Շաբաթ երեկոյան Իրանը ցնցվեց ոչ միայն երկրաշարժից, այլև ԱԹՍ-ների հարվածներից. թիրախում ռազմական ենթակառուցվածքներն էին: Իրանը, սակայն, այդ հարձակումը անհաջող ու ձախողված անվանեց. ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել։ Իրանը (հունվարի 30-ի ժամը 17-ի դրությամբ) պաշտոնապես դեռ որևէ մեկին չի մեղադրել հարձակման համար։ Բայց, ըստ որոշ պարբերականների, հիմնական կասկածյալները ԱՄՆ-ն և Իսրայելն են։ Պենտագոնն արդեն հերքել է իր առնչությունը միջադեպի հետ, իսկ Իսրայելը դեռ հրաժարվում է մեկնաբանություն տալ։ Քաղաքական շրջանակներում այս միջադեպը սպասելի են համարում։ Բայց կվերածվի, արդյոք, այս միջադեպը տարածաշրջանային կոնֆլիկտի՝ դժվար է ասել՝ ասում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
«Հիշենք, որ այս մասին զգուշացումներ արվում էին հենց 2020 թվականի պատերազմից հետո, քանի որ հենց նաև մեր պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի և ռեգիոնալ փոխակերպումների մի մասն էր։ Դրան հաջորդեցին ուկրաինական իրադարձությունները։ Եվ բնական է, որ այս երկու օջախները միշտ «տաք» կպահվեն և, ըստ անհրաժեշտության, կօգտագործվեն այդ գլոբալ պրոցեսներում»։
Թե կոնկրետ ով է եղել հարձակվողը, այս պահին վստահաբար չենք կարող ասել։ Բայց կարելի է ենթադրել, թե ում է այս իրավիճակը ձեռնտու։ Քաղաքագետի խոսքով՝ պարտադիր չէ, որ Իսրայելը կամ ԱՄՆ-ն անմիջականորեն իրենք հարված հասցնեն։ Դրա համար կան հենց Իրանին անմիջականորեն սահմանակից այլ տարածքներ, օրինակ՝
«Ադրբեջանը կամ Սիրիայի տարածքը, որտեղից կարող էին այդ գործողությունները իրականացնել։ Այդ դեպքում ԱՄՆ-ն կամ Իսրայելը կարող են լինել զուտ ուղղորդողի դերում»։
Քաղաքագետի կարծիքով՝ իրադարձությունների որոշակի զարգացումներ կլինեն։ Բայց եթե հանկարծ դրանք մեծ թափ ստանան, տարածաշրջանում աղետալի հետևանքներ կլինեն։ Պատերազմից հետո այդպես էլ անհրաժեշտ ջանքեր չգործադրվեցին հայկական բանակի ռազմական պոտենցիալը վերականգնելու ու վերազինելու համար՝ վստահ է զրուցակիցս։ Ուստի ցանկացած իրադարձություն կամ զարգացում մեր հարևանները օգտագործելու են իրենց շահերի համար։
«Եվ չհանդիպելով լուրջ դիմադրության, իմանալով մեր խոցելի տեղերը՝ նրանք այդպիսի խառը զարգացումներն օգտագործելու են իրենց շահերի համար։ Եվ բոլորովին էլ բացառելի չէ և ավելի շատ հավանական է, որ Սյունիքը կվերածվի բախման գոտու։ Բնական է, որ Արցախի հատվածն էլ անմասն չի մնա։ Ի՞նչ է նշանակում սա։ Ադրբեջանի տարածքը կօգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։ Իհարկե կողմերը անմիջական կոնֆլիկտի մեջ չեն լինի, պատերազմ չեն հայտարարի, բայց կլինեն պատժիչ գործողություններ։ Դրանց անմասն չի մնա Թուրքիան, նաև Ռուսաստանը։ Շատ հավանական է, որ Ռուսաստանը խաղաղապահ զորքեր կբերի Սյունիք»։
Իրանում Ադրբեջանի դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: Նարեկ Գալստյանի կարծիքով՝ շատ տարօրինակ էր, որ Ադրբեջանը դեսպանատան վրա հարձակումը անվանել է ահաբեկչություն, մինչդեռ իրանական կողմն ասում է, որ միջադեպը կենցաղային հողի վրա է եղել։ Իսկ դիվանագետների տարհանումը Իրանից լուրջ նշան է, որ Բաքուն այլ պատասխան է ակնկալում։ Բաքվից հետո այլ երկրներ նույնպես որոշեցին փակել իրենց դեսպանատները։ Իրանական թելեգրամյան ալիքները գրում են, որ Մեծ Բրիտանիան և Գերմանիան նույնպես մտադիր են փակել իրենց դեսպանատները և կոչ անել իրենց քաղաքացիներին լքել Իրանը։ Կարծիքներ են հնչում, որ սա կլինի ուկրաինական սցենարի կրկնությունը։
«Կարող է։ Ես նշեցի, որ առայժմ վստահաբար պնդել, որ ինչ-որ սահմանային գործողություններ կլինեն, չենք կարող, քանի որ դեռևս զորքերի տեսանելի տեղաշարժեր չեն եղել, մարտական պատրաստվածության մակարդակը չի բարձրացվել։ Առայժմ այդպիսի բաներ չենք տեսնում»։
Իրավիճակը կարող է փոխվել մոտակա օրերի կամ ժամերի ընթացքում, կարող է և չփոխվել։ Նարեկ Գալստյանի խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե Իրանը ինչպես է որոշել արձագանքել այս գործողություններին։ Իրանական հազարամյա դիվանագիտությունը բավականին տարբերվում է Արևմուտքի դիվանագիտությունից։ Մեր հարևանը, որպես կանոն, անմիջապես չի արձագանքում նման գործողություններին, բայց անսպասելի իր վրեժը լուծում է։ Ժամանակը ցույց կտա՝ Իրանը անհրաժեշտ կգտնի համարժեք արձագանքել այս հարձակմանը, թե դեռ կսպասի։