Երեկ արցախցի ակտիվիստները փակել են Իվանյանում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի մուտքը, իսկ այսօր առավոտյան խաղաղապահները ուժով հրել են մեքենան ու բացել այն։ Ճանապարհ բացելու փորձ ձեռք բերած խաղաղապահներն արդեն 248 օր է չեն կարողանում բացել իրենց վերահսկողության տակ եղած Քաշաթաղի միջանցքը։ Իվանյանի օդանավակայանի մոտ ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանը ներկաներին կոչ է արել հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Ի՞նչ քայլեր են պատրաստվում անել ակտիվիստները և ինչպե՞ս են փորձագետները գնահատում ՌԴ խաղաղապահների ու ակտիվիստների գործողությունները, լսենք Անի Աբաղյանի ռեպորտաժում։
Արցախցի մի խումբ ակտիվիստներ երեկ երեկոյան հավաքվել են ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում՝ մեքենայով փակելով ռազմաբազայի մուտքը։ «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ուղիղ եթերով ցույց է տվել, թե ինչպես են խաղաղապահները փորձում բացել մուքտը։
«Հիմա ռուսական խաղաղապահները սպառնում են մեքենայի մեջ նստած խաղաղ բնակչին՝ զրահափոխադրիչով, նրանք ասում են, որ եթե մի կողմ չքաշվեմ մեքենայով կանցնեն»։
Օսիպյանն «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշել է, որ ռազմակայանի մուտքը փակել են Քաշաթաղի միջանցքը ապաարգելափակելու պահանջով։
«ՌԴ ներկայացուցիչները մեզ չեն ընդունել։ Մենք ամսի 5-ին նամակ ենք հղել իրենց, ամսի 6-ն ստացել պատասխան։ Այդ պատասխանը այնքան անհեթեթ էր, որ մենք երեկ փակել էինք մայրուղին, իսկ այսօր գլխավոր մուտքերից մեկը դեպի ռազմաբազա՝ այդպիսով ցույց տվել մեր դժգոհությունը»։
Խաղաղապահների՝ ակտիվիստների մեքենան մի քանի հոգով բռնելն ու մուտքից հեռացնելու քայլը Օսիպյանի խոսքով՝ «սիրուն չէր»։ Ակտիվիստներն այսօր հանրահավաք կանեն Ստեփանակերտում` հետագա պլանները քննարկելու նպատակով։
Ազգային շահի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ ՌԴ խաղաղապահները իրենց առջև դրված խնդիրն են լուծում՝ փորձելով տնօրինել ժամանակավորապես իրենց տրված տարածքն ու ապահովել սեփական անվտանգությունը։
«Եթե որևէ տարածք, որևէ մուտք կարգելափակվի ի հեճուկս նրանց կարիքների, այդ տարածքն ու այդ մուտքերը ամենաբիրտ մեթոդներով կազատեն նրանք։ Այստեղ մի հարց կա․ հայկական կողմը ինչու է երևակայական, պատրանքային ակնկալիքներին իրականության տեղ դնում։ Նրանք ամենևին էլ խաղաղապահներ չեն, այլ օկուպացիոն ուժեր են, որոնք տեղակայված են այդտեղ բացառապես ՌԴ ռազմաքաղաքական հետաքրքրությունները առաջ քաշելու համար»։
Նրանք խաղաղապահներ չեն, այլ ՌԴ զինված ուժեր, որոնք սպասարկում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը տարածքում և եթե այդ շահերի ու հետաքրքրությունների շրջանակում պետք է նրանք զիջեն Փառուխն ու արգելափակեն Քաշաթաղի միջանցքը, կանեն դա՝ ասում է Սիմոնյանը։
«Անգամ ես վախենամ եթե նրանց ռազմաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները համընկնեն Ադրբեջանի հետ և բիրտ ուժ գործադրելու համատեքստում նույն որոշումը կայացնեն, ապա նրանք բիրտ ուժ կկիրառեն Արցախի ժողովրդի հանդեպ։ Այնպես որ հավասարարժեք պետք է գնահատվեն երևույթները։ Մենք պետք է պատրանքներից անդին նայենք ու հասկանանք նրանց իրական գործառույթը, էությունը տարածաշրջանում»։
Արցախցի ակտիվիստների քայլը որպես բողոքի ակցիա կարող է արտահայտվել, բայց էական նշանակություն ու խնդրի լուծում տալու հարցում դեր ունենալ չեն կարող՝ կարծում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին ՌԴ խաղաղապահների անգործությունը քննարկելուն՝ քաղաքագետ կարծում է, որ եթե այնտեղ լինեն անգամ այլազգի խաղաղապահներ, իրավիճակը չի փոխվելու, քանի մենք մեր դիրքորոշումը չենք փոխել ընդհանուր երևույթի նկատմամբ, այսինքն՝ մեր անվտանգությունը մեզնից բացի ուրիշին վստահելու մասին է խոսքը։
«Աշխարհում չի եղել գոնե մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվի իր սեփական շահերից, բայց այդ շահերը մեկ ուրիշը փորձի սպասարկել։ Սա Արցախի խնդիրը չէ միայն, այլ հայկական պետականության խնդիրն է։ Սա նաև ցույց է տալիս մեր վերաբերմունքն այն իրականությանը, որն ստեղծվել է։ Մենք փորձում ենք հրաժարվել մեր խնդրից ու այն դիտարկել որպես ՄԱԿ ԱԽ-ի խնդիր, Ռուսաստանի խնդիր, արևմուտքի խնդիր։ Այդպես չի լինում։ Խնդիրը միայն մեր մեջ է»։
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը խաղաղապահների հարցով հասցեական հայտարարություններ պետք է անի՝ նշում է փորձագետ Սիմոնյանն ու հույս հայտնում, որ նա խնդրանք կներկայացնի ՄԱԿ-ին` միջազգային մոնիթորինգային կամ խաղաղապահական առաքելություն Արցախ ուղարկելու համար։
«Համարում եմ, որ ժամանակն է կոնկտրետ գործողությունների դիմել, այլապես մեր մասին կբանակցեն այլոց հետ և մեր վերաբերյալ քաղաքականություն կծավալվի տարածաշրջանում։ Մենք պետք է ինքներս կարողանանք ակտիվ գործող դերակատար դառնալ տարածաշրջանում»։
Մենք պայքարի ուղու վրա ենք կանգնած և բնակչությանը պետք է ինքնապաշտպանության պատրաստել՝ ընդծում է Գուրգեն Սիմոնյանը։
Սեփական անվտանգությունը և շահերը` դիվանագիտական, տնտեսական, թե այլ առումներով, միայն մենք ինքներս կարող ենք պաշտպանել։