Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ Գորիսում է։ Արդեն 4 օր է, ինչ Հելենի հարազատները սպասում են թույլատվության։ Ո՞վ և ինչպե՞ս կարող է օգնել Հելենի աճյունն Արցախ բերելու հարցում. այս հարցերի պատասխաններն աղջկա հարազատներին նախ բերել են ԿԽՄԿ-ի ստեփանակերտյան գրասենյակի դիմաց, ապա՝ Իվանյան՝ ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման վայր։ Լսենք Մարգարիտա Ղուշունցի ռեպորտաժը։
Հելենի աճյունն Արցախ տեղափոխելու և հասցեական հայտարարությունների պահանջով մի խումբ քաղաքացիներ երեկ փակել էր Երևանում ԿԽՄԿ-ի գրասենյակի մուտքը։ Այսօր էլ՝ ԿԽՄԿ-ի ստեփանակերտյան գրասենյակի մոտ հավաքվել էին Հելենի հարազատներն ու համաքաղաքացիները։ Գույժն իմանալուց հետո Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը, դիմել է Կարմիր խաչին, ասում է՝ դրական պատասխանի ակնկալիքով։
«Հաստատ հասկանալով, որ Կարմիր խաչը միջազգային, մարդասիրական կազմակերպություն է, որը պարտավոր է բավարարել շարքային քաղաքացու պահանջները , առավել ևս՝ օգնել ինձ նման մարդկանց՝ հայրենի հողին հանձնել սեփական երեխայի աճյունը, դիմել եմ ԿԽՄԿ-ին»։
Ալվարդ Սաֆարյանի խոսքով՝ սկզբում դրական պատասխան է ստացել։ Սակայն, ժամանակի ընթացքում այն ենթարկվել է փոփոխության։
«Բանավոր գործարքը կատարված է և տրված է Ադրբեջանի կողմից դրական պատասխան։ Այսինքն՝ ես պատրաստվեմ, ուրբաթ առավոտյան Կարմիր խաչի ուղեկցությամբ, ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն հասնել Գորիս, այնտեղից բերելու աղջկաս աճյունը։ Սակայն հինգշաբթի ուշ երեկոյան, ինձ զանգեցին և տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը մերժում է տվել»։
Այսօր այստեղ էր, պահանջ-խնդրանքով։ Թե ինչու է Ադրբեջանը մերժել, Ալվարդ Սաֆարյանն չի հասկանում, ասյտեղ է հիմնավոր պատասխան ստանալու համար։
«Աղաչում եմ, պահանջում՝ գրավոր մերժման տարբերակը ցույց տալ և ասել պատճառները, ինչու՞ են հայտը մերժել։ Ես մայր եմ, ով ցանկություն ունի կենսաբանորեն, մտավոր, հոգեբանորեն իմ ազգի, հավատքին հավատարիմ ստանալ իմ երեխայի մարմինը՝ հուղարկավորելու։ Ես ուրիշ պահանջ չունեմ»։
Այն, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Հելենի աճյունն Արցախ տեղափոխել, երեկ հաստատել է նաև ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։ «Որոշում կայացնելը մեր ձեռքում չէ»՝ լրագրողների հետ զրույցում ասել է նա, նշելով՝
«Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության մանրամասները հրապարակել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ Կարմիր խաչի կազմակերպությունը պատրաստակամ է մարդասիրական գործողություններ կատարելու: Լաչինի միջանցքով տեղափոխումներն իրականացնում ենք՝ բոլոր առումներով, որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ: Եթե կա համաձայնությունը, մենք կատարում ենք գործողություն, բայց որոշում կայացնելը մեր ձեռքում չէ: Մենք կարող ենք փորձել՝ հորդորել, երկխոսություն վարել կողմերի հետ, սակայն որոշումն, ի վերջո, կայացնում են կողմերը, ոչ թե մենք»։
Շրջափակման 8 ամսվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանում մահացած արցախցիների մարմինների տեղափոխմանը կամ հակառակ գործընթացին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լիահույս է, որ ԿԽՄԿ-ը հավատարիմ կմնա իր առաքելությանը և կկարողանա տվյալ անձի ընտանեկան իրավունքի ու հումանիտար խնդրի կարգավորումն ապահովել։
«Ադրբեջանի ղեկավարության մոտ գործում է այն ռազմավարությունը, որ ճնշել որքան հնարավոր է բոլոր գործիքներով: Եվ կիրառել ամբողջ գործիքակազմը, որպեսզի գնալ ինտեգրացման օրակարգով կամ ուղղակի գնալ ու հեռանալ Արցախից»:
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Հելեն Դադայանի աճյունի տեղափոխումն ընտանիքի իրավունքն է, որն ամրագրված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Այդ իրավունքի կատարումն ապահովելու համար արդեն դիմել են ՄԻԵԴ։ ՀՀ դիմումը երեկ երեկոյան ուղարկել է ՄԻԵԴ՝ կոնկրետ այս հարցի վերաբերյալ, որն Ադրբեջանին ևս կստիպի զերծ մնալ ապակառուցողական դիրքորոշումից և թույլ տալ, որպեսզի կարողանան մարմինը տեղափոխել Արցախ և ըստ պատշաճի իրականացնել հուղարկավորությունը՝ ասում է:
ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ պատասխանի սպասող քաղաքացիներին է միացել պետական նախարար՝ Գուրգեն Ներիսիսյանը: Գրասենյակի պատասխանատուների հետ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո, ծնողները որոշել են պետնախարարի ուղեկցությամբ մեկնել ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման վայր՝ աճյունը տեղափոխելու հարցում աջակցության խնդրանքով: Ալվարդ Սաֆարյանի խոսքով՝ դիմելու են ցանկացած մարդու, կառույցի, գործին ընթացք տալու համար։ Միևնույն ժամանակ չեն դադարում հույսով սպասել՝ ԿԽՄԿ-ի դրական պատասխանին։
Այս հարցին թվիթերյան գրառմամբ անդրադարձ էլ նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանը։
«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ նրա մարմինը վերադարձնել հայրենիք՝ հուղարկավորման նպատակով: Անգամ ԿԽՄԿ-ի միջոցով: Այժմ Հելենի մարմինը «սպասում է»։
Հրաշալի թիմակից, փայլուն մտավոր ու մարդկային կարողություններով օժտված մարդ, Հելենին այսպես են բնութագրում նրան ճանաչողները։ «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող էր, «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում էր սովորում, միաժամանակ ամբիոնի վարիչի օգնականն էր։ Նման ուսանողի կորուստը մեծ ցավ է բոլորի համար,ասում է համալսարանի հանրային կապեր և մարքեթինգի բաժնի ղեկավա Էդգար Ամիրխանյան։ Մեծ ծրագրեր ու հույսեր մնացին անկատար՝ ասում է։
«Նա անչափ զուսպ, համեստ, բայց չափից ավել խելացի ուսանող և արդեն վաղուց գործընկեր էր Հելենը։ Փայլուն գիտելիքների ու առաջադիմության շնորհիվ հնարավորություն էր ունեցել ուսանել Եվրոպայում։ «Օհանյան» կրթաթոշակիր էր։ Միշտ եղել է լավագույն ուսանողների շարքում։ Բոլորը գիտեն, թե ինչքան օգնակամ էր, ինչքան կամեցող, բազմաթիվ ծրագրերի էր մասնակցում, բուհը բազմաթիվ պլաններ ուներ Հելենի հետ կապված։ Այս նորությունը մեզ համար ամենացավալին էր, ամեն րոպե հավատում էինք, որ շփոթմունք է, չէինք ուզում հավատալ»։
Հելենն սպասում էր ճանապարհի վերաբացմանը, ասում էր, որ մի օր բոլորին տանելու է Արցախ, հայրենի քաղաք Ճարտարով շրջելու։ Ցավոք անկատար մնաց նաև այդ ցանկությունը, ասում է Էդգար Ամիրխանյանը։ Արևմտյան Հայաստան գնալու մասին, միշտ էր, խոսում, հատկապես, երբ փակվեց ճանապարհը, ասում էր՝ «եթե այդտեղ չեմ կարողանում գալ՝ ուրեմն կգնամ մեր մյուս հայրենիքը»։ Բայց երբ և ինչպես պիտի գնար ծնողներին չէր ասել։ Վերջին հաղորդագրությունը, որ ստացել է Հելենից, ավտովթարից րոպեներ առաջ էր, ասում է մայրը։ Գրել էր՝ «Մամ․․․» երևի ուզում էր տեղեկացնել, որ արդեն գնացել ու հետ է գալիս։