Դեկտեմբերի 26, 2024

Թուրքական ընտրությունները և Հայաստանը. ի՞նչ սպասել և ի՞նչ չսպասել

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 15, 2023
Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը: Դրա արդյունքները, մեծ հաշվով, անակնկալ չէին, և ընդհանուր առմամբ համապատասխանում են կանխատեսումներին: Հետաքրքրական է այն, որ ադրբեջանական ծագումով աջական թեկնածու Սինան Օղանը «խլել» է Էրդողանի օգտին քվեարկող ազգայնականների ձայների մի մասը: Երկրորդ փուլում, ամենայն հավանականությամբ, այդ ձայները «կվերադառնան» Էրդողանին: Այդուամենայնիվ, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում գլխավոր դիմակայությունը գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև է: Ներհայաստանյան քննարկումներում գերակշռում է այն տեսանկյունը, թե վերջինի ընտրվելու դեպքում Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում և արցախյան հիմնախնդի վերաբերյալ էապես կփոխվի: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը չի կիսում այդ կարծիքը` նախ, այն պատճառով, որ վստահ չէ, թե Քըլըչդարօղլուն կկարողանա հաղթել, երկրորդ, որովհետև կարծում է, թե նրա հաղթանակի դեպքում էլ այդ հարցերում Թուրքիայի դիրքորոշումն էապես չէր փոխվելու. 
 
«Ընդդիմությունը, իմ ընկալմամբ, սկզբունքորեն նոր մոտեցում չի ձևակերպել Հայաստանի և Արցախի նկատմամբ: Այսինքն, խոսքն այն մասին է, որ եթե ընդդիմությունը դառնա իշխանություն, կլիներ էրդողանյան իշխանության մոտեցումը, գուցե մի քիչ ինչ-որ ավելի փափուկ արտահայտություններով: Հայ ժողովրդի նկատմամբ այնպիսի հստակ կոպիտ, վիրավորական արտահայտություններով, որ թույլ են տալիս թուրքական ներկայիս իշխանավորները, միգուցե այդպես չլիներ: Բայց էությունը չէր փոխվելու: Սա շատ կարևոր հանգամանք եմ ես համարում: Իսկ Էրդողանի և նրա կառավարության մոտեցումը բոլորս տեսնում ենք և, ըստ էության, այդ մոտեցումը հիմնված է մկ պարզ սկզբունքի վրա, որ Ադրբեջանը, որը հաղթել է պատերազմում, պետք է ստանա այն ամենը, ինչ ցանկանում է, և Թուրքիան, ի դեմս Էրդողանի և նրա կառավարության, լիովին պաշտպանում է Ադրբեջանի այդ մաքսիմալիստական մոտեցումը»: 
 
Սաֆրաստյանը նշում է, որ Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանի` Հայաստանի հանդեպ ունեցած առավելապաշտական քաղաքականությանը, այլ, մեծապես, հենց ինքն է ձևավորում այն. 
 
«Ես կարծում եմ, որ իրականում Թուրքիայի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է մի ռազմավարական սկզբունքի վրա, որը հետևյալն է. Թուրքիան ուզում է մեր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական ազդեցության առումով, հասնել գերակա դիրքի, և Ադրբեջանը Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես այդ ռազմավարությունն իրականացնող գործիք: Սա, իմ կարծիքով, ավելի խորքային վերլուծություն է, և դա իրականությանը համապատասխանում է: Եթե մենք այս տեսակետից վերլուծենք և դիտարկենք, ապա` կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի այս մաքսիմալիստական մոտեցումները, որ մենք տեսնում ենք, ըստ էության, բխում են հենց Թուրքիայի մոտեցումներից: Այսինքն` Թուրքիան, այո, լիովին աջակցում է Ադրբեջանին, բայց իրականում` ինքն է ձևավորում Ադրբեջանի այդ մաքսիմալիստական մոտեցումները»: 
 
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` թեև առաջին փուլից հետո կրքերը բորբոքված են, սակայն Թուրքիայի ներսում անկայունությունը, մեծ հաշվով, ձեռնտու չէ ո՛չ ներքաղաքական խոշոր ուժերին, ո՛չ` Թուրքիայի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ին: 
 
«Ես կարծում եմ, որ հետընտրական հանդարտությունը պայմանավորված է ոչ միայն ներկայիս իշխանությունների իսկապես նպատակասլաց ջանքերով: Որովհետև հենց ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ տասնյակ հազար ոստիկան է իրականացրել հսկողությունը և այլն, այլ նաև` պայմանավորված է դրսի խաղացողների մոտեցումներով, առաջին հերթին` ԱՄՆ-ի: ԱՄՆ-ի համար իհարկե կարևոր է, թե ով Թուրքիայում կլինի իշխանության, բայց` շատ կարևոր չէ: Ամենակարևորը, որ Թուրքիան լինի ստաբիլ, որ Թուրքիային ներքին վտանգներ չսպառնան: Թուրքիան շատ կարևոր դերակատարում ունի ամերիկյան ռազմավարությունում` Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում և այլն: Դրա համար, ես կարծում եմ, ամերիկացիներն իրենց հնարավորությունները նույնպես օգտագործել են, որ խուսափեն հետընտրական այդ ցնցումներից: Եւ դա արել են և՛ հաշվի առնելով իրենց ավելի մեծ ազդեցությունն ընդդիմության վրա (դա գաղտնիք չէ, որ ընդդիմությունն ավելի շատ է կապված ամերիկացիների հետ), և՛ նաև` հաշվի առնելով, իրենց կապերն Էրդողանի կառավարության հետ»: 
 
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին: Միայն դրանից հետո կարելի կլինի վստահությամբ խոսել տարածաշրջանում Թուրքիայի հետագա քայլերից: Ամեն դեպքում, կասկած չկա, որ առաջիկա երկու շաբաթը ևս լինելու են իրադարձություններով հարուստ:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ