Նոյեմբերի 24, 2024

Սոչիից առաջ Վաշինգտոնը հորդորում է ընտրել առավել օգտակար ձևաչափը, Ստեփանակերտն իր քայլերն է ձեռնարկում

By Լենա Բադեյան Հոկտեմբերի 27, 2022

Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ պաշտոնական Վաշինգտոնը կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին բաց տեքստով ակնարկում է հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանթ Պատելը գրեթե կրկնել է նախօրեին պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի հրավերը։Հայաստանի համար հարցադրումները, կարելի է ասել, ժամանակավրեպ են, քանի որ հոկտեմբերի 31–ին Սոչիում եռակողմ հանդիպման համար համաձայնություն արդեն տրվել է․ ԱԺ–ում վարչապետը հաստատեց։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի տեղեկություններով՝ դեռևս ոչ բոլոր համաձայնություններն են ձեռք բերված․

«Ադրբեջանական կողմից առնվազն ինձ մինչև այս պահը հայտնի չէ՝ համաձայնություն կա՞, թե չկա՞։ Մեկ տարի է անցել այս ձևաչափով հանդիպումից հետո, և կարծում եմ «ժամացույցները ուղղելու» անհրաժեշտություն կա։ Հայկական կողմի օրակարգը այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին մեկ տարվա ընթացքում, տեղի են ունեցել»։

Ակնկալվող հստակեցումները վերաբերում են ադրբեջանական ագրեսիաների հետևանքներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Սակայն Հայաստանը չի շտապում ադրբեջանական զորքերի հետ քաշումը ձևակերպել որպես պայման «խաղաղության պայմանագրից» կամ սահմանագծումից առաջ։ Անհրաժեշտությունը կա, բայց ներկայացվում է այնպես, որ չընկալվի որպես բանակցությունների նախապայման։ Նման մարտավարության նպատակը պարզաբանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այս գերլարված իրավիճակում ցանկացած նախապայման կարող ենք ուղիղ համարել, որ գործընթացի սառեցում և կանգնեցում է նշանակելու, ինչը խիստ վտանգավոր է ոչ միայն հայ–ադրբեջանական լարված այս կոնտեքստում, այլև տարածաշրջանի համար։ Դրա համար մեր պատկերացումները հետևյալն են՝ մենք բոլոր հարթակներում ներկայացնում ենք այս պահանջը, նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական։ Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի ինչ–որ տեքստի շուրջ խոսել և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահին Ադրբեջանի զինված ուժերը դուրս կգան հայկական սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ներկա պայմաններում Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանագծման աշխատանքով, քանի որ գործնականում ավելի լուրջ խնդիրներ է լուծել, քան պարզապես լրացուցիչ տարածքներ օկուպացնելը։

«Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից։ Շատ կարևոր է, իհարկե, արձանագրել տարածքային կորուստները քառակուսի կիլոմետրերով, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, զուտ ինչ–որ ուղղությամբ հաջող գործողության իրականացումը չէ։ Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանը զրկելու է կենսունակությունից։ Այսինքն՝ պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից»։

Ընդդիմադիր պատգամավորը չի վստահում նաև Պրահայի հանդիպման արդյունքին, համաձայն որի՝ պայմանավորվածություն կա սահմանագծումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով նախատեսված տարածքներով։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրում փաստին, որ Պրահայից հետո Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել 1918–20 թվականների քարտեզների մասին, իսկ դա նշանակում է, որ անգամ այս հարցում կարծիքները դեռ մոտ չեն։Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունում չեն շտապում ակնկալիքներ ձևակերպել Սոչիում սպասվող հանդիպումից։ Գեղամ Մանուկյան․

«Մինչև վերջին պահը կային բազմաթիվ հարցականներ, մնում են հարցականներ, մնում են հարցականներ նաև նախօրեին Նիկոլ Փաշինյանի բացատրություններից, բայց ընդհանրապես, նման հանդիպումներում շատ անկանխատեսելի զարգացումներ են եղել և ոչ միայն ՌԴ նախագահի մասնակցությամբ, այլ նաև՝ Արևմուտքում։ Դրա համար շատ ավելի ճիշտ կլինի սպասել դեպքերի զարգացմանը»։

Իշխանության պատկերացմամբ դեպքերը պետք է զարգանան առաջիկա 2 ամսվա ընթացքում, մոտավորապես 65 օրում՝ մինչև տարվա ավարտը։ Արդյո՞ք կհաջողվի այդ ընթացքում իրականացնել սահմանագծման աշխատանքները, հասնել Երևանի մոտ կեսին համարժեք տարածքից ադրբեջանական զորքերի հետքաշմանը և նախապատրաստել «խաղաղության պայմանագիր» կոչվածը․այս նպատակները ընդդիմադիրները խիստ կասկածի տակ են դնում։ Իշխանական թևից պատգմավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Սարգիս Խանդանյանը պարզաբանում են․

«Մենք շատ շահագրգռված ենք, որ այդ պայմանագիրը դառնա իրականություն։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները փոխկապակցված են նաև այդ փաստաթղթի հետ։ Բայց դրանք միաժամանակյա լուծում ստանալու որևէ պարտադիր պայման չունեն»։

«Ճշտում․ խոսքը դելիմիտացիայի մասին է, երբ մենք ասում ենք, որ կա ցանկություն և պատրաստակամություն այդ գործընթացի համար մինչև տարեվերջ նախաձեռնել և ավարտին հասցնել։ Բայց դեմարկացիայի գործընթացը բոլորովին այլ և բավականին երկարատև գործընթաց է։ Այս պահին մենք խոսում ենք դելիմիտացիայի և սահմանային անվտանգության մեխանիզմների ապահովման խնդրի մասին»։

Սոչիից առաջ ընթացող զարգացումներից երկրորդը առնչվում է Արցախին։ Որոշ տեղեկություններով՝ Արցախից պատվիրակություն է գործուղվել Ռուսաստան՝ Արցախի նախագահի գլխավորությամբ։ Հայաստանի խորհրդարանում լուրը որևէ հաստատում չստացավ, բայց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նման քայլում տրամաբանություն տեսնում է։

«Այս փուլում Արցախի տարբեր պատվիրակությունների այցերը Մոսկվա ավելի շատ պայմանավորված են, կարծում եմ, բանակցային սեղանին առկա տարբեր նախագծերի կամ փաստաթղթերի առկայությամբ։ Այն հայտարարությունները, որոնք հնչում են այդ փաստաթղթերի մասով, դրանք ոչ միայն սպառնալիք են Արցախի Հանրապետությանը, այլ տեղում ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգ են։ Բնական է, որ այս իրավիճակում Արցախը փորձելու է լրացուցիչ անվտանգության երաշխիքներ և մեխանիզմներ ստանալ առաջին հերթին ՌԴ–ից»

։Ուշագրավ է, որ Սոչիի եռակողմ հանդիպման նախօրեին ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք է ծրագրված Արցախում։ Արցախի տեղեկատվական շտաբի ներկայացմամբ՝ արտահերթ նիստն ու հանրահավաքը նվիրված են Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ