Նոյեմբերի 24, 2024

ՀԱՊԿ հայաստանյան զորավարժություններ․ պե՞տք էր այն չեղարկել

By Սրբուհի Վանյան Հունվարի 11, 2023

Գոյություն ունեցող մի տեսակետի համաձայն զորավարժությունները կարևոր են բանակի խնդիրները հասկանալու, փորձի փոխանակման տեսանկյունից և հնարավորություն են տալիս բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ տեսակետի կողմնակիցները գտնում են, որ ՀԱՊԿ հայաստանյան զորավարժություններից հրաժարվելը հայկական բանակի համար նոր հնարավորությունները բաց թողնել է նշանակում։ ՀԱՊԿ հայաստանյան զորավարժությունները չեղարկելու վարչապետի որոշումը որոշ փորձագետներ Ռուսաստանի ու ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու ռիսկ են նաև համարում։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը այդ որոշմանը դրական է վերաբերում, գտնելով, որ ռազմական ալյանսների, կամ ռազմավարական դաշնակիցների համատեղ զորավարժությունները չպետք է ձևական լինեն։ Մեր դեպքում բազմիցս է ապացուցվել, որ ՀԱՊԿ զորավարժությունները ձևական են եղել՝ ասում է։ 

«Իր վրա դրված գործառույթները 2020 թվականից ի վեր ՀԱՊԿ-ը չի կատարում։ Եվ նույնիսկ այն հարցերում, որոնք 100 տոկոսով իր լիազորությունների շրջանակում են, ՀԱՊԿ-ը ցուցաբերում է կամ խուսափողական քաղաքականություն, կամ ոչ պաշտոնական խողովակներով հասկացնում է, որ չի ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ։ Դրա մասին բացեիբաց նաև Բելառուսի նախագահն է ասել։ Եվ ՀՀ ու Արցախի համար նման բարդ իրավիճակում, երբ այդ կառույցը պիտի որոշ հարցեր լուծի, ավելացնում է հարցերը, որոնք փաստորեն անլուծելի են դառնում, և լուծման միակ բանալին փաստորեն ՀԱՊԿ-ում է։» 

«Առնվազն երկու դեպք կարող եմ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ Տավուշյան մարտեր և 44-օրյա պատերազմ, երբ ԱԹՍ-ները նույնիսկ մինչև Երևանի մերձակայք հասան»,-ասում է, կարծիք հայտնելով, որ Հայաստանի վարչապետը համարժեք քայլ է կատարել՝ չեղարկելով այդ զորավարժությունները, քանի որ դրանք ոչ թե ռազմավարական-մարտավարական առումով են կարևորություն ներկայացնում, ինչպես կարծում են ՀԱՊԿ-ի շրջանակներում այս զորավարժությունների կողմնակիցները, այլ առավելապես կարևոր են հենց ՀԱՊԿ համար։ 

«Որպեսզի աշխարհին ցույց տա, որ տարածաշրջանում ինքն է «ասողի դերակատարը» և իր ազդեցությունը չի թուլացել։ Իսկ այս դեպքում դա մեր միակ գործիքակազմն է, որ ցույց տանք ՀԱՊԿ-ին, որ այդպես չէ և աշխարհին պետք չէ, հակառակը ցույց տալ»։ 

Հայաստանի Հանրապետության պետական շահի համար այդ զորավարժություններում ոչինչ չկա՝ համոզված է զրուցակիցս, իսկ այ, Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա դրա չեղարկումը կարող է ազդեցություն ունենալ։ 

«Այս զորավարժությունների չեղարկումը բավականին ռիսկային է, և ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր իշխանությունների որոշումը։ Այս դեպքում չի բացառվում, որ որոշակի գործընթացներ լինեն, բայց ես չեմ ուզում մտածել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուն կհասնի գործը»։ 

Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ այս պարագայում ՀԱՊԿ-ը զսպող օղակի դերակատարություն ունի գոնե՝ Թուրքիայի համար։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գտնում է, որ չարժե թե դրամատիզացնել կամ հերոսապատել ՀԱՊԿ զորավարժության չեղարկումը, քանի որ ըստ էության Հայաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են այս պահին փոխադարձաբար ընդունելի խաղը՝ պատասխանատվությունը միմյանց վրա գլորելը: Պեսկովի հայտարարությունից, թե Մոսկվան կշարունակի Երեւանի հետ «երկխոսությունը իրապես բարդ հարցերի շուրջ», պարզ է դառնում, որ խաղը կշարունակվի՝ ասում է։ Եվ ՀԱՊԿ քաղաքականությունն էլ չի փոխվելու Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, անկախ նրանից, այդ զորավարժությունները կանցկացվեն, թե ոչ։ 

«ՀԱՊԿ ու Երևանի միջև ծավալվում է ճգնաժամ, որին սկզբունքորեն դեմ չեն Հայաստանն ու Ռուսաստանը։ Այն սկսեց երևանյան վեհաժողովից, որտեղ Հայաստանը չստորագրեց հայտնի հռչակագիրը։ Փաշինյանը Պուտինի առաջարկով նրա մեքենայով մեկնեց օդանավակայանից դեպի «Դվին» հյուրանոց, ինչը նշանակում էր, որ կար խոսելու առանցքային հանգամանք՝ վեհաժողովից առաջ։ Այս դետալները թույլ են տալիս ասելու, որ գործ ունենք խորքային, ասիմետրիկ գործընթացների ու իրողությունների հետ, և պետք է քննարկենք դրանք, հասկանլու համար, թե ինչ տրամաբանությամբ են զարգանում դրանք մեր տարածաշրջանում»։

 Բադալյանը կարծում է, որ Հայաստան-ՀԱՊԿ ճգաժամը, որ արտահայտվում է Կովկասում, կարող է մարտահրավեր լինել նաև Թուրքիայի համար, քանի որ կարող են ենթադրել ստատուս քվոյի փոփոխություն և նոր խաղացողների ներգրավման հեռանկար այստեղ։ 

«Այդուհանդերձ, այդ ճգնաժամը ենթադրում է որոշակի զարգացման հեռանկար, և բացում է անկանխատեսելի զարգացումների դաշտ։ Այս կերպ Ռուսաստանը փորձում է Թուրքիային ակնարկել և մեսիջներ հղել, որ եթե անկանխատեսելի իրավիճակներ ստեղծվեն կենտրոնասիական ռեգիոնում, ապա Կովկասում էլ Ռուսաստանը կարող է այսպիսի ճգնաժամերի միջոցով խթանել նոր իրողություններ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ Թուրքիայի համար»։ 

Այն, որ Թուրքիան կենտրոնասիական ռեգիոնում լուրջ մրցակցություն է ներկայացնում Ռուսաստանի համար, կասկած չի հարուցում, և Անկարան փափուկ ուժով փորձում է մեծացնել ազդեցությունն այդ գոտում։ Այն, ինչին ՀԱՊԿ ի վիճակի է գործնականում, արել է մեկ տարի առաջ այս օրերին Ղազախստանում: Թվում է, թե Երեւանը արեց , բայց, երբ պետք էր իրեն՝ չստացավ համարժեք արձագանք: Հակոբ Բադալյանի կարծիքով, դա ընդամենը առերեւույթ է այդպես : Գործնականում այսօր տեղի է ունենում ավելի խորքային խաղ, եւ զգալի իմաստով՝ նախորդ տարվա ղազախական խաղի լայն համատեքստի շարունակությունը: Այնպես որ, ՀԱՊԿ -ը զորավարժություն կաներ Հայաստանում, թե չէր անի` դրանից ոչինչ չէր փոխվելու: Չեն նվազի նաև Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգության ռիսկերը: Այնպես որ , ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել հիմնական քաղաքական ուղենիշներին, և դրանց համատեքստում գնահատել իրադարձությունները։ Հատկապես որ այդ զորավարժությունը լինելու էր խաղաղապահության սցենարով, իսկ գնահատումների հարցում դա երկրորդական դետալ չէ։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 12 Հունվարի 2023 08:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ