Նոյեմբերի 24, 2024

Եվրախորհրդարանի քայլը․ ինչպե՞ս կօգտագործի այն հայկական դիվանագիտությունը

By Սրբուհի Վանյան Հունվարի 20, 2023

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունել, Ադրբեջանի հանդեպ կոշտ ու հասցեական ձևակերպումներով։ Այն կոչ է անում Ադրբեջանին՝ հարգել և կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, Արցախը լքելու՝ հայերին ուղղված կոչերից, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից: 

Բանաձևում հետաքրքիր է նաև այն ձևակերպումը, որ Եվրախորհրդարանը «դատապարտում է նաև ռուս խաղաղապահների անգործությունը»։  Նշվում է, որ ՄԱԿ-ի մանդատին համապատասխան ԵԱՀԿ միջազգային խաղաղապահների կողմից նրանց փոխարինումը պետք է համաձայնեցվի հրատապ կարգով: Բանաձևով կոչ է արվում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: Բանաձևը փորձագիտական շրջանակները հայամետ են գնահատում, բայց նաև  վերապահումներ ունեն այն կապիտալիզացնելու քաղաքական կամքի ու հմտությունների հետ կապված։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն այն կարծիքն է որ․

«Բանաձևը պետք է գնահատել շատ դրական, այնտեղ շատ լավ ձևակերպումներ կան, բայց եթե այդպես խոսենք, պիտի հիշենք, որ մի տարի առաջ ընդունվել է նաև բանաձևը հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից այն ոչնչացնելու մասին, Արցախում իրավիճակի վերաբերյալ, որտեղ էլ լավ սահմանումներ կային, բայց հայակական դիվանագիտությունը դրանք չօգտագործեց»։

 Միջազգային հարթակներում, այո, կան նաև դրական գործընթացներ, բայց մինչև դրանք քաղաքական հիմքի վրա չդրվեն ու չօգտագործվեն հայկական դիվանագիտության կողմից որպես լրացուցիչ գործիք՝ կմնան թղթի վրա։ 

«Սա, իհարկե, դիվանագիտական ճնշման գործիք է, որը պետք է օգտագործվի։ Ցավոք, եվրոպական խորհդարանը ընդունում է նման բանաձևեր առանց Հայաստանի գործնական միջամտության։ Այսինքն իրենց տեսանկյունից կա ինչ-որ բան, բայց համագործակցություն չի երևում։ Եթե շատ պարզ ասեմ՝ ՀՀ իշխանությունները Հայստանի շահերը չեն պաշտպանում, նրանք հույս ունեն, որ ՀՀ շահերը կպաշտպանեն օտարները»։

 Իսկ օտարներն ունեն իրենց շահերը և Հայաստանի շահը լիարժեք պաշտպանել չեն կարող՝ համոզված է քաղաքագետը։ Հիմա տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների շահեր են  բախվել, և եթե Արևմուտքն իր շահերից ելնելով փորձում է դուրս մղել Ռուսաստանին,  ապա  Ռուսաստանն էլ փորձում է պահպանել իր ազդեցության գոտին։ Արևմուտք-Ռուսաստան լարվածության   մեջ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական շահերն առաջ տանել, հայկական դիվանագիտությունն էլ պիտի կարողանա ի նպաստ իրեն օգտագործել իրավիճակը։ Հակառակ դեպքում, Հրանտ Միքայելյանի կարծիքով, նույնիսկ այդ հայանպաստ ձևակերպումները կարող են ի վնաս աշխատել։ 

«Եթե օրինակ հիմա Ադրբեջանի դիվանագիտությունը սկսի այս հանգամանքն ակտիվորեն օգտագործել Հայաստանի դեմ, իսկ դա անելու է, և արդեն իսկ անում է, իսկ Հայստանի դիվանագիտությունը՝ ոչ, ապա Ռուսաստանը կտրամադրվի Հայաստանի դեմ։ Այսինքն, իրականում քաղաքականություն իրականացվում է,  որ երկու ուղղությամբ էլ, և Հայասատնում, և Ռուսաստանում, հայ-ռուսական հարաբերությունները թուլանան,    փչանան, և որևէ օգուտ երկրին չտան»։ 

Տեսականորեն դրական միտումները կարող են քո դեմ օգտագործվել, եթե ճիշտ կիրառություն չունենան, ասում է։ Դրա առիթը հայկական դիվանագիտությունը չպետք է տա։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ