Նոյեմբերի 24, 2024

3 զորավարժություն 2 տարվա ընթացքում․ Իրանի զգուշացումները թուրք-ադրբեջանական տանդեմին

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 18, 2022
Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում արդեն երրորդ լայնածավալ զորավարժությունն են անցկացնում։ «Իրանի զորավարժությունները հստակ ուղերձ են հարևան երկրներին», իրադարձությունը մեկնաբանում են փորձագետները։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարևան երկրների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվտանգության հստակ ուղերձ են, իսկ թշնամիների համար՝ վճռական պատասխան արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների կողմից ցանկացած սպառնալիքներին և միջամտություններին» Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Ադրբեջանում Իրանի դեսպանը։ 
«Զորավարժությունների անցկացման փաստից առավել ուշագրավ են այդ զորավարժությունների մեջ կիրառվող սցենարները»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 
 
«Խոսքն Արաքս գետի վրա ժամանակավոր կամրջի շինարարության մասին է, այդ կամրջով դեպի Ադրբեջանի տարածք մուտքի սցենարի, իրանական զրահատեխնիկայի մեծ ծավալների կուտակման, հրթիռների, անօդաչուների օգտագործման մասին։ Ինչպես նաև փորձարկվելու է  ճանապարհների, բնակավայրերի, բարձունքների նվաճման սցենար։ Բնականաբար շատ լուրջ զորավարժություն է, որն արդեն անհանգստացրել է ադրբեջանական կողմին»։
 
 Զորավարժություններն ընդգրկում են նաև Նախիջևանի ու Արցախից բռնագրավված տարածքների՝ Ջրականի մերձակայքը։ Իրանի մեսիջներն արդյո՞ք միայն Ադրբեջանին են ուղղված․ ի՞նչ ասելիք ունի Իրանը Հայաստանին։
 
«Որևէ բացասական ուղերձ, ուղղված Հայաստանին, չկա, ինչպես հռետորաբանության, այնպես էլ զորավարժությունների տիրույթում, ակնհայտ է, որ խոսքը միայն Ադրբեջան կոչվող արհեստածին պետության մասին է։ Իրանն արդեն մի քանի անգամ զգուշացրել է, որ Իրանը տարածաշրջանում չի հանդուրժի որևէ նկրտում սահմանային անձեռնմխելիության նկատմամբ, և հատկապես ՀՀ և Իրանի միջև ցամաքային կենսական նշանակության կապի  կտրման մասով։ Ցանկացած նման քայլ արժանանալու է Իրանի կոշտ հակադարձմանը»։
 
 «Իրանն արդեն բազմիցս տարբեր հարթակներից զգուշացումներ է հղել՝ իր կողմից սահմանված կարմիր գծերի խախտման փորձի դեպքում և կիրառում է իր արսենալում առկա գործիքակազմը՝ ադրբեջանաթուրքական ախորժակը զսպելու համար՝ այդ թվում նրանց ձևակերպմամբ՝ «զանգեզուրյան միջանցքի» պահով»,- ասում է Վարդան Ոսկանյանը։ Ներկա պահին Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են 100 տոկոսով, և Հայաստանը պիտի օգտվի այդ բացառիկ շանսից՝ իր քաղաքական ու դիվանագիտական դիրքերը բարելավելու համար։ 
 
«Այս հարցում Իրանի և Հայաստանի շահերը լիովին համընկնում են։ Եվ իրանական կողմը ցույց է տալիս, որ իրական վտանգի պարագայում Իրանը ռազմական գործողությոնների կդիմի՝ Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու համար։ Ընդ որում, եթե ոմանց թվում է, թե այդ գործողությունը վերաբերելու է միայն  ցամաքային Ադրբեջանին, ապա սխալվում են․ իրանական կողմը  մշակել է նաև սցենարներ Նախիջևանի կողմից Ադրբեջանին հարվածներ հասցնելու համար»։
 
 Այս հարցում Ադրբեջանին ու Թուրքիային դիմակայում են մի քանի խաղացողներ, տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, դա, առաջին հերթին, Իրանն է։ 
 
«Ակնհայտ է, որ Իրանի հետ երկկողմ ու եռակողմ՝ նաև ՌԴ ներգրավմամբ, ձևաչափով այժմ լրջագույն հնարավորություն կա, ստեղծել  համագործակցության հարթակներ, թե ռազմատեխնիկական, թե աշխարհաքաղաքական  շահերը համադրելու իմաստով։Իրանը մեր տարածաշրջանում այն կարևորագույն գերտերությունն է, որը հսկայական դերակատարություն ունի ՀՀ անվտանգության բաղադրիչի ապահովման տեսնակյունից։ Իսկ թուրք ադրբեջանական միասնության նպատակը Հայաստանը թուլացնելը և նրա պետականությունը հարցականի տակ դնելն է։» 
 
Իրանական պետական շահերն են պահանջում ուժեղ և ամուր Հայաստանի գոյությունը, իսկ Իրանի պես պետությունը իր շահերը չսպասարկել չի կարող, անկախ նրանից, Հայաստանը կգնա՞ համագործակության թե՞ ոչ։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ