Նոյեմբերի 24, 2024

Նոր հյուպատոսություններ տարածաշրջանում

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 22, 2022
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նման քայլերը Հայաստանի համար աշխարհաքաղաքականության մեջ մանևրելու  հնարավորությո՞ւն, թե՞ նաև ռիսկեր են պարունակում։ Չէ՞ որ, դրան զուգահեռ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու հայտարարություն է արել, իսկ ադրբեջանական մամուլում շրջանառվում է Արաքսի ափին՝ Խուդաֆերինի կամրջի մոտակայքում, Իսրայելի հյուպատոսություն բացելու ծրագրի մասին տեղեկատվություն։ Չի՞ վերածվի Հայաստանը տարածաշրջանի խոշոր խաղացողների շահերի, գուցե նաև, ռազմական բախման հարթակի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ռիսկեր, իհարկե, կան, բայց հնարավորություններն էլ քիչ չեն։  
 
«Մենք պիտի փորձենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ և ինչ ռիսկեր կան։ Եթե գլոբալ նայենք, ապա Հարավային Կովկասը 3 մեծ երկրներով է շրջապատված՝Իրան, ՌԴ, Թուրքիա, և տարածաշրջանում խաղաղություն կլինի, եթե այդ երկրների շահերը հաշվի են առնված։ Դիզբալանսի դեպքում առաջանում են ձեր ասած ռիսկերը։ Եվ եթե այդ շահերը շատ լուրջ են, կարող են բերել նաև ռազմական բախման»։
 
 Արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հայաստանի համար առավելապես հնարավորությունների ծիրում է դիտարկում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Կապանում և, առհասարակ, Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային քաղաքականության մեջ։ 
 
«Հնարավորություններն, ըստ իս, ակնհայտ են։ Կապանում բացելով հյուպատոսություն, Իրանը ցույց է տալիս, որ հետաքրքրված է , որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում, Սյունիքի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չլինի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Փաստորեն դա արտահայտում է Իրանի ամենառազմավարական նպատակը մեր տարածաշրջանի։ Եթե սրան ավելացնենք այն խոշոր ռազմական միջոցառումը՝  զորավարժությունները, որ սկսել է Իրանը, պատկերը կամբողջանա․ դա Իրանի երկրորդ ազդակն է»։
 
 Ուղին, որ թուրքական աշխարհը ուզում է անցկացնել Սյունիքով, Ստեփան Դանիելյանի գնահատմամբ, ուղիղ սպառնալիք է Իրանի համար, քանի որ այնտեղ կա ադրբեջանցիների, քրդերի խնդիր, և Իրանը չի կարող թույլ տալ թուրքական ազդեցության մեծացում։ Հենց այդ պատճառով էլ նա հստակ մեսիջներ է հղում մնացած խոշոր խաղացողներին՝ ասելով, որ պատրաստ են ամեն ինչի։
 
«Եվ Ադրբեջանը, և Թուրքիան զարգացնում են անկախության գաղափարը։  Ատրպատականում արդեն ձևավորվել է վտարանդի կառավարություն,Թուրքիայի իշխանությունը նպաստում է այդ գաղափարին, Ադրբեջանի ու Թուրքիայի մասնատող հատվածը Սյունիքն է։ Իրանի ամբողջականության, գուցե գոյության խնդիրն է դրված։ Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է։ Եվ սա դիվանագիտական խոսքեր չեն զուտ, այլ ուղիղ իմաստով ասված խոսքեր։ Եվ պատահական է, որ Կապանում  Իրանի նորանշանակ հյուպատոսը նման հայտարարություն արեց առաջին իսկ ելույթում»։
 
«Իր շահերից ելնելով Իրանն այսօր հանդես է գալիս Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում»,-ասում է Ստեփան Դանիելյանը։ Ռուսաստանի համար ևս, Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելը կարևորագույն խնդիր է։  Ռուսաստանը գիտի՝ եթե խաղաղապահներն Արցախից հանվեն, իրենք ստիպված են լինելու դուրս գալ Հայաստանից, ասել է թե, կկորցնեն ազդեցությունը Հարավային Կովկասում, ապա կկորցնեն Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան և տարածքներ Ռուսաստանից։ Ստացվում է՝ առկա է նաև Ռուսաստանի ամբողջականության վտանգը՝ ասում է քաղաքագետը։ «Թուրքիան ու Ադրբեջանը հիմա մեկ միասնական քաղաքական վեկտոր ունեն, պաշտոնապես հայտարարվել է, որ ադրբեջանական բանակը լիովին անցել է թուրքական մոդելի, և դա երկու երկրների ինտեգրման միայն մի բաղադրիչն է»,-պարզաբանում է Ռուբեն Սաֆրաստյանը։ 
 
«Ինտեգրում ասելով չպետք հասկանանք 2 միևնույն հզորության պետության ինտեգրում։ Ըստ էության Թուրքիան կկլանի Ադրբեջանին, և  Հայաստանի ու Արցախի  նկատմամբ Ադրբերջանի  ագրեսիվ քաղաքականությունը։ Եվ Թուրքիան կօգտագործի Ադրբեջանին, իր վերջնական նպատակի համար․ այն է, ամբողջությամբ ազդեության տակ առնել Հարավային կովկասը»։                       
 
Շուշիում հյուպատոսության բացման նախաձեռնությամբ, Ստեփան Դանիելյանի բնութագրմամբ, Թուրքիան իր համառությունն է ցույց տալիս, և մենք տարածաշրջանային խաղացողների շահերի բալանսի խախտման ենք ականատես լինում։ Եթե այն խորանա՝ 
 
« Դա կլինի պատերազմ ոչ թե Հայստանի ու Ադրբեջանի միջև, այլ, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև։ Հաշվի առնելով իրավիճակը, որում գտնվում է Ռուսաստանը, թերևս ինքը ուղղակի չի մասնակցի այդ պատերազմին, այլ անուղղակի ձևով։ Ինչպես Ուկրաինայում, Արևմուտքը տվյալ դեպքում կաջակցի Թուրքիային։ Ռուսաստանը կաջակցի Իրանին։ Հիմա ՌԴ-ն սահմանփակված է, բայց կարծում եմ, նա կանի իր քայլը, եթե այն անելու հույժ անհրաժեշտություն լինի»։ 
 
Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ իրավիճակը վտանգավոր է, բնական է, որ Հայաստանը կարող է վերածվել խոշոր ռազմական բախման պլացդարմի, բայց Հայաստանի համար նաև հնարավորություններ են առաջանում․ հնարավորություն համախմբվելու դաշնակից երկրների հետ։ Քաղաքագետը կարևոր է համարում Իրանի նորանշանակ հյուպատոսի հայտարարությունը, թե Հայաստանը հարձակողական զենքի կարիք չի ունենա։ «Չգիտենք դրանք միայն խոսքեր են, թե ոչ, բայց դիվանագիտական լեզվով նման հայտարարոււթյունը արդեն իսկ զգուշացում է»,-ասում է Ստեփան Դանիելյանը։ Պայմանավորված Ուկրաինայի իրադարձություններով՝ Ռուսաստանը կարծես թե թուլացրել է դիվանագիտությունը Հարավային Կովկասում, և թվում է, որոշակի վակուում կա, որը փորձում է լրացնել Իրանը՝ ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։ Դա հետաքրքիր է՝  ասում է քաղաքագետը․ Իրանի քայլերը ցույց են տալիս, որ նա շահագրգռված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ, և այս պահին հանդես է գալիս որպես Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ճնշողի դերում։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2022 19:31
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ