Բազմաթիվ քննադատությունների արժանացած փաստաթուղթը, որով հաջողվեց կանգնեցնել 44–օրյա պատերազմը, այդպես էլ ամբողջությամբ կյանքի չի կոչվում ստորագրումից անգամ 2 տարի անց։Ժամանակագրության և փաստերի միջոցով, որոնք արձանագրել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը, կարող ենք առանձնացնել 9 կետանոց հայտարարության առնվազն 6 խախտում։
Ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում։ Նոյեմբերի 9–ի հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց ադրբեջանական զորամիավորումները հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողների։
2022–ի մարտին նույն գործելաոճը կիրառեցին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ գրավելով Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքը։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են և շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ներթափանցումը տեղի է ունեցել ՀՀ այն տարածքներից, որոնցում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունումից հետո։ Այսինքն՝ հայտարարության կետերն իրագործելու հայկական կողմի մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։
Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Արցախի տարածքային միավոր լինելը ժխտող հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղկողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը համաձայնել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։ Ապաշրջափակման հետ կապված նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը Ադրբեջանը խոչընդոտում է, առաջ քաշելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»–ի հարցը։ Այս թեմայով վերջին հայտարարությունը նախօրեին հնչեցրեց Ադրբեջանի նախագահը, մինչդեռ նոյեմբերի 9–ի հայտարարությունը ստորագրած Հայաստանի վարչապետը փաստաթղթի ձևակերպումներին է հղում անում․
«Նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան։ Խոսք է գնում տարածաշրջանային կամունիկացիաների բացման մասին»։
«Էքստերիտորիալ միջանցքի» մասին խոսակցությունները առաջին հերթին հերքել են հենց եռակողմ հայտարարության երրորդ կողմի՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը,արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բացի ամրագրված պարտավորություններից, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նաև 3 առանցքային իրողություն է արձանագրվել, պնդում է Հայաստանի վարչապետը։
«Որքան էլ քննադատվի 2020 թ․ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարևաբաղ գոյություն չունի։ Նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը՝ եռակողմ հայտարարության 3–րդ կետում հստակ նշված է, որԼՂ–ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Եվ երրորդը՝ Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»։
2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունը համարվում է հիմնարար, որի վրա հղում են արվում անցած 2 տարում ընդունված բոլոր մյուս փաստաթղթերն ու հայտարարությունները։ ՌԴ միջնորդությամբ նոյեմբերի 9–ի փաստաթղթից հետո ընդունվեց ևս 3 հայտարարություն՝ վերջինը օրեր առաջ Սոչիում էր։ Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումների արդյունքներով ընդունված փաստաթղթերում նույնպես կա նոյեմբերի 9–ի փաստաթղթի վկայակոչում։ 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո ավելացան ոչ միայն հայտարարությունները, այլև՝ միջնորդները։
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով իրավիճակը ճիշտ հասկանալու համար նախ պետք է հասկանալ 2 տարվա իրողությունների փոփոխությունը․
«Այսօր մենք ունենք 3 ձևաչափ։ Մի ձևաչափը այն էր, որ կար՝ Պուտին–Փաշինյան–Ալիև, այսինքն՝Ռուսաստան–Հայաստան–Ադրբեջան ամենաբարձր մակարդակով։ հայտնվեց նոր շատ կարևոր ձևաչափ՝ Շառլ Միշել–էմանուել Մակրոն– Փաշինյան–Ալիև՝ եվրոպական պլատֆորմը և երրորդը՝ էլ ավելիկարևոր, դա արտգործնախարարների մակարդակով հանդիպումները Վաշինգտոնում կամ ԱՄՆ–ի միջնորդությունը։ Եթե նախկինում Ռուսաստանը ուներ միջնորդության մենաշնորհը, հիմա կորցրեց այդմենաշնրոհը»։
Աժ–ի պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հստակ բացատրություն ունի, թե 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ինչու է ընդլայնվում ձևաչափերի և միջնորդների թիվը։
«Մենք ունենք նոյեմբերի 9–ի համաձայնագիր, որի մի շարք կետեր և դրույթներ խախտվել են հենց Ադրբեջանի կողմից։ Եվ, իհարկե, մենք չենք ուզում ունենալ ևս մեկ այդպիսի մի պայմանագիր, որը նույնպես կմնա թղթի վրա և որոշ դրույթներ կխախտվեն։ Դրա համար Հայաստանի դիվանագիտական ջանքերը հենց ուղղված են դրան, որ եթե անգամ կնքվի «խաղաղության պայմանագիր», այդ պայմանագրի անունը ինչ կդնենք՝ էական չէ, այդ պայմանագրի երաշխիքները պետք է լինեն , թե ոնց է դաապահովվելու»։
Ադրբեջանական խոչընդոտները առնչվում են նաև ռուս խաղաղապահներին և միջազգային դիտորդներին։ Տարածաշրջանում աշխատելու համար նրանք ստացել են միայն հայկական կողմի համաձայնությունը, խաղաղապահների և դիտորդների մանդատը մինչ այս պահը հրաժարվում է ստորագրել Ադրբեջանը։