Նոյեմբերի 22, 2024

Բանակցային գործընթաց, Արցախի շրջափակում, ՌԴ խաղաղապահ զորախմբի գործառույթներ. ՀՀ վարչապետի ասուլիսի հիմնական շեշտադրումները

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 25, 2023

Երեւանում շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Շուրջ 5 ժամ ընթացող ասուլիսին Փաշինյանը պատասխանել է պաշարված Արցախում ստեղծված իրավիճակի, երկրի ներքաղաքական կյանքի վերաբերյալ հարցերին։ Վիկտորյա Սարգսյանն է առանձնացրել ասուլիսի հիմնական շեշտադրումները:

 Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Աշխարհակարգը, որ համարվում էր, այդ թվում, մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընդգծումով սկսեց ասուլիսը:

Հայաստանի վարչապետին ուղղված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր բանակցային գործընթացին ու արդեն 7 ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախին:

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ-ի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ` հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից ընդհանրապես դուրս գա արցախյան հիմնախնդիրը, կամ ընդհակառակը՝ կարգավիճակի հարցն օրակարգ վերադարձվի:

«Եվ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ ի նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով` միջազգային մեխանիզմի շրջանակներում: Եվ կարծում եմ, որ ԼՂ-ի ներկայացուցիչները, ժողովուրդը, Կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն հարցեր առաջադրել, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը»:

Բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելը կարևորեց Ադրբեջանի` բռնազավթված Ակնայից Արցախի ժողովրդին օգնություն հասցնելու առաջարկը։ Հարցին` ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը այդ թեմայով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետեւ այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ»։

Ըստ 2020 թ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության` Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի` մինչև 2025 թ տեղակայումը մի նպատակ ունի, որն արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե որ դեպքում ՌԴ խաղաղապահները դուրս կգան Արցախից:

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել ԼՂ-ում բնակչության զանգվածային զոհվելը: Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա, որովհետև, եթե Լեռնային Ղարաբաղում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր դուրս գալու մասին որոշում կայացնել: Իսկ եթե չկա վտանգ, դա, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է եղել, ու կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախկինում սահմանվել էր բանաձև, որով Քաշաթաղի միջանցքի անվտանգությունը և անխափան գործունեությունը վերապահվել էր Ռուսաստանին և այժմ այդ բանաձևը չի աշխատում, Փաշինյանն ասել է` մեզ հայտնի բանաձևերով առաջնորդվելով՝ Արցախի խնդիրը չենք լուծելու: Մեզ այլ բանաձևեր և դիտանկյուններ են պետք, և մենք փորձում ենք գտնել ու որդեգրել դրանք:

«Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է, ասում է՝ բա հարցը ո՞նց լուծենք` Ղարաբաղի կամ Հայաստանի: Դա մեր խնդիրն է, և մենք պետք է գտնենք ձևերը լուծելու, որովհետև դա մեզ է պետք առաջին հերթին: Իհարկե, դա չի նշանակում, որ Ռուսաստանին պետք չէ այս խնդրի լուծումը: Որովհետև, տեսեք, Ռուսաստանում կան խնդիրներ, պլյուս դրան՝ սա կոնկրետ խնդիր է Ռուսաստանի համար՝ և՛ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ ուժերը գտնվում են ԼՂ-ում, և, մեծ հաշվով, այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք «հումանիտար ճգնաժամ» և երբ ասում ենք, որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, չէ՞, սկսած նրանից, որ պարենը կարող է այն աստիճանի սպառվել, որ պրոբլեմներ առաջանան, դա շատ մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով»:

Արցախի 120 հազար հայերի վերաբնակեցման հարցը ՀՀ-ում չի քննարկվում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունը դիտարկո՞ւմ է Արցախի 120 հազար բնակիչների վերաբնակեցումը Հայաստանում, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջիններս բռնի տեղահանվեն:

«Ո՛չ, Հայաստանի Հանրապետությունը նման հարց չի քննարկում. ի նկատի ունեմ, ինչպես Դուք անվանեցիք՝ «վերաբնակեցման»: ՀՀ-ն քննարկում է ԼՂ-ի հայությանը սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»:

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ ակտիվացած «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթները Նիկոլ Փաշինյանը որակում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
ՀՀ վաչապետի շուրջ 5 ժամ տևող ասուլիսը դեռ շարունակվում է:

Last modified on Երեքշաբթի, 25 Հուլիսի 2023 14:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ