Նոյեմբերի 24, 2024

Ի՞նչ է կատարվել Սոչիում․ մեկնաբանում են քաղաքագետները

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 01, 2022

Սոչիի հանդիպումը կայացած իրողություն է այլևս, 3 երկրների ղեկավարները հանդես են եկելԱրցախյան վերջին պատերազմից հետո ընդունված՝ թվով 4-րդ հայտարարությամբ։ Այդ հայտարարությունն Արցախում նոր մտահոգություններ է առաջ բերել։ «Ինչի՞ մասին է Սոչիի հայտարարությունը»․ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ առաջին հերթին, ռուսական ազդեցության, մոդեռատրության ընդգծման ու վերահաստատման մասին։ Մոսկվան փորձեց ցույց տալ, որ չնայած պատերազմին, որի մեջ է այս պահին Ռուսաստանը Ուկրաինայում, այնուամենայնիվ ինքը գլխավոր դերակատարն է այս տարածաշրջանում: 

«Որովհետև տեսնում ենք, որ այնտեղ անդրադարձ կա ռուս խաղաղապահ առաքելության ընդգծմանը։ Ըստ էության ՀՀ և Ադրբեջանը փաստաթղթավորված պարտավորվում են տարածաշրջանում Ռուսաստանի շահերին հակառակ չգործել»։ 

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է՝ հայկական կողմը Սոչի է մեկնել իրավիճակի կայունության, կառավարելիության ռեժիմի հնարավորինս երկարաժամկետ պահպանման ակնկալիքով։ 

«Առավել կարևոր, օպերատիվ հարցն այս պահին հենց անվտանգության կայունության ռեժիմի՝ հնարավորինս  երկար ժամանակով պահելն էր, Ստացվու՞մ է դա  Սոչիի հանդիպմանը, թե ոչ՝ լիարժեք ասելը բարդ է, քանի որ գործոններն այդ հարցի վրա ազդող՝ բազմազան են»։

Ըստ Սուրենյանցի՝ բաց է մնում հարցը, թե արդյո՞ք կարող է Մոսկվան Բաքվին համոզել ԼՂ կարգավիճակի լուծումն առկախելու հարցում: «Այս տրույթում է քննարկվելու տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական առաքելության երկարաձգման կամ նրա բովանդակության, ինստիտուցիոնալ ներկայության հարցը»,-ասում է Սուրեն Սուրենյանցը  հավելելով՝ «Բնականաբար Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնությունների հասնել հնարավոր չի եղել, դրա համար խոսվում է խաղաղապահ առաքելության տեղակայման գոտու մասին՝ առանց Լեռնային Ղարաբաղ տերմինի հիշատակման,   այս համատեքստում խաղաղապահ առաքելության կարևորությունը ֆիքսվում է, բայց երկարաձգման մասին խոսք չի գնում:   

«Դա ինձ չի զարմացնում ամենևին։ 2 պատճառ կա՝ ուկրաինական պատերազմը սահմանփակել է Ռուսաստանի հնարավորությունները, և այս պահին նա բավարար լծակ չունի ազդելու Ադրբեջանի վրա, և երկրորդն այն է, որ Պրահայի կամ եվրոպական միջնորդության շրջանակում  Արցախի սուբյեկտության նշաձողն այնքան է իջեցվել, որ անկարելի է պատկերացնել, որ  Սոչիում այն հնարավոր կլինի բարձրացնել»։

«Լեռնային Ղարաբաղի խնդրում կոնսենսուս չի եղել, և դա ակնհայտ է, ասում է քաղաքագետը, և այնպես չէ, որ Փաշինյանը կարողացավ Սոչիում  սպասարկել իր ամբողջ օրակարգը։ Այստեղ չպետք է մոռանալ, որ կա նաև Իրանի գործոնը՝ բավականին ծանրակշիռ գործոնը, -ասում են մեր զրուցակիցներս,-  չնայած այն անմիջականորեն հանդիպման շրջանակում չէր, այլ Սոչիի այդ եռակողմ գործընթացի փաթեթային տրամաբանության մեջ։

«Մոսկվան այս ռաունդում ակտիվ գործակցում է Իրանի հետ՝ տարածաշրջանում Արևմուտքի ազդեցությունը սահմանափակելու համար»՝ Սուրենյանցի տեսակետն է։ Հակոբ Բադալյանը պատահական չի համարում այն, որ Իրանի արտգործնախարարը, անմիջապես Սոչիի հանդիպումից առաջ հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ 

«Եվ Իրանի  արտգործնախարարը հստակ հայտարարել է հերթական անգամ, որ օտար տերությունների ներգրավվածությունը ռեգիոնալ խնդիրների լուծմանը ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան հարցեր լուծում։Տեսնում ենք նաև Իրանի նախագահի հրավերը Փաշինյանին՝ Սոչիից անմիջապես հետո, որն ընդունվեց և ՀՀ վարչապետն արդեն Թեհրանում է։ Ուշադրության է արժանի ռուս իրանական հարաբերության վերջին շրջանի ակտիվությունը, այն աստիճան, որ արևմուտքի ուշադրությանն է արժանացել։ Վաշինգտոնի ներկայցուցիչը հայտարարել էր, որ ռուս-իրանական դաշինքը պետք է մտահոգի Ադրբեջանին ու Հայաստանին, քանի որ դա չի նպաստում ռեգիոնալ իրավիճակի կայունությանը»։

 «Իրանն ըստ էութայն հայտնել է, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը մեր տարածաշրջանի խդիրների լուծման հարցում»,- մեկնաբանում է Սուրեն Սուրենյանցը։ 

«Փաշինյանը Թեհրանում է․ Ռուսաստանը նաև Իրանի օգնությամբ փորձում է սահմանփակել Արևմուտքի ազդեցությունը բայց «Արևմտյան  պատուհանի» փակման մասին դեռ վաղաժամ է խոսել։ Չնայած ես այն գործիչներից եմ, որ ի սկզբանե  կասկածում էր արևմտյան միջնորդության արդյունավետությանը։ Իրանում փորձելու են փոխլրացնել Սոչիի պայմանվորվածությունները՝ թույլ չտալ արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածություն»։

Բայց այստեղ կարևոր է նաև, թե ինչպես է դիրքավորվելու Թուրքիան՝ ասում է Բադալյանը։

«Պատահական չէ, որ Սոչիից հետո տեղի է ունենում  նաև Թուրքիա-Ռուսաստան-Իրան արտգործնախարարների մակարդակով հեռախոսազրույցը և քննարկվում են ռեգիոնալ հարցեր»։

 Սոչիում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ, ասում են քաղաքագետները։ Անկասկած է մի բան՝ կովկասյան ռեգիոնում ազդեցության պայքարն ընդհանուր, աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում նոր թափ և նոր ծավալներ է ստանում և այն մեծ շրջանակներ ներառելու ներուժ ունի։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ