Նոյեմբերի 24, 2024

Ի՞նչ է ասում Ֆրանսիան

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 01, 2022

Երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Մինչ այդ Ֆրանսիայի Սենատն էլ ընդունել նման բանաձև՝ ընդամենը մեկ դեմ ձայնով։ Ճիշտ է, առաջինը խորհրդակցական որոշում էր, ինչը նշանակում է, որ դրա կատարումը պարտադիր չէ։
Եթե այս որոշումներին հետևի Ֆրանսիայի կառավարության, ապա և Նախագահի հաստատումը, պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ կկիրառվեն։ Բայց, Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևի ընդունման մասին տեղեկատվությանը գրեթե զուգահեռ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում կար տեղեկատվություն, որ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը և ընդունվել են միանգամայն անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան։
Տեղեկատվությունը Արցախի Հանրային ռադիոյի համար քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է մեկնաբանել։


«Սենատի առաջին որոշումը խորհրդակցական նշանակություն ունի, այսինքն արտահայտում է Ֆրանսիայի քաղաքականությունը, բայց պարտադիր չէ կատարման համար, քանի որ կատարման համար կառավարությունը և Նապագահը պետք է ստորագրեն դա։ Բայց եթե բոլոր կուսակցությունները նման որոշում են ընդունում միաձայն, որի մեջ են նաև իշխող կուսակցության անդամները, ընդդիմադիրները, որոնք իրար հետ ունեն բարդ հարաբերություններ, նշանակում է, որ խորքային մտածված որոշում է կայացվել։»


Որոշում, որ արտահայտում է, չմոռանանք, Ֆրանսիայի շահերը, ասում է քաղաքագետը։ Իսկ թե Ֆրանսիայի ինչին է դա պետք՝ Ստեփան Դանիելյանի կարծիքով, այդ քայլերը մեր տարածաշրջանում ընթացող լուրջ գործընթացներում Ֆրանսիայի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հանգամանքով են պայմանավորված։

« Հարավային կովկասն ու այս տարածաշրջանն ընդհանրապես, կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեն և մոտակա տարիներին Մեծ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայից մինչև Մերձավոր Արևելք ու մենք, լուրջ գործընթացներ են կատարվելու։ Կարևոր են նաև էներգակիրների առումով»։


Հատկապես Բրիտանիան, քաղաքագետի կարծիքով , արդեն իսկ շատ կարևոր դիրք է զբաղեցրել կենտրոնական Ասիայում, հատկապես Ադրբեջանում ու Թուրքիայում, եթե հաշվի առնենք այն, որ միայն British Petroleum ընկերությունը Ադրբեջանում ունի 84 մլրդ դոլարի կատարված ներդրում՝ այս պահի դրությամբ և 30-40 մլրդի ներդրումներ այլ ոլորտներում։ Ստեփան Դանիելայնը դա բացատրում է նրանով, որ Բրիտանիան փորձում է այս տարածաշրջանում դառնալ գլխավոր խաղացող և գլխավոր ուժը, որը գործում է Ռուսաստանի ու Իրանի դեմ։


«Այս առումով Ֆրանսիան ինչ որ ձևով դուրս է մնացել, քանի որ նա 2017 թվականին 4 մլրդ 800 մլն դոլլարի ներդրումներ էր արել Իրանում, գազային հանքավայրում, սակայն դրանից հետո ԱՄՆ դուրս եկավ միջուկային պայմանգրից, և ամեն ինչ առկախված մնաց։»


«Հիմա Ֆրանսիան ուզում է ներգրավվի կովկասյան գործընթացների մեջ, նրա դարավոր մրցակից Բրիտանիան Ադրբեջանի կողմից է հանդես գալիս, և որպեսզի Ֆրանսիան գործոն դառնա, պետք է հանդես գա Հայաստանի կողմից, որպեսզի հանդես գա որպես խաղացող և փորձի օգուտներ ստանալ»,-ասոմ է քաղաքագետը։


«Օգուտներ կարող է ստանալ նույն Ադրբեջանից, նրա դեմ հանդես գալով, հետո գնալ ինչ որ պայմանավորվածությունների։ Կամ Իրանի հետ սկսի համագործակցություն,Հայաստանի վրա հենվի։»


Իսկ Հայաստանին այդ որոշումը կարող է ինչ որ բան տալ, եթե հայկական կողմը հստակ, հասկանալի քաղաքականություն վարի, հասկանա իր պահանջները և փորձի մեծ երկրների հակասությունների վրա խաղա՝ ասում է քաղաքագետը։


«Շահերի մեջ կարող է լինել Արցախի խնդիրը, Արցախի քաղաքացիների անվտանգությունը, հետագայում կարգավիճակի հարց և այլն։ Այսինքն հենվի այն երկրների վրա, որոնք Ադրբեջանի դաշնակիցների դեմ են հանդես գալիս։ Դա քաղաքականության օրենքն է»։


Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի որոշումները հետագայում ընթացք կարող են ստանալ, եթե Ֆրանսիան չստանա իր ակնկալած օգուտները, ասում է, և Ֆրանսիայի ասելիքն ուղղված է Ադրբեջանին, Թուրքիային ու գուցե նաև Ադրբեջանի հետևում կանգնած Բրիտանիային, ում հետ լուրջ մրցակցային խնդիրներ ունի։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ