Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին ինտեգրացիայի ու ենթակառուցվածքների հարցով երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում:
Պաշտոնական Ստեփանակերտը այս հաղորդագրությանը դեռ չի արձագանքել․ այս մասին Նյուզ․ամ կայքին մեկնաբանություն է տվել ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, ասելով, որ Ստեփանակերտի եւ Բաքվի բանակցությունները հնարավոր են միայն կողմերի իրավահավասարության պայմաններում, միջազգային միջնորդների մասնակցությամբ՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Արցախը միշտ կողմ է եղել բանակցություններին եւ խաղաղ կարգավորմանը, բայց «ԶԼՄ-ների միջոցով իր փոխանցած «առաջարկով» Բաքուն մեկ անգամ եւս ցուցադրում է, որ չի էլ պատրաստվում բանակցություններ վարել։ Ինչպե՞ս են առաջարկը մեկնաբանում փորձագետները՝ թեմային Սրբուհի Վանյանն է անդրադարձել։
Փորձագիտական շրջանակներում Բաքվի այս առաջարկն արդեն իսկ որակել են որպես ինտրիգային․ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ինտրիգը տեսնում է թե հանդիպման վայրի և թե օրակարգի մեջ։ «Բաքվի նպատակը պարզ է, ասում է, և դա ոչ թե հանդիպումն է, այլ դրան չմասնակցելու Ստեփանակերտի հնարավոր որոշումը, որպեսզի միջազգային հանրության աչքերում Ստեփանակերտի դիրքորոշումը ապակառուցողական ներկայացվի»։
«Իրենք առաջարկում են այնպիսի մի վայր ու օրակարգ, որ, ենթադրաբար, կմերժի Ստեփանակերտը։ Իրենց նպատակը ոչ թե հանդիպում կազմակերպելն է, այլ կառուցողականության պատրանք ստեղծելով ցույց տալը, որ Ստեփանակերտը մերժում է առաջարկը։ Սա տեղավորվում է Բաքվի վերջին օրերի քաղաքականության մեջ»։
Չնայած այս հայտարարությամբ էլ Բաքուն փորձում է հանդես գալ կառուցողական լինելու դիրքերից` նրա նպատակը պարզ երևելի է․ Բաքուն շտապում է ցույց տալ, որ Ղարաբաղյան խնդիր չկա արդեն, այն ինքը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ մնացածն իր ներքին խնդիրն է։ Դրան էր միտված նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Մինչդեռ՝ «Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր», - վիթերյան իր էջում Հաջիևին պատասխանել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Հաջիևը հակասում է իր նախագահին․ պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի, և որ Ադրբեջանը, իբր, երբեք դրա համաձայնությունը չի տվել։ Այսինքնё Ալիևը Մյունխենում չի համաձայնել միջազգային մեխանիզմների ներդրմամբ երկխոսություն սկսել արցախցիներիս հետ։ Այնինչ Մյունխենից վերադառնալով Արարատ Միրզոյանը հայտարարել էր․
«Բլինքեն-Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունն ու հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Ստեփանակերտի և Բաքվի միջև պետք է տեղի ունենա»։ Բաքվի այս, այսպես կոչված, առաջարկի ենթատեքստում միջազգային մեխանիզմների բացակայությունն է հենց, որ շատ վտանգավոր է․ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համոզմունքն է։
«Բաքվի առաջարկի մեջ վտանգավորը մեկ այլ հանգամանք է․ նրանք ըստ էության առաջարկում են առանց միջնորդների հանդիպում։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, իհարկե, լավագույն միջնորդը չէ, և ոչ այն առումով, որ Ռուսաստանն է ներկայացնում, այլ այն, որ զինվորական կոնտինգենտը միջնորդական դերին հարմար չէ, ավելի շատ այդ դերին կհամապատսխանեն դիվանագետները»։
Այնուամենայնիվ, որևէ միջնորդի, այս դեպքում՝ ռուսական կողմի ներկայությունը երկխոսության բնականոն ընթացքի համար որոշակի երաշխիք է տալիս և բացառում նրա՝ զուտ ադրբեջանական ներքին հարց լինելու հանգամանքը՝ ասում է նա։
«Բաքվում շատ խորամանկորեն ոչ միայն տեղի ու օրակարգի պահով են փորձում օրակարգ թելադրել, այլ փորձում են սահուն կերպով միջնորդի միջազգային ինստիտուտը չեզոքացնել»։
Գնալով նման խորամանկ քայլի՝ Բաքուն լավ է հասկանում, որ Արցախի իշխանությունները չեն կարող Բաքու գնալ, այն էլ՝ ինտեգրացիա քննարկելու համար։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ Բաքուն հող է նախապատրաստում բանակցությունները տապալելու կամ նոր էսկալացիայի համար։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանը համոզված է՝ հենց այդպես էլ նշանակում է․
«Այդ փաստը կօգտագործվի որպես պատրվակ, թե տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, նրանք չեն գալիս բանակցելու, մենք էլ ի՞նչ կարող ենք անել, և վերջ։ Չնայած Հաջիևը հայտարարել էր, որ բանակցելու բան էլ չունենք իրենց հետ, բայց եթե ուզում են՝ կարող ենք հանդիպել, զրուցել։ Այս ամենն արվում է զուտ դրսում ցույց տալու համար, որ կառուցողական են տրամադրված։ Ստեփանակերտի մերժումը վաղը կարող է որպես պատրվակ օգտագործվի՝ հարցը ուժային դաշտ բերելու համար»։
Ունի՞ Ստեփանակերտը այդ առաջարկը մերժելու հնարավորություն, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ։ Փորձագետները կարծում են, որ այստեղ Ստեփանակերտը շատ զգույշ պիտի լինի, քանի որ իրավիճակը պարզագույններից չէ։ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝
«Սուբյեկտության տեսակետից չոր մերժումն այնքան էլ նպատակահարմար չէ, բայց Ստեփանակերտը նաև չի կարող այդ օրակարգին, առանց միջնորդների հանդիպմանը, դրական պատասխան տալ։ Հետևաբար, Ստեփանակերտը պետք է ձգտի մի կողմից կոշտ մերժումով հանդես չգա, մյուս կողմից իր օրակարգը ներկայացնի ու իր պատկերացումները բանակցությունների ձևաչափի վերաբերյալ։ Քանի որ չոր մերժումը տվյալ պահին այն է, ինչին ձգտում է Բաքուն»։
Նարեկ Գալստյանը գտնում է՝ խոսել պետք է։ Այլ հարց է՝ ինչպես և ինչի շուրջ։ Մեր զրուցակիցները միակարծիք են այն հարցում, որ այս հարցն առանց միջնորդների չի կարող կարգավորվել։ Նարեկ Գալստյանն այս պարագայում ընդգծում է Մոսկվայի միջնորդությունը, բայց ստեղծված իրավիճակում կարո՞ղ է Մոսկվան ստիպել Ադրբեջանին՝ ընդունել այդ իրողությունը՝ քաղաքագետը կասկածում է։ Ներկա իրավիճակում Ադրբեջանին ճնշելու Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են՝ ասում է։ Եվրամիության ներքաշումն էլ Ստեփանակերտ-Բաքու փոխազդությունների դաշտ, չգիտենք, թե որքանով է հավանական՝ ասում է Նարեկ Գալստյանը։ Ադրբեջանի վրա գործադրելու մեխանիզմներ Եվրամիությունն, իհարկե, ունի, բայց, ինչպես տեսնում ենք, ցանկություն՝ ոչ այնքան։ Դրա համար բավական է վկայակոչել թեկուզ միայն վերջերս Լաչինի միջանցքի թեմայով կայացրած որոշումները՝ Հաագայի դատարանում և ՄԻԵԴ-ում և այդ որոշումներից բխող գործնական քայլերի բացակայության փաստը։