Սարսանգի ջրամբարը, որ կառուցվել է 1970 թվականին Թարթառի վրա, առավելապես ոռոգման խնդիրները լուծելու նպատակ ուներ՝ մեզ հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը։ Ջրամբարի վրա կառուցվել էր Սարսանգի ՀԷԿ-ը, որն ուներ ընդամենը 110 մեգավատտ հզորություն։ Խորհրդային Ադրբեջանի հեռահար քաղաքականության արդյուքնում Սարսանգի ջրային պաշարները մեծամասամբ դեպի ադրբեջանաբնակ բնակավայրերն էին հոսում։
«Սարսանգը կառուցվել է Ադրբեջանի ԽՍՀ ծրագրով, հիմնականում ադրբեջանական բնակավայրերի ոռոգման համար։ Ջրամբարից օգտվում է միայն հայկական Մարտակերտը, հարավային թևը, շուրջ 5000 հա ոռոգելու համար»։
Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկվելուց հետո, իսկ ավելի ճիշտ՝ հունվարի 9-ից առ այսօր Ադրբեջանը խոչընդոտում է և չի թույլատրում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել իր հսկողության տակ գտնվող տարածքում, որտեղով անցնում է Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծը: Մինչև շրջափակումը, հատկապես ձմռանը, երբ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան չէր բավարարում, օգտվում էինք Սարսանգի ջրամբարից: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացել է 5 փոքր ՀԷԿ, որոնք էլեկտրաէներգիայի շատ փոքր ծավալ են ապահովում՝ աշխատելով իրենց հզորության 20 տոկոսով, և եթե Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրական գիծն առաջիկայում չվերանորոգվի, ապա էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ, և ընդհանրապես, Սարսանգի ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգացվելու՝ ասում են մասնագետները։ Այսպես թե այնպես, ներկայումս Արցախի էլեկտրաէներգիայի մատակարարման միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է։ «Արցախհէկ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Արմեն Գասպարյանի խոսքով՝ Սարսանգի ծանրաբեռնվածության ավելացման որոշմանը Արցախում ստիպված են գնացել։
«Անջատումը կատարվել է վթարի պատճառով, պաշտպանական սարքերը ֆիքսել են վթարը։ Գիտենք նաև, թե որտեղ է վթարը, որ կմ-ի վրա, դա մոտավոր Լաչինի մոտ է, այնտեղ վերահսկողություն չունենք ոչ մենք, ոչ ռուս խաղաղապահները։Այս ընթացքում սպառողներին էլեկտրամատակարակում տրամադրել ենք փոքր ՀԷԿերի ու Սարսանգհէկի միջոցով։ Փոքր հէկերը չունեն ոչ ջրամբար, ոչ կուտակիչներ, առկա ջրհոսքով են աշխատում»։
Սարսանգը ժառանգել ենք խորհրդային Միությունից, այն նոր չէ, աչալուրջ սպասարկում է պահանջում։ Մասնագետներն այս ընթացքում աշխատում էին մեծ լարումով, որպեսզի համակարգը գործարկեն։
«Թողարկվել է մեծ թերություններով, կարգավորիչները չէին աշխատում ավտոմատ, ամեն ինչ ձեռքի ռեժիմով պիտի արվի։ Այսինքն, երբ աշխատում ես ցանցի հետ, ցանցն է թելադրում հաճախականությունը, լարումը, բայց եթե ցանցը չկա, մեծ խնդիրներ ենք ունենում»։
Անցյալ տարվա մարտին տեղի ունեցած Ադրբեջանի «գազային» ագրեսիան հաշվի առնելով, Սարսանգի ՀԷԿ-ում որոշակի մասնագիտական նախապատրաստական աշխատանքեր կատարվել են՝ ասում է զրուցակիցս, այդ թվում և ջրի մակարդակի բարձրացման մասով, բայց այսպիսի տեռորի, ինչպիսին է էլեկտրամատակարարաման դադարեցումը, չէին սպասում։
«Չէինք սպասում, որ կլինի նման իրավիճակ, քանի որ եղել էին մինչ այդ վթարային դեպքեր, որոնց վերականգնման շուրջ պայմանավորվել ենք։ Հունվարի 9-ից այս լարված ռեժիմով ենք աշխատում, հերթափոխն էլ շատ զգոն պիտի աշխատի»։
Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է՝ պարզաբանում է Արարատ Խաչատրյանը: Արմեն Գասպարյանը մասնագիտական նրբություններն է բացատրում․ ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու պարագայում էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է, ինչը նույն ծավալով էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի շատ ջուր է պահանջում: Գրեթե 600 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի հողօգտագործողների համար։ Ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի շուրջ 96 000 հեկտարը ոռոգելու համար։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքի համար, Սարսանգի ջրազրկումը հայերի վրա որպես էկոցիդ բարդելու ու սեփական ժողովրդին վնասներ հասցնելու գործողություններն արդարացնելու և աշխարհի առաջ իր կողմից իրականացվող գենոցիդից ուշադրություն շեղելու համար։ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև նախօրոք ձեռք էր բերվել պայմանավորվածություն, թե ինչպես պիտի օգտագործվի Սարսանգի ջուրը։ Արարատ Խաչատրյանն է մանրամասնում․
«Ադրբեջանական կողմը այցելել էր Սարսանգ, իրենք մտահոգություններ ունեին, որ վթարներ կարող են առաջանալ, եկել են ստուգելու։ Պայմանվորվածություն կար, որ իրենք մեր ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի անխափանությունն են ապահովում, իսկ Սարսանգի ջուրը պահում ենք ամռանը թողելու համար, պայմանով, որ Մարտակերտի ջրամատակարարաման հարցն էլ կլուծվի։ Բայց իրենք այդ հարցով էլ չեն խոսել»։
Արմեն Գասպարյանն ասում է, որ Սարսանգի ջրային պաշարներն, իհարկե, վերականգնելի են, բայց դրա համար ժամանակ է պետք։ Կամ պիտի էլեկտրաէներգիա չմատակարարարվի Սարսանգ ՀԷԿ-ից, այդ դեպքում մեկ տարվա մեջ, բավարարար տեղումների առկայության դեպքում, կարելի կլինի վերականգնել ջրային պաշարները։ Իսկ եթե այն վերականգնվի բնականոն ռեժիմով աշխատելու պայմաններում, Սարսանգի ջրային մակարդակի վերականգնումը տարիներ կպահանջի։ Կա՞ արդյոք Արցախում նոր ՀԷԿ-երի կառուցման կամ այլընտրանքային էներգակիրներ ներդնելու հեռանկար։ Այս հարցին Արմեն Գասպարյանը պատասխանում է՝ ամեն ինչ հնարավոր է, բայց ժամանակի ու ներդրումների հարց է․ մոտ ապագայում չափազանց դժվար է նման ծրագրեր քննարկելը։ Արևային էներգակիրների ներդրման նախագիծ սկսել էին մշակել, բայց այն հանգամանքների բերումով ավարտին չի հասցվել։