Նոյեմբերի 23, 2024

Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ քաղաքական որոշումներ են պետք

By Սրբուհի Վանյան Մայիսի 20, 2023
 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարևոր է համարում միջազգային փաստահավաք առաքելության անցկացումը Հայաստանում՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ նույն Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում ինչ հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել արցախահայությունը։ Բայց փաստահավաք առաքելությունը որպես փաստ դեռ կայացած չէ, ասում է քաղաքագետը, և հույսեր կապելը վաղաժամ է։ 
 
«Դրա մասին խոսելը ու դա գործարկելը, առավել ևս դրա վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելը տարբեր բաներ են։Մենք առայժմ գործ ունենք ՀՀ ցանկության հետ, ու դա Հայաստանը պետք է փորձի հետևողական առաջ տանի»։
 
 Փաստացի այդ առաքելությունը դեռ չի եկել, չենք տեսնում, որ այն գտնվում է Լաչինում, ասում է զրուցակիցս, դրա համաձայնությունը պիտի տա ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, և քաղաքագետը չի կարծում, որ Ադրբեջանը կտա այդ համաձայնությունը, եթե հաշվի առնենք այն, որ Բաքուն շատ կարծր դիրքորոշում ունի այդ հարցում և Ղարաբաղի խնդիրը համարում է իր ներքին խնդիրը։ Լաչինի միջանցքի խնդիրը Սուրենյանցը չի կապում փաստահավաք առաքելության հետ․ 
 
«Քաղաքական որոշում պիտի լինի, որպեսզի Լաչինի միջանցքում ապաշրջափակում լինի, կամ պետք է Ռուսաստանը ճնշում գործադրի, կամ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի՝ հիմք ընդունելով Հաագայի դատարանի որոշման չկատարումը»։
 
 Առայժմ ուժային նշված կենտրոնների կողմից որևէ գործնական քայլ հեռանկարում չի նշմարվում։ Ինչու՝ նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական շահը կամ ռիսկը, որից ելնելով քայլեր չի ձեռնարկում։ Ավելին՝ 
 
«Բրյուսելի հովանու ներքո եռակողմ հանդիպումների արդյունքում, երբ Շառլ Միշելը խոսեց ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պատրաստակամության մասին, հիշատակում անգամ չկար Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մասին։ Կարող էին անարգել պատժամիջոցներ կիրառել, տեսնում ենք՝ նման ցանկության անգամ չկա։»
 
 Այլ հարց է, որ կողմերը համաձայնության գան միջանցքով տեղաշարժի պայմանների շուրջ, ասում է զրուցակիցս։ Նա համոզված է՝ եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ չի մարսելու, նա միջանցքի արգելափակման չէր գնա։ Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ոչ Ռուսաստանը, ոչ հավաքական Արևմուտքը կտրուկ քայլերի չեն գնա։ 
 
«Իրավական առումով հազիվ թե ավել կարևոր փաստաթուղթ լինի, քան այն, ինչ կա 2020 նոյեմբերի 9-ի փաստաթղթում նկարագրված, և այն, ինչ կա Հաագայի դատարանի որոշման մեջ։Երկուսն էլ սահմանում են, որ Լաչինի միջանցքը պիտի գործի։ Իրականում այդ կարգավորումները չեն գործում։»
 
Իրավական առումով հայկական կողմը ունի բոլոր հիմքերը իր համար շահեկան պայմաններ ապահովելու և Լաչինի միջանցքը բացելու համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա բավարար չէ․ անհրաժեշտ է քաղաքական լուծում։ Ինչո՞ւ այն չկա։ 
 
«Երեք հանգամանք կա՝ միջազգային քաոսն է, միջազգային իրավունքը չի գործում, կարևոր է դառնում ուժի բաղադրիչը, իսկ Ադրբեջանը այս առումով գերազանցում է մեզ, երկրորդն ուկրաինական պատերազմի գործոնն է, որը սահմանփակում է Ռուսաստանին, երրրոդը ՝ 44-օրյայից հետո Ադրբեջանը շատ ավելի կարևոր գործընկեր է և Արևմուտքի, և Ռուսաստնի համար։ Կա նաև չորրորդը՝ Հայաստանի անորակ դիվանագիտությունը»։
 
 Եթե Հայաստանն անվերապահ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն 86,600 հազ քմ կմ-ի վրա, և որի մեջ փաստորեն մտնում է նաև նույն անցակետը, ապա ստացվում է, որ դա մոտավորապես այն է, ինչ Ալիևը կոչում է ռեինտեգրացիայի քաղաքականություն, և Արցախի քաղաքական միավորի գոյությունն անգամ Հայաստանի իշխանության մակարդակով չի ճանաչվում, ասում է քաղաքագետը։ Նրա կարծիքով, Արցախի անկախության օրակարգը տեղին չէ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, բայց Երևանը պետք է պարտադիր առաջ քաշեր նախապայման, որ փաստաթղթավորվեր Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, և նրա ժողովրդի անվտանգությունը, ասում է՝ պահանջելով անվտանգության և իրավունքների երաշխիքներ։
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ