Նոյեմբերի 23, 2024

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումը ԵՄ-Ռուսաստան հակազդեցության համատեքստում

By Դավիթ Եղիազարյան Ապրիլի 12, 2023

ՀՀ արևելյան սահմանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հենց սկզբից էլ  հայաստանյան հասարակությունում իրարամերժ կարծիքներ է  առաջացրել։ Դրա կողմնակիցները կարծում էին, որ այն իրենից ներկայացնում է անվտանգային  լրացուցիչ մեխանիզմ, ինչը նվազեցնելու է  ադրբեջանական ոտնձգությունները ՀՀ նկատմամբ, իսկ հակառակորդները՝  որ այն որևէ էական ազդեցություն չի ունենալու ադրբեջանական ագրեսիան նվազեցնելու գործում։ Առաքելության մասին քննադատությունները գագաթնակետին հասան, երբ մի քանի օր առաջ հեղինակավոր Politico քաղաքական վերլուծական հանդեսում  հրապարակվեց   հոդված ԵՄ-Ադրբեջան էներգետիկ գործարքի վերաբերյալ։ Հոդվածում  ԵՄ անանուն դիվանագետը հայտնել է, որ Ադրբեջանից իր ակնկալիքները բավարարելու նպատակով ԵՄ-ը  փորձում է  ըստ հնարավորին չգրգռել դրան, և խնդիրներից խուսափելու համար Ադրբեջանի հետ կիսում է պարեկությունների և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ ԵՄ մոտեցումը շատ հասկանալի է, և միջազգային հարաբերություններում տնտեսական շահը չի ստորադասվում հուզականությանը։ Նա կարծում է, որ պետք է ավելի գործնական լինել, այդ թվում՝ դաշնակիցների ընտրության հարցում․ 

«Ադրբեջանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության բավականին լուրջ երաշխավոր պետություն է, շատ կարևոր է Եվրոպայի համար: Ադրբեջանը շատ կարևոր է նրանց համար նաև էներգետիկ պլանների դիվերսիֆիկացիայի առումով: Այնպես որ` արևմտյան ստրատեգների համար գազը շատ ավելի գերադասելի է, և նրանց համար շատ ավելի էական են սպասվող տնտեսական օգուտները, քան, ասենք, հեռավոր տարածաշրջաններում մարդկային ճակատագրերը, կորուստները, զոհերը: Դա է կյանքի օրենքը, դա է քաղաքականությունը: Մենք պարզապես պետք է այս իրողություններն ի նկատի ունենանք և մեզ չկերակրենք պատրանքներով` թե այստեղից-այնտեղից կգան և մեզ կփրկեն: Պարզապես պետք է տեղում գտնել իսկական դաշնակիցներ, իրատես լինել, և հույսը չկապել առերևույթ դաշնակիցների հետ»:

 Վերջին ժամանակահատվածում Ռուսաստանը դիվանագիտական ամենաբարձր մակարդակով պարբերաբար առաջ է մղում Հայաստանում ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը։    Ռուսաստանագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ  Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած գործողությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ վերջին ժամանակներում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ընդհանուր ճնշումների համատեքստում․

«Ռուսաստանի կամ ՀԱՊԿ կողմից որևէ հայանպաստ արձագանք սպասելի չէ, առավել ևս, որ այս գործընթացը տեղի է ունենում Հայաստանի նկատմամբ տոտալ ճնշման պայմաններում: Հանրային հնչեղություն ունեցավ Տեղ գյուղում տեղի ունեցածը, բայց կա նաև այլ գործընթաց` ԵԱՏՄ խողովակներով. այս շաբաթվանից սկսած բավականին լուրջ ճնշում է գործադրվում Հայաստանի վրա, շատ մեծ անհարմարություններ են պատճառվում բիզնեսներին` մաքսային ընթացակարգերի հետ կապված հարցում: Եւ սա, իմ կարծիքով, Ռուսաստանի ճնշման, այդ հիբրիդային պատերազմի գործիքներից մի քանիսն են: Նույնը նաև այն, ինչը տեղի ունեցավ Տեղ գյուղում, և շատ հավանական է, որ ամեն պահի կարող է կրկնվել: Մեծ հավանականությամբ Ռուսաստանի ճնշումը և այդ գործողություններն ուղղակի կերպով փոխկապակցված են»:

 Ռոբերտ Ղևոնդյանը նաև կարծում է, որ անհնար կլինի ՀԱՊԿ և ԵՄ դիտորդների համատեղ տեղակայումը, իսկ Ռուսաստանի կողմից իրական աջակցություն կլիներ իր դաշնակից Հայաստանին ռազմական օգնության առաջարկումը, ինչը, սակայն, դժվար թե լինի․ 

«Նախ շատ բարդ կլինի երկու հակամարտող ուժային կենտրոնների առաքելությունները տեղակայել նույն հատվածում: Առավել ևս խնդրահարույց կլինի ԵՄ դիտորդական առաքելությունն ընդունելուց հետո ընդունել նաև ՀԱՊԿ առաքելություն, առավել ևս, որ Հայաստանը նման օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից, և ՀԱՊԿ կողմից դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի շահերից ընդհանրապես չի բխում: Այլ հարց է, եթե օրինակ` լիներ ռազմական զորակազմի տեղակայման և նրանց միջոցով Հայաստանի շահերի վերականգնման կամ այդ հարցում ինչ-որ օժանդակության հետ կապված առաջարկ: Բայց նման առաջարկ չկա և չի լինելու, իսկ դիտորդական առաքելության տեղակայումն ընդամենը Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնություններին տուրք տալու առաջարկ է, ինչին, հուսանք, Հայաստանը տեղի չի տա»:

Կարելի է սպասել, որ ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում ելևէջներն ազդելու են ոչ միայն դրանց և Հայաստանի, այլ նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, և պետք է ըստ հնարավորին դիմակայել դրանցից բխող վտանգներին և օգտագործել այդ փոփոխությունների ընձեռած հնարավորությունները։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023 18:59
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ