Նոյեմբերի 22, 2024

Ադրբեջանցի «բժիշկներն» արդեն բուժզննության են ենթարկում հայ բուժառուներին

By Անի Աբաղյան Հուլիսի 25, 2023

Հակարի կամրջին տեղադրված ապօրինի անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները երթևեկը պարբերաբար արգելվում է Ադրբեջանի կողմից։ Թույլ տալու դեպքում էլ մի քանի սահմանապահներ հնարավորություն են ունենում ստուգելու միջազգային կառույցի մեքենաները, դա էլ քիչ էր օրերս ադբեջանցի իբր «բժիշկներ» բուժզննել են հայ բուժառունների։ Որքանո՞վ է միջազգային իրավունքը թույլատրում միջազգային կառույցի փոխադրամիջոցը ստուգելը և ինչու՞ է ԿԽՄԿ-ն թույլատրում՝ ստուգումները։ Լսե՛նք Անի Աբաղյանի ռեպորտաժը։

 Գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ պարբերաբար կրակելը, Արցախ-Հայաստան ճանապարհը փակելով հումանիտար աղետ ստեղծելը, հացի հերթերը` հոգեբանական ճնշման համար բավարար չէր թշնամուն․ օրերս հայ բուժառուները բուժզննման են ենթարկվել ադրբեջանցիների կողմից, որոնք որպես բժիշկ են ներկայանում․ նրանք բժիշկներ են, թե ոչ, այս պահին չենք կարող ասել, բայց որ ճնշում են չափում, բուժառուներին փորձում մերկացնելով զննել, ջուր ու անհայտ ծագման ու բաղադրության դեղ առաջարկում, դա հաստատ է։

«Երեխան ակնոցով էր․ հարցրին տեսողական խնդիր ունի՞, ասեցի այո։ Ասեցին ուրիշ ինչի՞ համար եք տեղափոխում երեխային, ասեցի աչքերի խնդիրն է, բրեկետների հետ կապված նաև»։

«Ես այնքան բարկացած էի, որ հիմա չեմ հիշում ինչ ա եղել։ Շատ մեծ սթրես եմ ապրել»։

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել են տեղափոխվող բուժառուները։ Բացի հարցեր տալուց, ադրբեջանցիները բուժառուներին առաջարկում են նաև մերկանալ, լրացուցիչ բուժզննումներ անցնել՝ ասում է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ադրբեջանցի բժիշկներին մի կերպ համոզել են գոնե ստուգման ընթացքը չնկարել։

«Ծանր հիվանդներ կան, որոնց Կարմիր խաչը տեղափոխում է նստած վիճակում, ադրբեջանցիները նրանց ստիպում են իջնել ու ասում են՝ հավելյալ զննման պետք է ենթարկվեք։ Ընդհուպ՝ եթե անհրաժեշտություն լինի բուժզննությունը պետք է զուգորդվի անձի մերկացմամբ, լրացուցիչ հետազոտություններով»։

Այն, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառույթը պարբերաբար արգելվում է, արդեն նորություն չէ Արցախում։ Վերջերս լուրեր էին շրջանառվում նաև, որ բուժառուներին պետք է Ակնայով Բաքվի հիվանդանոցներ տեղափոխեն` բուժման և այլն, և այլն։ Հոգեբանական նման ճնշումների ենթարկելը միջազգային իրավունքի ոչ մի դրույթի չի համապատասխանում։ Բայց միջազգային իրավունքի այդ խախտումները չեն դատապարտվում, ինչն էլ նոր աղետների պատճառ է դառնում։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ ապօրինի անցակետում տեղի ունեցած ցանկացած գործողություն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար բոլոր սկզբունքները, հակասում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու արհամարհում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական որոշումը

«Կարմիր խաչի կողմից իրականացվող որևէ գործողություն որևէ պետություն վերահսկելու իրավունք չունի։ Փաստորեն Ադրբեջանի գործողությունները երկասպեկտ խախտում են պարունակում։ Ես տեսա նաև ադրբեջանական «պաշտպանների» հայտարարություններ․ որոնք նշում են՝ բժիշկների կողմից զննությունը հնարավոր է նաև տեղի ունենա մարդկանց մերկացնելու միջոցով՝ ըստ հիվանդության տեսակի, անհրաժեշտության։ Այս դեպքում ոտնահարվում է նախ մարդու արժանապատվության իրավունքը, որը անձի անքակտելի իրավունքն է, իսկ ԿԽՄԿ-ի մեքենաները, որը տվյալ կազմակերպության մասնավոր տարածքն է, այնտեղով տեղափոխվող որևէ մեկին ենթարկել զննության, նշանակում է միայն հարված է միջազգային իրավունքին գլոբալ առումով, այլ նաև անմիջապես ԿԽՄԿ-ին»։

Բացի Արցախի բնակիչներին հոգեբանական ահաբեկության ենթարկելուն, Բաքուն ուզում է ցույց տալ, որ ոչ մի կերպ չի ճանաչում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իրավական մանդատը՝ ասում է իրավաբանը՝ կանխատեսելով ավելի լուրջ խնդիրներ ապագայում։

«Չմոռանանք, որ այսօր մոտավորապես 100 ռազմագերի ունենք Ադրբեջանում, որոնց հետ կապը պահվում է բացառապես ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի միջոցով։ Եթե Հակարի կամրջով անցնելու ընթացքում կատարվող գործողությունները Կարմիր խաչը շարունակի հանդուրժել ու կոշտ պատասխան չտալ, կամ միջազգային այնպիսի կազմակերպություններ չլինեն, որ իրավասու են Ադրբեջանի նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկել, ցավալիորեն պետք է կանխատեսենք նաև, որ մեր ռազմագերիների հետ կապը Կարմիր խաչը չկարողանա ապահովել , որովհետև նույն Ադրբեջանը եթե այստեղ չի ճանաչում, այնտեղ նույնպես կարող է չճանաչել այդ կոմիտեի իրավական մանդատը և մենք կկանգնեք լրջագույն խնդրի առաջ»։

Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակը նույն պատասխանն է տվել։ Կոմիտեն ունի զուտ մարդասիրական նշանակություն՝ ասում է հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

«Կարող եմ ասել, որ ընթացակարգի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում ու համաձայնեցվում են բոլոր որոշում կայացնողների հետ։ Լաչինի միջանցքով իրականացրած մեր գործունեությունը, աշխատանքը կրում է զուտ մարդասիրական բնույթ»։

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով, ներառյալ՝ Ակնան:

«Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին՝ վերսկսել իր կարևորագույն մարդասիրական գործողություններն այդ տարածքում։ Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները և մանկական սնունդը: Իսկ մրգերը, բանջարեղենը և հացը դառնում են ավելի սակավ և թանկ, որոշ այլ սննդամթերքներ էլ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկային մշակաբույսերը, ձուկը և հավը, մատչելի չեն: Կարմիր խաչից հիշեցրել են, որ կազմակերպությանը վերջին անգամ թույլատրվել է բժշկական նշանակության և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխել մի քանի շաբաթ առաջ»։

Երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն 40 օր է Արցախ ոչինչ չի ներկրվում, սննդի մեծ սղություն կա, մահերի թիվն աճել է, կրկնապատկվել են չծնված երեխաների մահացության և բարդույթներով ծնունդների դեպքերը։

Այս ամենին զուգահեռ հանրապետությունում գործող միակ մարդասիրական կազմակերպությունը չի կարողանում թշնամու հետ համաձայնեցնել ու առաջին անհրաժեշտության պարագաներ ներկրել՝ մարդկանց մահից, սովից փրկելու համար։

Last modified on Երեքշաբթի, 25 Հուլիսի 2023 14:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ