Ապրիլի 18, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 13, 2023

Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը հարձակման փորձ է անում Սոթք-Վարդենիս ուղղությամբ: Ավելորդ չէ նկատել, որ վերջին երեք օրերին թշնամու ամեն հաջորդ գրոհն ու հրետանային մենամարտն ավարտվում է հայ զինվորների գրագետ և ջախջախիչ պատասխանով: Ցավոք, ոչ առանց կորուստների: Փորձենք հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանի բռնապետը հիմա գնացել այս քայլին: Ամենաակնառու պատճառը` անցած և գալիք բանակցություններն են: Պարզ է, որ ԱՄՆ-ում անցած բանակցություններում Ադրբեջանը չի կարողացել հասնել իր գլխավոր նպատակներին: Պաշտոնական Երևանից և Բաքվից վերջին շաբաթվա ընթացքում հնչող հայտարարությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից հանել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը և Հայաստանից ստանալ Տավուշում և Արարատում խորհրդային արհեստական անկլավները: Ավելորդ չէ հիշեցնելը, որ դրանցով են անցնում Երևանը համապատասխանաբար Վրաստանի և Իրանի սահմաններին կապող գլխավոր մայրուղիները: Բաց աղբյուրների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, առնվազն այս պահին, ավելի հակառակվող է, ապա` անկլավների հարցում ՀՀ իշխանությունները հույս ունեն զիջումներով գնալ խաղաղության: Իսկ վերը նշված մայրուղիները նախատեսվում է փոխարինել արդեն պատրաստի այլընտրանքային մայրուղիներով: Բնականաբար, որևէ ամբողջատիրական բռնապետություն երբևէ չի բավարարվելու զիջումներով և պահանջելու է ավելին, Ադրբեջանը ևս բացառություն չէ: Վերադառնալով վերջին օրերի էսկալացիային, հարկ է նշելը, որ թշնամին հույս ուներ մինչև կիրակի շոշափելի հաջողություններ ունենալ սոթքյան ուղղությամբ, սակայն ռազմական գործողությունների ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախնական հարձակումը ձախողվել է: Ակնառու է այն, որ Ադրբեջանը մեծացնում է բախման աստիճանը և ճակատագիծը, կարելի է սպասել հարձակման փորձեր նաև Գեղարքունիքի հյուսիսում և Տավուշում: Ադրբեջանի բռնապետին իրոք օդի պես պետք է գոնե չնչին հաջողություն այս օրերին` բրյուսելյան բանակցություններից առաջ որպես հաղթաթուղթ խաղացնելու համար: Միաժամանակ, հայկական կողմի նույնիսկ ամենափոքր առաջխաղացումը կարող է բեկումնային լինել ոգեպնդման և սեփական ուժերին կրկին հավատալու հարցում: Սոթքյան առճակատման զարգացման երկու առավել հավանական տարբերակ է հնարավոր: Տարբերակներից մեկն այն է, որ նույնիսկ շոշափելի հաջողության բացակայության դեպքում բաքվյան բռնապետը կդադարեցնի այս էսկալացիան, և բրյուսելյան բանակցությունների սլաքն արցախյան հիմնախնդրից ըստ հնարավորին կթեքի դեպի Հայաստանի Հանրապետության սահմանի վիճարկումը: Այդուամենայնիվ, Ադրբեջանն ամեն ինչ անելու է ինչ-որ առավելություն ստանալ ռազմի դաշտում` բանակցություններում նույնն անելու համար: Քիչ հավանական է, որ Ադրբեջանը կդադարեցնի այս էսկալացիան առանց էական հաջողությունների: Այդուամենայնիվ, չի կարելի բացառել նաև Մըրֆիի օրենքը, և եթե հնարավոր է վատթարագույն տարբերակ, այն միշտ էլ պատահում է: Վերջ ի վերջո, հենց անցած տարի մենք ականատես ենք եղել, թե ինչպես կարող է միջազգային հարաբերությունների համակարգում խաղադրույքների անվերջ բարձրացումը հասցնել լայնածավալ ու երկարաձիգ պատերազմի: Այս պահին շատ չէ հավանականությունը, որ Ադրբեջանը լրիվ վաբանկ կգնա, բայց և դա լրիվ բացառել չի կարելի: Լայնամասշտաբ պատերազմի չգնալու ամենամեծ գործոնն այն է, որ ի տարբերություն 2020 թվականի, հիմա Ադրբեջանը չի ունենալու նույն գործուն կամ լուռ հավանությունը. Թուրքիան առաջիկա առնվազը երկու ամիսներին զբաղված է լինելու ներքաղաքական խնդիրներով, Ռուսաստանը ներքաշված է այլ պատերազմում, Պակիստանում և Իսրայելում լուրջ ներքաղաքական լարվածություն է, ԱՄՆ-ը, ի տարբերություն 2020-ի աշնանը, հիմա ուշադիր հետևում է տարածաշրջանին, ԵՄ-ը և Իրանը չնայած հիմնականում չեզոք են, բայց այս պահին ընդգծված ադրբեջանամետ չեն, և այլն: Ամեն դեպքում` միջազգային բանակցությունները եղել և մնում են ուժով ստացածը թղթով ամրագրելու միջոց: Եւ բոլոր այն պետությունները, որոնք կարծում են, թե գրիչն ավելի ուժեղ է, քան զենքը, միշտ պատժվում են զենքով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ