Նոյեմբերի 24, 2024

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո կասկածելի լռություն է

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 28, 2022

Կցկտուր տեղեկություններ են հասել մեզ երեք առաջնորդների հանդիպումից։ Նախ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց են ունեցել, ապա՝ հաջողվել է նաև երեքով զրուցել․ Վլադիմիր Պուտինն է պատմել։ Գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն ու հայ-ադրբեջանական հարաբերություններնն են․ այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ: Մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը՝ եզրափակել է ՌԴ նախագահը: Ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում՝ պատասխան խոսքում նշել է Փաշինյանը։  20 օր փակված է միջանցքը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է․ ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն  եռակողմ հայտարարության` Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ասել է ՀՀ վարչապետը։ Պետերբուրգյան անցուդարձից հայտնի է նաև, որ Ալիևը նախատեսված նախաճաշին չի մասնակցել և անմիջապես մեկնել է Բաքու։ Լռությունը ծանր է, անորոշությունն ավելացնում է մտահոգությունները։  Քաղաքական վերլուծաբաններին ու փորձագետներին մնում է կանխատեսումներ անել։ Հակոբ Բադալյանն է մեկնաբանում․ 

«Դատելով Պուտին-Փաշինյան հանդիպման բացման խոսքերից, հնարավոր է եզրակացնել, որ այդ հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, դետալային բովանդակության տարբերակներ, դրանք շաղկապված են եղել նախօրեին, ինչպես Պոտինը փաստորեն բացահայտեց, ոչ հրապարակային եռակողմ խոսակցությանը, որ տեղի է ունեցել ԱՊՀ ոչ եռակողմ վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով։ Հատկանշական է, որ դրանից առաջ Ռուսաստանը հայտարարել էր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, եթե կողմերը համաձայն լինեն դրան»։

 Մինչ այդ Պեսկովը հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Այդ արարողակարգային դրվագը վկայում է, որ իրավիճակը շատ բարդ է, քանի որ հրապարակային հանդիպումները, քննարկումները ավելի բարձր պատասխանատվություն են ենթադրում դրանց արդյունքի համար՝ նշում է զրուցակիցս։ Սինքրոն

«Եթե մենք չունենք այդպիսի դրսևորում, սա նշանակում է, որ կողմերի միջև իսկապես այնպիսի իրավիճակ է, որ այդքան էլ մոտ կամ շոշափելի չէ որևէ արդյունքի հնարավորությունը։Արդյոք մոտեցել են կողմերը այդպիսի հեռանկարի արդեն Պուտին-Փաշինյան դետալային քննարկամն ժամանակ, բարդ է ասել, և պետք է սպասել զարգացումներին, ինչ ձևաչափով կլինի շարունակությունը, եթե այդպիսին լինի»։

 Առջևում Ամանորն է։ «Հարց լուծողները» կամ արդեն իսկ արձակուրդում են, կամ պատրաստվում են մեկնել։ Մինչդեռ Արցախում իրավիճակը լարված է մնում և սպառնում է ավելի սուր դրսևորումներ ստանալ, եթե հարցի դիվանագիտական լուծումը չգտնվի։ Արցախում տրամադրություննները հեռու են տոնական լինելուց․ շրջափակման մեջ,  ուտելիքի ու այլ անհրաժեշտ տարրական ապրանքներից ու ծառայություններից զրկված մարդկանց նյարդերն արդեն տեղի են տալիս, իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ