Այն ինչ իրականում կատարվում է Հակարի կամրջի մոտ, փաստացի որպես Լաչինի միջանցքի բռնագրավում կարելի է անվանել և Լեռնային Ղարաբաղի հայաթափմանն ու նրա՝ Ադրբեջանին բռնակցմանը ուղղված հերթական նպատակադրված քայլը։ Աֆղանական ու արցախյան պատերազմների մասնակից, Աֆղանական պատերազմի վետերանների նախկին նախագահ, հանրային գործիչ Վահրամ Ղահրամանյանը սպասելի և Ադրբեջանի վարած ծավալապաշտական ռազմավարության ու քաղաքականության մեջ տրամաբանորեն տեղավորվող գործողություն է համարում Հակարիի կամրջին անցակետի տեղադրումը։
«Ինչ ուզում եք ձևակերպեք՝ անցակետ, մաքսակետ կամ սահմանային ստուգման կետ, էական չէ։ Էականն այն է, որ Ադրբեջանն իր բոլոր պետական կառույցներով ներգրավված է այդ նախաձեռնության մեջ և ևս մեկ անգամ փաստենք, որ նույն հակահայ քաղաքականությունն է իրականացնում․ ընդդիմություն թե իշխանություն, բոլորը նպատակաուղղված և հետևողականորեն լծված են դրան։»
Իսկ պետության դեմ պետք է աշխատի պետությունը՝ համոզված է զրուցակիցս, քանի որ երբ աշխատում են պետական լծակները, դրանց պետք է դիմակայել նույն մեխանիզմներով ու լծակներով, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ասում է։ Հայաստանից նման դիմակայություն, ցավոք, չենք տեսնում, ասում է Վահրամ Ղահրամանյանը։
«Ավելին, նույնիսկ նպաստում է ինչ որ տեղ, պարբերաբար տարբեր պաշտոնյաների միջոցով անելով հայտարարաություններ, գեներացնելով միտքը, թե ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չունի նրանից պահանջներ ու այս թեզերով գնում է խաղաղության»։
Բնականաբար, դա անընդունելի է մեզ համար, ասում է, քանի որ դրանով վերջակետ է դրվելու Արցախյան հարցին՝ զրոյացնելով տասնամյակների պայքարը։ Ցավոք, Արցախը միջազգային հարթակներում հանդես գալու հնարավորություն չունի։ Ի՞նչ պետք է անի այդ դեպքում Արցախը, կամ Արցախի իշխանություններն ու հանրությունը։ Որքան էլ ծեծված ու շահարկված թվա արտահայտությունը, Վահրամ Ղահրամանյանը, այնուամենայնիվ, ելքը միասնականության մեջ է տեսնում․ ոչ թվացյալ ու կեղծ, այլ իրական՝ քաղաքական ու ցանկացած այլ շահերից զերծ, միաբանության մեջ։
«Հենց այս վայրկյանից բոլոր ակցիաները պիտի լինեն խիստ կազմակերպված, ամենաբարձր մակարդակով, և բոլորը պետք է նույն պաշտոնական կարծիքը հայտնեն, նախագահից մինչև միջին վիճակագրական պաշտոնյան պիտի գիտակցեն, որ ոչ ոք իրավունք չունի անել արտահայտություններ, կատարել արարաքներ, որոնք կարող է վնաս բերեն Արցախին։ Սա շատ կարևոր պահ է»:
Իսկ դա հնարավոր է միայն դեպի իշխանությունները հավատի ու վստահության վերականգնման դեպքում միայն։ Մեր իշխանություններին պակասում է վճռականությունն ու ճկունությունը։ Հատկապես հիմա, երբ Արևմուտքի դիրքորոշումը հստակ է, ու նա Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է տեսնում, Իսկ Հայաստանը հայտարարում է, որ երաշխավոր է միայն 29 800 քառ․ կմ համար և դրանով փաստորեն հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի երաշխավորության դերից, Արցախի իշխանությունները պետք է ճկուն աշխատեն ռուս խաղաղապահների հետ, ասում է զրուցակիցս։
«Պետք է ամրագրենք, ընդունենք փաստը, որ չնայած ոչ կայուն անվտանգության երաշխիքներին, այդ անվտանգությունը, այնուամենայնիվ, պահվում է ռուս խաղաղապահների միջոցով»։
Վահրամ Ղահրամանյանը համաձայն չէ այն մտքին, որ 90-ականներին ավելի ծանր էր իրավիճակը։ Այն ժամանակ վերաբերմունքն ուրիշ էր, Հայաստանն իրենից կտրում՝ տալիս էր Արցախին, որպեսզի նա կարողանա դիմակայել։ Արցախի՝ հայոց պետականության պահպանման առանցքային դերակատարության ընկալումը կար։ Հայաստանի ու Արցախի բոլոր ղեկավարների մեղավորությունը կա Արցախի ներկա իրավիճակի համար, ասում է զրուցակիցս, հաղթանակից հետո անհրաժեշտ էր կապիտալիզացնել այն, սահմանները ամրացվեին, բանակը հզորացվեր․ այդ ամենը հեքիաթի ժանրից չէ, ասում է, հնարավոր էր անել, ուղղակի պատշաճ աշխատանք չի կատարվել, և այսօր արդեն ուշ է այդ մասին խոսելը, ցավոք։ Ադրբեջանական անցակետի տեղադրումը , կարծում եմ, բոլոր արցախցիների համար կարմիր գիծ է, և մենք մեր ներսում պիտի որոշում կայացնենք, թե ինչի ենք պատրաստ՝ այդ կարմիր գիծն ապօրինաբար խախտելու դեպքում։ Արցախի որևէ քաղաքացի այդ անցակետով չպիտի անցնի, քանի դեռ այն թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ է, և եթե պետք է՝ նաև պետական մակարդակով պիտի արգելվի դա։
«Գոնե այսօր, պետությունը պետք է ցույց տա իր դեմքը։ Այն մասունքները պետականության, որ մնացել են, պետք է կառչենք այդ մասնիկներից։ Ինչքան էլ որ վստահության կորուստ ունենք իշխանությունների նկատմամբ, և որքան էլ ցածր է պետության վարկանիշը, ամեն դեպքում պետք է ընդունենք, որ ունենք պետականություն»։
Հայաստանի դերակատարությունը որպես միջազգային դիվանագիտական սուբյեկտի, նվազել է և անասելի ցածր նիշի վրա է հիմա, նա վերածվել է քաղաքական առևտրի օբյեկտի։ Արցախին անհրաժեշտ օժանդակություն՝ դիվանագիտական-քաղաքական առումով, Հայաստանը չի կարողանում տրամադրել․ այս իրավիճակում մեզ մոտ պետությունը, պետական պաշտոնյաները կրկնակի պատասխաննատվություն պիտի վերցնեն իրենց վրա, փոխեն իրենց գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը, և ամեն գնով թույլ չտան ադրբեջանական անցակետի գործարկումը։ Այն հեռահար շատ վտանգավոր տարրեր է իր մեջ ներառում և ծանր հետևանքներ է ունենալու։ Մենք պետք է դիմակայություն ցույց տանք, քանի որ դա անմիջապես մեր ֆիզիկակական անվտանգությանն է առնչվում ու մեր ինքության պահպանմանը։