Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների երեկվա հանդիպումը շրջափակման ընթացքում երկրորդ հանդիպումն էր։ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախ» լրատվականին ասաց, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն և անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր։
«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ: Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները: Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա մեր տվյալներով այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»:
Հանրապետության նախագահ Արայիկ Հայությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում անդրադարձել է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեմային, նշել, որ Արցախը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ առօրեական հարցերի լուծման համար, բայց կարևոր է ապահովել կայուն և փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերն ու հոգեբանական բռնության միջադեպերը։
«Եթե առավել նեղ ու առօրեական հարցերը հնարավոր է քննարկել ու լուծումներ գտնել պարզ շփումների միջոցով, ապա առավել գլոբալ ու հակամարտության լուծմանն ուղղված հարցերի քննարկման համար կարևոր եմ համարում միջազգային հանրության մասնակցությունը՝ երկխոսության արդյունավետությունը և կողմերի շահերի պաշտպանվածությունն ապահովելու, այդ ընթացքում ճնշումների ու հարկադրանքի հավանականությունը նվազեցնելու համար»։
Ինչպիսի՞ն կարող են լինել Ստեփանակերտի ու Բաքվի միջև միջնորդավորված և անմիջական երկխոսությունները։ Ե՞րբ դրանք կարող են մեկնարկել։ Կարո՞ղ ենք, արդյոք, համարել, թե առօրեական հարցերի շուրջ պարզ շփումներն արդեն իսկ մեկնարկել են։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը միշտ էլ կողմ է եղել Ստեփանակերտի ու Բաքվի երկխոսությանը, բայց շատ կարևոր վերապահումով․ «Արցախի վարչատարածքային սուբյեկտության և նրա ժողովրդի անվտանգությանը վերաբերող մեխանիզմների մասին հիշատակումը պարտադիր պետք է ներառված լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթում»,- ասում է քաղաքագետը։
«Այսօրվա մոտեցումը, որը Բաքվի մոտեցումն է և պաշտպանվում է արևմտյան խաղացողների կողմից (որ երկու տարբեր հարթակներում քննարկվեն հարցերը․ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը առանձին, Ղարաբաղի խնդիրը առանձին՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև) ինձ համար այնքան էլ ընդունելի չէ, որովհետև եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չլինի, վախենամ, թե հետո չգործեն միջազգային երաշխիքները»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրում Արցախի մասին հիշատակումը թույլ կտա նաև, որ Հայաստանը ինչ-որ չափով մասնակից մնա Արցախի սուբյեկտայնությանն ու անվտանգությանը վերաբերվող գործընթացում։ Իսկ մինչ այդ, քաղաքագետն այս երկխոսությունն էլ դրական քայլ է համարում։ Հայտարարությունում թույլ լավատեսություն կա նաև Լաչինի միջանցքի բացման հետ կապված՝ ասում է։
«Երկխոսությունն ամեն քեպքում ավելի լավ է, քան կոնֆրոնտացիան։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ սա տեխնիկական երկխոսություն է, այսինքն ընթացիկ հարցեր կարգավորելու նպատակ ունի, ավելի քիչ են շոշափվում խնդիրներ, որոնք կարող են առնչություն ունենալ ԼՂ-ի ապագա սուբյեկտությանը։ Փաստը դրական եմ համարում։ Կարծում եմ՝ պատրանքներ չպետք է ունենալ, որ շատ արագ ինչ-որ խնդիրներ կարող են լուծվել, բայց փոքր առաջընթացներ կարելի է ակնկալել, որոնք, գուցե, կարող են մեր հայրենակիցների կյանքի որակը մի փոքր բարելավել»։
Մյունխենում տեղի ունեցած անվտանգության 59-րդ համաժողովի ընթացքում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեմային անդրադարձել են թե Փաշինյանն ու Ալիևը, և թե Միրզոյանն ու Բայրամովը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև վստահեցրել է, որ Մյունխենում, ոչ միայն պանելային քննարկման ընթացքում, այլ նաև Բլինքեն-Ալիև-Փաշինյան ձևաչափի քննարկումների ընթացքում, մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությանը և հավաստիացումն այն մասին, որ այդ քննարկումները, այդ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա: Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություներով։ Արցախը, հանրապետության նախագահի խոսքով, պատրաստ է այդ բանակցություններին՝ լինի դա պարզ շփում՝ առօրեական հարցերի շուրջ, թե հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթաց։