Նոյեմբերի 24, 2024

Նոյեմբերի 9. եզրակացություններ անելու օր

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 09, 2022

Նոյեմբերի 9-ի օրվա զգացողության ծանրությունը չի անցնում: Անգամ պատերազմից երկու տարի անց։Արցախում ապրողներս ռունգերով զգում էինք՝ պատերազմ էլի կլինի մի օր, այն հեռու չէ, բայց, խոստովանենք, պատերազմի արդյունքը՝ պարտությունը, որի խորհրդանիշը դարձավ նոյեմբերի 9-ը, շատերիս համար անսպասելի էր ու շոկային։ Մեզանից շատերն առայսօր դեռ այդ շոկի մեջ են։ Մեր այսօրվա հերոսուհին, Քրիստին Բալայանը, որ Արցախում էր այդ 44 օրերին, անգամ իր կանխազգացմանը չէր ուզում հավատալ, թե ամեն ինչ կարող էր վատթարագույն ավարտ ունենալ։ Այս օրվա մասին չի սիրում խոսել, որոշել է, որ նոյեմբերի 9-ը կանցկացնի Ստեփանակերտից դուրս։ «Անցյալ տարի այս օրը մենք էլի զոհ ունեցանք, Մարտինը, որին սառնասրտորեն սպանեցին, երբ իր աշխատանքային պարտականություններն էր կատարում,- պատմում է Քրիստինը, այս օրը ես այլևս Ստեփանակերտում անցկացնել չեմ կարող, այսպես ձևակերպենք՝ փախուստի եմ դիմում»։

«Այս օրն, իրոք, շատ դաժան օր է։  Անցած տարի այս օրը Ստեփանակերտում էի, ու էլի օրն առանձնացավ դաժանությամբ՝ Մարտինին սպանեցին։ Այս տարի որոշեցի դրսում լինել, ոչ տանը։ Իմ ուժերից վեր էր այդ օրը Ստեփանակերտում անցկացնելը։ Բայց ցավը չմեղմացավ»։

Ստեփանակերտում ես ինձ լավ չեմ զգում։ Միայն այն պատճառով, որ իմ հայրենակիցները Հադրութից, Շուշիից, մյուս բնակավայրերից այսօր անտուն են,-ասում է զրուցակիցս, - և մտորում եմ հաճախ, թե ո՞վ է որոշել, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, որ պիտի հանձնեն  այդ բնակավայրերը, իսկ, ասենք, Ստեփանակերտը պահեն։ Իմ կարծիքն է՝ կարող եք ընդունել, կարող եք՝ ոչ, ասում է։ Լռությունից հետո շարունակում է՝ նեղված եմ, հաճախ բարկանում եմ, նույնիսկ պատերազմից հետո շատ բան չի փոխվել մարդկանց վարքագծում։ Բայց ես ինքս ինձ համար որոշել եմ՝  մնում-ապրում եմ Արցախում, քանի որ այն ամենից հետո, ինչի միջով անցել է իմ ընտանիքը վերջին տասնամյակներում, ես  այլևս երբեք գաղթական չեմ դառնա։

«Փորձեմ բացատրել, թե ինչու եմ մնացել,  թե ինչու եմ ցանկանում, որ իմ երեխաներն էլ ապրեն այս հողում։ Ստացվել է այնպես, որ իմ նախնիները միշտ գաղթականի ճակատագիր են ունեցել։ Տեղափոխվել են Ղարաբաղ, հետո նորից տարբեր հանգամանքների բերումով հայտնվել Բաքվում, ապա նորից այստեղ։ Ես տեսնում եմ, որ այդ ամենը տեղի է ունենում թշնամիների պատճառով։ Ու այդպես միայն մեր ընտանիքը չէ, այլ ամբողջ ազգը։ Ու դա իմ որոշման համար նախահիմք է եղել։ Մի անգամ  պիտի կտրվի այդ  շրջանը, ասում է, ու մեր սերունդները պիտի գիտակցեն, որ անհայրենիք ապրելը ապրել չէ, այլ գոյատևել»։

Զրուցակցիս համոզմունքն է՝ մենք, որ մեր երիտասարդությունն ենք թողել պատերազմում, իսկ մեր երիտասարդներից շատ-շատերը՝ նաև կյանքը, պիտի ամեն ինչ անենք, որ նոր երիտասարդությունը ցանկանա ապրել այստեղ, այս երկրում, հայրենիքի գիտակցում ունենա ու երկրիը պահելու կամք։Քրիստին Բալայանը փոքրիկ սրճարան է շահագործում Ստեփանակերտում․ «Թումանյանի գինետուն»-ը։  Այն ակտիվ երիտասարդների սիրելի հավաքատեղին է, ժամանցի վայրը։ Պատերազմից հետո է սկսել աշխատել։ Հեշտ չէ իհարկե, բայց ո՞վ է ասել, որ հեշտ է լինելու՝ պատասխանում է հարցիս։

«Ես բիզնեսմեն չեմ։ Միանգամից ասեմ։ Ու իմ բոլոր ծանոթները գիտեն դրա մասին։ Եվ իմ գործին նայում եմ ոչ որպես բիզնեսի։ Ես նայում եմ, թե որն է գաղափարը, և երբ ես արդեն հասկանում եմ, թե որն է գաղափարը, որտեղ եմ ես գնում, ինչ նպատակի ետևից, ֆինանսներ գտնվում են»։

Իսկ նպատակները Քրիստինը կապում է ակտիվ երիտասարդության հետ․ երեխաներս սովորում են Երևանում, ես շատ կարևորում եմ ներդրումը կրթության մեջ։  Իրենք գիտեն՝ ես պատրաստ եմ աջակցել ամեն հարցում, բայց մի պայմանով՝ գիտելիքը պիտի օգտագործվի, կիրառվի   այստեղ, հայրենիքում։ Սա է մեր տունը, այն շենացնելը մեր ուսերին է, շարունակում է մեր երկխոսությունը Քրիստինը։- Աշխարհի ոչ մի անկյունում հիմա կայունություն չկա, հետևաբար պիտի մեր մնալու որոշումը հաստատ լինի, առանց պլան Բ-ի։ Բայց մեր մնալը չպետք է հերոսություն համարենք՝ նրա տեսակետն է։ Հերոսություն արել են միայն տղաները, որ մեզ հետ չեն այևս, հերոսություն է նրանց մայրերի ապրելը, հերոսություն է այսօր էլ սահմանին կանգնած զինվորների արածը, իսկ մեր՝ մեր տներում ապրելը, թող որ թշնամու նշանառության տակ գուցե, հերոսություն չէ, այլ պարտականություն։ Այո, մենք ունեցել ենք ոչ միայն մայիսի 9-ը, այլև նոյեմբերի 9։ Դա պիտի հիշենք և դրանից ելնելով եզրակացություններ անենք։ Ճիշտ եզրակացություններ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ