2023 թվականի առաջին եռամսյակում ականատես ենք լինելու ռիսկային զարգացումների՝ Հայաստանի ու իր ռազմավարական դաշնակցի հարաբերություններում, կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նա հնարավոր է համարում Հայաստանի՝ ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի քննարկումը, այլև ԵԱՏՄ-ից։ Դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնության ազդեցության գոտուց դուրս գալու քայլեր է ձեռնարկում։ Այդ համատեքստում, ըստ Կարեն Հովհաննիսյանի, հետաքրքիր շախմատային քայլ կարող է կատարվել Արցախի հարցում․
«Եթե Հայաստանը որոշում է, որ դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա միակ երկիրը Հարավային Կովկասում, որ կարող է մնալ ՌԴ ազդեցության տակ՝ Արցախն է։ Այս պարագայում Արցախի դերակատարությունը ՌԴ համար պիտի էլ ավելի բարձրանա»։
Նրա կարծիքով Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Արցախում ռազմական ներկայացվածություն ունենալու համար։ Դա ունենալու է իր պատճառները և բերելու է իր հետևանքները։
«Եթե Հայաստանը վերջնականապես որոշի, որ դուրս է գալիս ՌԴ ազդեցության գոտուց, ապա Արցախը վերջնականապես անցնելու է Ռուսաստանի վերահսկողության տակ, քանի որ Ռուսաստանը գիտակցում է, որ Հարավային Կովկասում միակ ուժը, կամ տարածքը, որտեղ կարող է ունենալ ռազմական ներկայացվածություն, և որտեղից կարող է տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ազդեցության լծակներ ունենալ, դա Արցախն է»։
Որքանո՞վ է հնարավոր նման սցենարը։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը այդ տեսակետը չի կիսում։ Այո, Հայաստանը հիմա ավելի բաց է խոսում դեպի արևմուտք կողմնորոշումը փոխելու մասին, բայց՝
«Տեսականորեն հնարավոր է Արցախի դերի մեծացումը այս առումով, բայց գործնականում դրա հնարավորությունը չեմ տեսնում։ Քանի որ այդ քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանին դուրս մղեն Արցախից, և անտրամաբանական կլինի այսպիսի քաղաքականություն իրագործել, որ ՌԴ-ն մնա Արցախում, և երկրորդ՝ ՌԴ-ն փորձում է ավելի լայն հնարավորություններ ունենալ, և Արցախի խնդիրը դիտարկում է որպես ՀՀ հետ հարաբերությունների շղթայի մաս։ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի խնդիրը առանձնացնել, իսկ Ռուսաստանը այդ նկրտումները չի կիսում»։
Եթե Հայաստանի ու Արցախի համար այս պայքարը ճակատագրական է, ապա Արևմուտքի ու Ռուսաստանի համար այն աշխարհաքաղաքական նշանակության պայքար է՝ ասում Հրանտ Միքայելյանը, և պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին առանց Ադրբեջանի համաձայնության ԵՄ դիտորդների տեղաբաշխումը Լավրովը կոնտրպրոդուկտիվ՝ հակաարդյունավետ է համարել։
«Արևմուտքն ուզում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Ռուսաստանը՝ չթողնել, ու մնալ։ Հայաստանին ձեռնտու է, որ միջազգայնացվի իրավիճակը, իսկ ՌԴ֊ին ձեռք չի տալիս, որ դիտորդները ներկա լինեն։ Հարց է, թե ինչքան կարող է դիտորդական առաքելությունը իրավիճակ փոխել սահմանում, բայց հնարավոր չէ ակնկալել, որ մի գործիքով իրավիճակ կփոխվի։ Սա գործիքակազմի մի մասն է, բայց պետք է հաշվի առնել, որ այո, Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումը ՀՀ նկատմամբ փոխվելու է, եթե ԵՄ ներկայությունը ապահովվի Հարավային Կովկասում՝ Հայաստանի միջոցով։ Այսպիսով, սա ունի ոչ միայն դրական, այլև բացասական բաղադրիչներ»։
Այս հարցը ըստ քաղաքագետի, միանշանակ պատասխան չունի, և ամեն ինչ կախված է Հայաստանի վարած քաղաքականությունից։ Երկու հայկական պետությունները՝ Հայաստանը և Արցախը կարող են այդպիսով հայտնվել ազդեցության տարբեր գոտիներում։ Արցախի պարագայում, Կարեն Հովհաննիսյանի խոսքով, դա արդեն տեսանելի է։
«Արցախն արդեն ՌԴ ազդեցության տակ է, Հայաստանի դեպքում ՌԴ ազդեցության գոտուց դուրս գալը դեռ այնքան էլ ակնհայտ չէ, բայց արդեն պարզ է, որ ՀՀ վրա ՌԴ ազդեցությունն արդեն այնքան էլ մեծ չէ այս փուլում։ Նույնը՝ Ադրբեջանի դեպքում։ Հակառակ դեպքում, որոշ հարցեր, որ կան Արցախում, ինքը պիտի որ լուծած լիներ։ Ստացվում է, լրիվ դուրս է Ադրբեջանը, էլ չենք խոսում Վրաստանի մասին, մասնակի դուրս է նաև Հայաստանը»։
Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հաշվի առնելով, հնարավո՞ր է նման կանխատեսումներ կատարել։ Ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի արձագանքը և կգնա արդյո՞ք Ադրբեջանի ՌԴ հետ կոնֆլիկտի՝ նման քաղաքական զարգացման դեպքում, Կարեն Հովհաննիսյանը պատասխանում է։
«Կոնֆլիկտի չի գնա միանշանակ, Ռուսաստանը դիրքերն այնպես է դասավորելու, որ ուզած թե ոչ՝ Ադրբեջանը ստիպված է լինելու համաձայնվել իր հետ։ Բոլոր հայտարարությունները, որ հնչեցնում է Բաքուն, կարծես չեն արժանանում համարժեք հայտարարությունների ՌԴ կողմից, բայց ես համոզված եմ, որ այդ հայտարարություններն, այսպես ասած, արխիվացվում են ՌԴ կողմից, որպեսզի հետագայում իր ռազմական ներկայացվածությունը Արցախում լեգիտիմացնի։ 2025 թվականը սարերի հետևում չէ, և երբ Ադրբեջանը դնի Ռուսաստանի՝ Արցախից դուրս գալու հարց, վստահորեն կարող եմ ասել, որ Ռուսաստանը հենց այս արխիվացված նյութերն է Ադրբեջանի դիմաց դնելու»։
«Առանց ռազմական բախման էլ Ռուսաստանին հաջողվելու է չեզոքացնել Ադրբեջանի ազդեցությունն Արցախում»,-կարծում է Կարեն Հովհաննիսյանը։