնների բախման միջավայրում, ու այդ միջավայրը չի սահմանփակվում միայն Հարավային Կովկասով։»
Ինչ վերաբերում է Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու Ադրբեջանի նախագահի պնդումներին, ապա դա, ըստ էության, ներքին լսարանի համար է, քանի որ Ղարաբաղյան խնդիր Ադրբեջանն ունի, և մի կողմից ստիպված է բանակցել դրսում, մյուս կողմից ներքին լսարանի հարցերի պատասխանները տալ։ «Բնականաբար այդ հայտարարությունները մարտահրավերներ են, ասենք, քառակողմ հանդիպման մասնակիցներին, այդ թվում և Ֆրանսիային, որը պետք է պետք է արձանագրի, թե արդյոք համաձա՞յն է այն մեկնաբանությանը, որ տալիս է Ալիևը Պրահայի հանդիպմանը՝ կապված Ղարաբաղի ու Ադրբեջանի սուբյեկտային հարաբերակցության հետ»։