Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում իրականացնում է տարբեր շինարարական խոշոր նախագծեր՝ դրանցում ներգրավվելով նաև օտարերկրյա ընկերությունների։ Սակայն ո՞ւմ են ծառայում, կամ ավելի ճիշտ, հարստացնում, այդ աշխատանքները, ինչո՞ւ մինչ օրս որևէ մեկն այդպես էլ չի տեսնում ադրբեջանական բանակի ենթակայության տակ հայտնված Վարանդայում, Կովսականում կամ Հադրութում ապրող հասարակ ադրբեջանցիներ։ Ինչպես գիտենք, Ադրբեջանն այս աշխատանքներին ակտիվորեն ներգրավվում է նաև արտասահմանյան ընկերությունների։ Շահած տենդերների «առյուծի բաժինը» փաստացի մեծ եղբորինը՝ Թուրքիայինն է։ Դեռևս 2021 թվականի փետրվարին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի մայրաքաղաք Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ նախագծման և շինարարական աշխատանքներով զբաղվող խոշոր թուրքական ընկերությունները, որոնք առյուծի բաժին ունեն 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում կատարվելիք նախագծերում, մի շարք արտոնություններ կստանան։ Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ անթաքույց ցուցադրել են, որ տենդերների բաշխման նախապատվությունն ու առաջնահերթությունը կտրվի հենց ավագ եղբայրներին։ Ասադովը նաև նշել էր՝ «Շատ գոհ ենք տեսնել մեր թուրք եղբայրներին վերակառուցման նախագծերում»։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշում է՝ թուրքական ընկերությունների իրականացրած նախագծերն իսկապես բացարձակ մեծամասնություն են կազմում։
«90 տոկոսը թուրքական ընկերություններ են։ Ճանապարհաշինարարական աշխատանքներում ևս հենց թուրքական ընկերություններն են ներգրավված։ Եվ այդ ամեն ինչը, իհարկե, իրականացվում է շատ սերտ համագործակցությամբ հենց Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների հետ»։
Թուրքական հայտնի «Ջենգիզ», «Քոլին», «Մաքյոլ» և «Լիմաք» ընկերությունները, որոնց թուրքական ընդդիմությունն անվանում է «Ավազակային հնգյակ», բոլորն էլ ներառված են Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի իրականացրած տարբեր ծրագրերում՝ օդանավակայանի կառուցումից մինչև ամենաբարդ ու ծախսատար լեռնային թունելների կառուցում։ «Ավազակային հնգյակը» նաև տարիներ շարունակ կասկածվել է Էրդողանի ընտանիքի հետ միասին տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածության և փողերի լվացման համար։ Այդ նախագծներից, թերևս, ամենահայտնին, Ֆիզուլիի օդանավակայանի կառուցումը, մասնավորապես, վսահվել էր թուրքական «Քալյոն» ընկերությանը։ Թուրքական ընդդիմադիր շրջանակները դեռ ժպիտով են հիշում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Արցախի օկուպացված տարածքներ, որի ժամանակ վերջինս իբրև թե զարմացած հարցրել էր Ալիևին, թե՝ «Ջենգիզն ու Քոլինն էլ այստե՞ղ կան»։ Թուրքալեզու հարթակներում կատակել էին, թե՝ «Նրանք ամենուր կան»։ Հովհաննիսյանը նկատում է՝ տեղական ընկերությունների մասով իրավիճակը տարբեր չէ․ ադրբեջանական այն շինարարական ընկերությունները, որոնց թույլատրվել է գործել Արցախի օկուպացված տարածքներում, նույնպես հիմնականում կամ պատկանում են հենց Ալիևների ընտանիքին և նրանց մտերիմներին, կամ այս կամ այն կերպ փոխկապակցված են վերջիններիս հետ։ Ըստ էության, Ադրբեջանում գործող բոլոր խոշոր ընկերություններն են նման սխեմաներով գործում և շահել նման տենդերներ ու մնալ Ալիևներից անկախ՝ գործնականում անհնարին է։
«Ներգրավված են ընկերություններ, որտեղ Իլհամ Ալիևը կամ նրա մտերիմ մարդիկ և ընտանիքի անդամներն ունեն բաժնեմասեր։ Առհասարկ՝ Ադրբեջանում բոլոր խոշոր բիզնեսները այսպես թե այնպես պատկանում են կամ կոորդինացվում են Ալիևների ընտանիքի կամ նրանց մտերիմների կողմից։ Հետևաբար՝ չկա էլ անկախ ընկերություն, որը կարող էր այդ աշխատանքներին ներգրավվել»։
Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին պատկանող «Փաշա հոլդինգին»՝ Արցախի օկուպացված տարածքներում տրված մենաշնորհների մասին շաբաթներ առաջ գրել էր նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին։ Ադրբեջանի իշխող վերնախավը փաստացի սեփական «արգելոցի» է վերածել 2020-ի պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի ենթակայության տակ հայտնված տարածքները, որոնք օգտագործում է իր ու իր շրջապատի էլ ավելի հարստացման համար։ Ի վերջո՝ միլիոնավոր դոլարների բյուջե ունեցող խոշոր շինարարական նախագծերը այդպես էլ չեն ծառայում բնակֆոնդի ստեղծման կամ ենթակառուցվածքների զարգացման համար։
«Եթե նախագծերին ուշադրություն դարձնենք՝ դրանք կամ ռազմական կամ բիզնես նշանակության ծրագրերն են։ Եթե ուշադրություն դարձնենք՝ Արցախի տարածքների օկուպացիայից հետո երկու տարի է անցել և միակ քաղաքացիական ծրագիրը ցուցադրական, որ իրականացրել են, դա գյուղերից մեկում տների շինարարությունն է։ Հենց ադրբեջանական տարբեր մասնագետներ ներկայացրել են հետազոտություններ, ըստ որոնց, միայն տներն են կառուցվել, մարդկանց են բերել այնտեղ ապրելու, սակայն այլ ենթակառուցվածքներ անգամ չեն էլ նախապատրաստել։ Մոտակա հիվանդանոց հասնելու համար պետք է մի քանի հարյուր կմ գնան և դուրս գան Արցախի օկուպացված տարածքներից են։ Շատ կարևոր է նշել, որ Արցախի օկուպացված տարածքներ մուտքը խիստ սահմանափակված է Ադրբեջանի կողմից և այդտեղ կարող են մուտք գործել միայն ՊՆ և ՆԳՆ հատուկ թույլատվության պարագայում»։
Այսպիսով՝ որքանով է Արցախյան երրորդ պատերազմում տարած պայմանական հաղթանակը փոխել սովորական ադրբեջանցիների կյանքը՝ հարցը խիստ հրետոռական բնույթ է ստանում։ Մանավանդ, որ նույնիսկ Բաքվում և դրա մերձակայքում պետական դպրոցների անմխիթար վիճակի, վերարկուներով դասերին մասնակցող աշակերտների ու սարսափելի վիճակի հասած սանհանգույցների մասին արդեն բարձարայնում են նույնիսկ տեղական՝ ադրբեջանական ԶԼՄ-ները։