Նոյեմբերի 24, 2024

ՀԱՊԿ խաղաղապահնե՞ր Արցախում․ հարցազրույց Կարեն Հովհաննիսյանի հետ

By Անի Աբաղյան Նոյեմբերի 24, 2022
ՀԱՊԿ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը։ Այս մասին երեկ հայտարարել է Կրելմի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, անմիջական, կառուցողական, բայց ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշակի նրբերանգներ»,- ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ «այդ թեման օրակարգում է»։ Հայտնի է, որ Արցախում խաղաղապահ առաքելություն է իրականացնում հենց ՌԴ-ն։ Ի՞նչ անելիք ունի այստեղ ՀԱՊԿ-ը, և ո՞րը կարող է լինել նրա գործառույթն այստեղ։  
 
«Իրականում, մենք որքան ուզենք, թե չուզենք ՀԱՊԿ-ի համար ռեսուրսներ կամ միջոցներ տրամադրելը Ռուսաստանն է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձ է անում երկրորդ պլան մշակել: Երբ Ադրբեջանը ընդդիմանա ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգման հետ կապված, փորձ է կատարվելու ՀԱՊԿ-ի զինված ուժերի շրջանակներում խաղաղապահ միավորումներ կամ ստորաբաժանումներ տեղակայել Արցախում. ես այսպես եմ կարծում և այդ հայտարարությունը կատարվում է հենց այս համատեքստում: Մի կողմից կարող է փորձ կատարվի դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, այս դեպքում՝ Արցախից, բայց մյուս կողմից Ռուսաստանը կարող է առաջարկել այլընտրանքային տարբերակ, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարբերակը, որին հնարավոր է չընդդիմանա Ադրբեջանը, որովհետև բազմիցս է խոսվել, Ալիևը նույնպես հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իրենք շատ ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը: Այսինքն՝ հնարավոր է Ադրբեջանին ընտրության հնարավորություն տան՝ Ռուսաստա՞ն, թե ՀԱՊԿ»:  
 
-Պարոն Հովհաննիսյան, որո՞նք կարող են լինել Պեսկովի  նշած չհամաձայնեցված հարցերը։   
 
«Ես կարծում եմ, որ դրանք վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այսինքն՝ թե ՀԱՊԿ-ը ի՞նչ արձագանք պիտի տա առնվազն երեք ագրեսիաների հետ կապված, որոնք նաև վարչապետն է նշում: Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որ քաղաքական գնահատական է հարկավոր տալ ադրբեջանական գործողություններին, որը ՀԱՊԿ-ը փորձում է որոշակիորեն մանևրել, խուսափում է կոնկրետ գնահատականներ տալուց, բայց կարծես թե Հայաստանն էլ չի զիջում, և Հայաստանն էլ պահանջում է քաղաքական հստակ գնահատական տալ, որպեսզի Ադրբեջանը այսուհետ էլ Հայաստանի տարածքի նկատմամաբ ոտնձգություն չիրականացնի»:
 
  Հետաքրքիր զուգադիպությամբ երեկ ադրբեջանական իշխանամետ haqqin.az. կայքը  գրել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական կազմավորումների զինաթափման հատուկ օպերացիայի անխուսափելիության մասին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ակնարկում Ադրբեջանը։  
 
«Ղարաբաղյան կոնֆլիկտից ի վեր Ադրբեջանը անընդհատ ինքնապաշտպանական ջոկատներին, միավորումներին, նաև Պաշտպանության բանակին համարում է նույնիսկ ահաբեկչական միավորումներ: 2020 թվականից հետո հայտարարում է, որ ինքը անպայման իրականացնելու է հակաահաբեկչական գործողություններ: Պետք է ասեմ, որ Արցախում Փառուխի դեպքերի ժամանակ Ադրբեջանը հայտարարել է, որ իրականացրել է ընդամենը հակաահաբեկչական գործողություններ: Եվ այդ գործողությունները իրականացվելու են նման համատեքստում:  Շատ կարևոր է, որ մենք մեր շեշտադրումները առաջ տանենք, որ Արցախի ինքնապաշտպանական միավորումները կամ պաշտպանության բանակը ոչ ավել, ոչ պակաս իրականացնում է արցախահայության ֆիզիկական պահպանության խնդիրը»:    
 
 
Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2022 14:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ