Նոյեմբերի 22, 2024

ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանը ավարտեց աշխատանքը

By Սրբուհի Վանյան Հունիսի 29, 2023

ԱՀ խորհրդարանն այսօր գումարել է 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը։ Նիստին ներկա է գտնվել նաև հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Օրակարգում ընդգրկված էին ինչպես պարտադիր քննարկման հարցեր, այնպես էլ` ԱԺ-ի նախորդ հերթական լիագումար նիստից մնացած անավարտ հարցերը։ Պատգամավորները նաև կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորություն են ունեցել։ Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։

ԱԺ այսօրվա լիագումար նիստին ներկա է գտնվել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Խորհրդարանը քննարկել է ԱՀ նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների ու 2023 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը: Պատգամավորներն Արայիկ Հարությունյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել։

Հաղորդումը, ԱԺ-ի կանոնադրության համաձայն խորհրդարանում էր և պատգամավորները հնարավորություն ունեցել են ժամանակին ծանոթանալու դրան: Նախագահ Արայիկ Հարությունյանն այս մասով ավել ասելիք չուներ, 2023 թվականի ծրագրերի մասով առաջարկեց խմբակցությունների հետ առանձին հանդիպումների ձևաչափով քննարկումներ ունենալ։

Նախագահի գործունեության վերաբերյալ հաղորդման շրջանակում 8 պատգամավոր հարցեր ունեին։

Հարցերի առանցքն Արցախում ստեղծված իրավիճակն է, Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները։ Արամայիս Աղաբեկյանի հարցերից մեկը ներկայումս ամերիկյան հարթակում ընթացող բանակցություններին էր առնչվում, հաջորդը` Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման գործընթացին։ Առաջին հարցին նախագահ Հարությունյանը խոստացավ ոչ հրապարակային ձևաչափով պատասխանել, երկրորդ հարցին հետևյալ կերպ է պատասխանել.

«Բանակցություններ ամեն օր ընթանում են ռուս խաղաղապահների ու ադրբեջանական կողմի հետ, բայց քանի որ ադրբեջանական կողմը այդ միակողմանի փակման (համապարփակ շրջափակման - հեղ) պատճառ որպես պատճառաբանում է հունիսի 15-ին ՀՀ սահմանի վրա, ես այդպես կասեմ, տեղի ունեցած միջադեպը, այդ առումով կա նաև ՀՀ և Ադրբեջանի իշխանություների միջև քննարկման անհրաժեշտություն։ Հույս ունենք, որ բացի խաղաղապահներից, տեղի կունենա նաև նման քննարկում, որպեսզի հարցը հանգուցալուծվի»:

Նախագահ Հարությունյանը, պատասխանելով պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցին, թե բավարա՞ր է գնահատում արդյոք հայկական կողմի աշխատանքը միջազգային հարթակներում՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, խոստացավ պատգամավորների հետ այլ ձևաչափով ներկայացնել մանրամասներ դիվանագիտական աշխատանքի վերաբերյալ, որ կատարվում է՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ շեշտեց, որ եթե Քաշաթաղի միջանցքը դեռ փակ է, նշանակում է՝ այդ աշխատանքը բավարար չէ։

«Անելիքներ կան ինչպես ՀՀ , այնպես էլ մեր ու ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։ Մի բան պետք է հաշվի առնենք․ Ադրբեջանը ամեն ինչ անում է մեր նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Եվ ամեն առիթի պատճառն այն է, որ ձգտում է պատվիրակությունը գնա Բաքու՝ երկխոսության»:

Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև ներքին խնդիրներին, ընդգծելով, որ այս պահին անչափ կարևոր է, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում մեզանից յուրաքանչյուրը զգոն լինի, գիտակցելով, թե ինչ կարող է արժենալ իր անզգույշ կամ չմտածված խոսքը կամ ապատեղեկատվությունը։ Տեղեկատվական հոսքերը կառավարելու համար նաև օրենսդրական կարգավորումներ են կատարվելու, խստացվելու են տեղեկատվության տարածման պայմանները։

Մետաքսե Հակոբյանը, ինչպես ինքն արտահայտվեց, հանրությանը հուզող մի քանի ընդհանրացված հարց ներկայացրեց։ Դրանցից մեկը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին էր․ օրակարգո՞ւմ է այն արդյոք, տպավորություն է, որ այն մերժված է, և դրա օրակարգ բերելու ողջ բեռն Արցախի իշխանությունների վրա է ընկած, ասում է պատգամավորը։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը կախված է Արցախի ժողովրդից, ասում է նախագահ Հարությունյանը։

«Ինքնորոշման իրավունքի իրացումը կախված է մեզանից։ Մեր զրկանքների գնով պետք է հասնենք այդ ինքնորոշման իրավունքի իրացմանը, այն հասցնենք վերջնանպատակի։ Եթե նախընտրեցինք կոմֆորտը, մի տարի հետո այն կարող է չլինել։ Մեր հասարակությունը պետք է գիտակցի սա»:

Ավելի քան 2 ժամ պատգամավորների հարցերին պատասխանել են նաև Կառավարության անդամները։

13 պատգամավոր 24 հարց են հնչեցրել: Այդ հարցերը վերաբերել են արտաքին ու ներքին քաղաքականությանը, տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին, շրջափակման մարտահրավերներին ու այդ մարտահրավերների դիմակայման պետական ռեսուրսներին ու մոտեցումներին։ Կարինե Աթայանին հետաքրքրում էր առողջապահության կազմակերպումը՝ շրջափակման պայմաններում։ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն է մանրամասներ ներկայցրել։

«Ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է, և մենք էլ առողջապահության համակարգում պիտի կարողանանք արագ արձագանքել։ Դրա հետ կապված պլանային վիրահատություններն ու հետազոտությունները դադարեցվում կամ վերսկսում են։ Երկուշաբթի օրվանից հնարավոր է վերսկսենք։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ վերահսկելի ու կառավարելի է»:

Շրջափակման պայմաններում պարենի ապահովման, գնումների գործընթացի, տնտեսության կազմակերպման և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի պատասխաններ տվեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«14-րդ օրն է, գտնվում ենք ամբողջական շրջափակման մեջ, որևէ սննդատեսակ, ապրանք, անգամ հումանիտար բեռների տեսքով, չի ներմուծվում, մենք փորձում ենք պահպանել իրավիճակը համեմատաբար կայուն վիճակում։ Եվ այն որ հաջողվում է՝ վերջին ամիսներին կատարված աշխատանքի արդյունք է»:

Հարցերի մի մեծ փաթեթ ԿԳՄՍ նախարարին էր հասցեագրված։ Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է կազմակերպվելու 2023-24 ուսումնական տարին, ի՞նչ խնդիրներ են առաջանում, և հնարավո՞ր է արդյոք այսպիսի պայմաններում ապահովել կրթական պրոցեսը։ Նախարար Նորայր Մկրտչյանի «այո»-ն համոզիչ էր։

Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց մինչ այդ առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը»։

Նիստը եզրափակեցին Արթուր Մոսիյանն ու Արամայիս Աղաբեկյանը, հանդես գալով պատգամավորական հայտարարություններով։ Արթուր Մոսիյանն անդրադարձել է ԱԺ-ի երեկվա նիստում ընդունված որոշմանը՝ Սահմանադրության մեջ լրացում կատարելու մասին։ Այն կարևոր է, քանի որ կբացառի իրավական, քաղաքական կամ ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվելու պարագայում երկրում անիշխանության առաջացումը։ Ճիշտ է, դա խնդրի կարգավորում է մինչև 2025 թվականի գարուն։ ԱԺ քաղաքական ուժերը կոնսենսուս են ձեռք բերել Սահմանադրական փոփոխությունների ընդհանուր փաթեթի քննարկաման մասով, որը խնդիրը կկարգավորի նաև 2025 թվականից հետո։ Մինչ այդ ԱԺ-ն օրենսդրական այլ կարգավորումներ ևս պիտի մտցնի։ Ներկա պայմաններում գուցե ժամանակվրեպ դիտարկվի նման հարցերի քննարկումը, բայց պետք է հիշենք, որ ԱԺ-ն օրենսդրական մարմին է, և այս նախաձեռնությունները հետագայում երկիրը հնարավոր սպառնալիքներից ապահովագրելու համար են նաև։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ