Նոյեմբերի 25, 2024

Շրջափակման առաջացրած խնդիրների քննարկումը մամուլի արտակարգ ասուլիսի ժամանակ

By Անի Աբաղյան Օգոստոսի 18, 2023

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեղել հեռուստակամուրջ միջազգային անկախ փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, որին մասնակցում էին նաև Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Առցանց տեսակամուրջի ժամանակ քննարկվել են շրջափակման առաջացրած ու ցեղասպանության առջև կանգնած բնակիչների խնդիրները։ «Արցախ» լրատվականն առանձնացրել է հիմնական շեշտադրումները։

Շրջափակման 249-րդ օրը կազմակերպվել է մամուլի արտակարգ ասուլիս` Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ։ Բանախոսներից` միջազգային անկախ փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս մեկ անգամ արձանագրելով ստեղծված իրավիճակի լրջությունը, նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները չպետք է պատճառ դառնան Արցախում ստեղծված իրավիճակն անտեսելու և ցեղասպանություն թույլ տալու համար։

«Հայերը չեն կարող Ուկրաինական հակամարտության զոհը դառնալ: Այդ պատճառով է, որ ես շատ ուրախ եմ, որ նախագահ Բայդենը 2021 թվականին ճանաչեց 1915 թվականի ցեղասպանությունը: Այժմ, ես կարծում եմ, որ բոլորիս համատեղ խնդիրն է կանխարգելել նոր ցեղասպանությունը: Եւ ես պատրաստ եմ պատասխանել իմ փորձագիտական կարծիքի հետ կապված ցանկացած հարցի: Ես չեմ ներկայացնում որևէ մեկին, այլ խոսում եմ պարզապես որպես անկախ փորձագետ, ով իր աջակցությունն է տալիս այս կոնկրետ վերլուծությամբ»։

Ադրբեջանը գիտակցաբար ընտրել է մարդկանց սովի մատնելու մեթոդը նպատակներին հասնելու համար՝ ասում է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նախարարի կարծիքով՝ Ադրբեջանին կարող են զսպել միայն միջազգային հանրության ճնշումները։

«Ինչպես Արցախի ՄԻՊ-ն է հայտնել՝ Արցախում արդեն սովամահության դեպք է գրանցվել։ Ցավոք սրտի այս վտանգը գնալով ավելի է լրջանալու՝ հաշվի առնելով մեր շատ սահմանափակ կարողությունները։ Միևնույն ժամանակ նշենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցրել կենսագործունեության համար կարևոր բոլոր ոլորտների վրա՝ առողջապահության ոլորտից մինչև
գյուղատնտեսություն»։

Ողջունելով ՄԱԿ ԱԽ-ի նիստի անդամների հասցեական ելույթները՝ նախարար Ղազարյանը անդրադարձել է նաև այն ելույթներին, որոնց ժամանակ Ակնայի ճանապարհը նույնացվել է Քաշաթաղի միջանցքին։

«Փորձեր են կատարվել հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, ինչը անթույլատրելի է ու չի համապատասխանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության նախատեսված Լաչինի միջանցքի կարգավիճակին։ Նշենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում այս արտահերթ նիստի գումարումը միայն մեկնարկն է և այս գործընթացը շարունակվելու է»։

Արցախի շրջափակումը համակարգված եղանակով իրականացվող գործողություններ են, որոնց նպատակն Արցախի ժողովրդին ոչնչացնելն է։ Իր ելույթում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս մասին բազմիցս բարձրաձայնվել է ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացրած զեկույցներում։ Գեղամ Ստեփանյանը խոսել է նաև ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցչի ելույթից, որում ասվում է թե չի կարող հասցեական կարծիք արտահայտել, քանի որ ներկայություն չունի Արցախում։ Հարց է առաջանում՝ ինչու՞.


«ՄԱԿ-ը, որ աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանման կարևոր գործառույթ ունի, 8 ամիս հետո Արցախում որևէ ներկայություն չունի և Օչան հիմնվում է միայն ԿԽՄԿ-ի տված տեղեկատվության վրա։ Սա նաև այդ կառույցի ձախողման ու իր առաքելությունը չկատարելու հետևանք է։ Կարծում եմ, որ այս ցեղասպանությունը կանխելու համար, պետք է օր առաջ միջազգային համապատասխան ներկայություն ապահովել Արցախում, ինչն էլ պետք է զսպիչ դեր կատարի Ադրբեջանի կողմից տարվող այս հանցավոր գործողությունները կանխելու համար»։

Առցանց հանդիպմանը մասնակցում էր նաև Շուշիից բռնատեղահանված Ալվինա ներսիսյանը։ 2020 թվականի պատերազմից հետո հիմնական մտածմունքը Շուշիից ինչպես հեռու ապրելն ու հետպատերազմյան իրավիճակը հաղթահարելն էր։ Բայց այսօր նրանք մտածում են երեխաների համար հաց գտնելու մասին։

«Ամեն օր երեխաների համար սովարական հաց գտնելը հոգալ ու վստահ չլինել, որ կգտնես սարսափելի երևույթ է, ես ձեզ վստահեցնում եմ։ Մեր երեխաները արժանի չեն այս իրականությանը և արժանի չեն այն վերաբերմունքին, որին մենք բոլորս ականատես ենք այստեղ»։

Մի օր` հացի, մի օր` կաթի, մեկ այլ օր` անհրաժեշտ այլ ապրանքի փնտրտուքն Արցախում ապրողներին մեծ սթրեսի է ենթարկում։ Մի շարք իրավունքների կողքին այստեղ խախտված է նաև մարդկանց արժանապատիվ ապրելու իրավունքը։

Ասուլիսի մեկնարկից րոպեներ առաջ` Ադրբեջանը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի ֆիքսված համացանցը։ Ասուլիսին մասնակցում էր 130 լրագրող` 27 երկրից։

Last modified on Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 17:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ